Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնակի պատասխանատվություն

Հունիս 27,1998 19:15

«Ավելի լավ է լինել ճանճի գլուխ, քան փղի հետույք», – ասում էին հին հնդկացի իմաստունները: Վիճելի միտք է. մի կողմից, իհարկե, փղի սխալ գործողությունների դեպքում կարող է նաեւ հետույքը տուժել, մյուս կողմից՝ կենդանու ճիշտ թե սխալ գործողությունների համար մարմնի այդ մասը կրում է մասնակի պատասխանատվություն: Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում իշխանության եկած կուսակցությունները: Քանի որ այդ կուսակցությունների քանակը բավականին մեծ է, ապա մասնակի պատասխանատվությունն էլ, բնական է, տրոհվում է մանր-մունր պատառների, ինչպես խորոված «իքիբիրը»:

ԱԻՄ-ը, օրինակ, պատասխանատու է միայն դատաիրավական բարեփոխումների համար, Դաշնակցությանը դուր է գալիս մեր արտաքին քաղաքականությունը եւ, մասնավորապես, «ցեղասպանական» գործընթացը, ԳիԱրՔՄի-ն եւ ՍԻՄ-ը պատասխանատու են «մաֆիոզ-կլանային ռեւանշիզմի» դեմ պայքարի ճակատում, երկրապահները «վիզ են առնում» խորհրդարանի որոշումների եւ երկու նախարարի գործունեության համար եւ այլն: Ի դեպ, հետաքրքիր է, որ ոչ ոք չի ուզում իր վրա վերցնել սոցիալ-տնտեսական ոլորտը՝ այստեղ բոլոր «մասնակի պատասխանատուները» ագրեսիվության այս կամ այն աստիճանով հարձակվում են ներկայիս կառավարության վրա:

Պատասխանատվություն չվերցնելը դարձել է կայուն քաղաքական ավանդույթ, քանի որ նախորդ «մասնակի պատասխանատուն»՝ ՀՀՇ-ն, անցած 7 տարվա ընթացքում այս առումով դրսեւորում էր չափազանց տարօրինակ եւ ծայրաստիճան անպատասխանատու վարքագիծ: Հաղթելով 90 թվականի խորհրդարանական ընտրություններում, ՀՀՇ-ականները հաջորդ իսկ պահին սկսեցին դժգոհել իրենց նշանակած վարչապետ Վազգեն Մանուկյանից եւ նրա կադրային քաղաքականությունից, որը հիմնված էր այսօր բոլորիս քաջ ծանոթ արհեստավարժության սկզբունքի վրա:

«Այս կառավարությունը մերը չէ, – ասուն էին ՀՀՇ-ականները,- այ, եթե մենք լինեինք, սարեր էինք շուռ տալու»: Քանի որ նախարարական, մարզպետական եւ մնացած «յուղոտ» պորտֆելների քանակը հարյուրապատիկ ավելի քիչ է, քան դրանց հավակնորդների թիվը, իշխող կուսակցությունում /առաջ/ կամ կուսակցություններում /հիմա/ միշտ էլ կգտնվեն «աբիժնիկ» մարդիկ ու մարդկանց խմբեր, որոնք կպնդեն, թե այս կառավարությունը իրենցը չէ: ՀՀՇ-ի դեպքում պատասխանատվություն չկրելու մարմաջն այն աստիճանի էր հասնում, որ ՀՀՇ վարչության անդամ Հրանտ Բագրատյանն էլ, պարզվում է, «իրենցը չէր»:

Այդ խոսակցություններին, բնականաբար, ոչ ոք չէր հավատում առաջ եւ չի հավատում հիմա: Սակայն եթե անցած 7 տարվա ընթացքում ժողովրդի դժգոհությունն ու անեծքները կենտրոնանում էին մեկ կազմակերպության վրա, ապա այսօր այդ բացասական հույզերը տարածվելու են ամբողջ «արդար-միասնական» երփներանգի վրա, որքան էլ նա ասի, թե իր պատասխանատվությունը «մասնակի» է: Հույզերը, ցավոք սրտի, մասնակի չեն լինում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930