Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԱԶԳ ԵՆՔ

Հունիս 27,1998 19:21
Vasak Darbinyan

Մեզ հանճարներն են ղեկավարում

«Մեր ժողովուրդն այնքան տաղանդավոր ներկայացուցիչներ ունի, իսկ պաշտոններն այնքան քիչ են, որ դուք միշտ էլ կկարողանաք ասել, թե արժանի մարդիկ դուրս են մնացել»։

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ նախագահ, «ՀՀ», 23 հունիսի

Ահա այս պատճառով էլ մեզ հանճարներն են ղեկավարում, ոչ թե շարքային տաղանդները։ Իսկ հանճարների թիվը, ինչպես հայտնի է, ուղիղ համեմատական է եղած պաշտոնների քանակին։

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

«Պետական ավիաուղիները երբեւէ ավելի արդյունավետ չեն աշխատելու, քան սեփականացնելու դեպքում»։

ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ, «Ազգ», 25 հունիսի

Իսկը՝ սեփականաշնորհված բոլոր ձեռնարկությունների նման, որոնց արդյունավետ աշխատանքի շնորհիվ Հայաստանն աշխարհի ամենաաղքատ 50 երկրներից մեկն է։

ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՄԱՆ

«Երեւանը նորմալ, հավասարաչափ զարգացում չի կարող ունենալ, եթե, ասենք, Նուբարաշենն ու օպերայի տարածքը միմյանց հետ չեն կարող ընդհանրապես մրցել։ Մեկը կազինոներով սրընթաց վերելք կապրի, մյուսը՝ կմնա իր ամենօրյա խնդիր ու հոգսի մեջ»։

ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Երեւանի քաղաքապետ, «ՀՀ», 26 հունիսի

Երեւանի հավասարաչափ զարգացումն ապահովելու նպատակով Նուբարաշենում կբացվի օպերային թատրոն կամ, ծայրահեղ դեպքում, կբազմանան կազինոները, իսկ օպերային թատրոնի մերձակայքում կհիմնվի թռչնաբուծարան կամ, ասենք, ուղղիչ-աշխատանքային հիմնարկություն։

«ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ-2»

«Անհրաժեշտ է երկրի հանդեպ ձեւավորել վստահություն։ Մարդիկ պետք է հավատան մեր օրենքներին։ Դա շատ հեշտ է իրականացնել։ Մի երկու պաշտոնյայի խստորեն կպատժենք, որն արդեն սկսել ենք, մնացածները կհասկանան։ Չինովնիկներին կարելի է դաստիարակել»։

ԷԴՎԱՐԴ ՍԱՆԴՈՅԱՆ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար, «Հայոց աշխարհ», 24 հունիսի

Ենթադրվում է, որ այս ասելուց առաջ պրն Սանդոյանը ցուցումներ է տվել իր ստորադասներին՝ պատժել որեւէ պաշտոնյայի։
-Որի՞ն պատժենք,և հարցրել են նրան։
-Որը պատահի:
Պաշտոնյաներն այժմ ահուդողով սպասում են իրադարձությունների հետագա զարգացմանը՝ հանրահայտ ֆիլմի սցենարի նմանությամբ։

ԵՐԱԶՈՒՄՍ ՄԻ ՄԱՔԻ

ՄՈՏՍ ԵԿԱՎ ՀԱՐՑՄՈՒՆՔԻ.

«ԱՍՏՎԱԾ ՊԱՀԻ ՔՈ ՁԱԳԻՆ,

Ո՞ՆՑ ԷՐ ՀԱՄԸ ԿԱՇԱՌՔԻ»։

«Կաշառքին սովորեցնելու ձեւ էլ կա, չէ՞։ Առաջին անգամ տուն միրգ են բերում, հետո ոչխար, հետո կահույք… այդպես կամաց-կամաց սովորեցնում են։ Եթե մարդ չի կարող իր աշխատավարձով երեխայի համար մի գրասեղան առնել եւ իրեն նվիրում են՝ դա կաշա՞ռք է, թե՞ նվեր։ Իրոք, նվեր է։ Հետո էլ այդպես գնում է, ու դառնում կաշառք»։

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ ՀՀՇ վարչության նախագահ, «Առավոտ», 19 հունիսի

Մրգի, կահույքի, մնացած բոլոր բաների հարցը հեշտ է։ Ոչխարի հարցն էլ է հեշտ, եթե մորթած են բերում։ Բայց պատահում է՝ բերում են կենդանի ոչխար, որի ներկայությանը սովորելն իրոք որ դժվար է։ Կերակրել է պետք, ջուր տալ, խուզել…
Հետո էլ, ճիշտ ասած, մի տեսակ ձեռդ չի գնում մորթել անասունին։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930