Կամ հարցեր ուղղագրությունը փոխել-չփոխելու խնդրի վերաբերյալ
Համաշխարհային հանրության կողմից Հայաստանի հանրապետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչելու փաստը առաջ բերեց հայերենը եւ հայոց գիրը միջազգային տեղեկատվական համակարգում ներկայացնելու անհրաժեշտությունը։ Խնդրի լուծման նպատակով պետք էր ստեղծել հայերեն գրանշանների հավաքածու, որը հնարավորություն կընձեռեր տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում մուտքագրել, շտեմավորել եւ դրանցով փոխանցել հայերեն ցանկացած տեքստ՝ անկախ ուղղագրությունից։ Երկարատեւ գիտական բանավեճերից հետո 1997-ին հաստատվեցին հայկական գրանշանների հավաքածուի եւ տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում դրանց կոդավորման ստանդարտները։ Այդ նորմատիվ փաստաթղթերով սահմանվեց «Ււ» Վյուն-ի՝ որպես ինքնուրույն գրանշանի կիրառությունը, ինչպես նաեւ դրա կիրառումը «Ու ու» եւ «ԵՒ եւ» գրանշանների կազմության ժամանակ։
Սակայն ՀՀ-ում պաշտոնապես կիրառվող այբուբենում «Ււ»-ը բացակայում է։ Տպագիր մամուլում եւ հրատարակչական գործում գործածվում է նաեւ այդ այբուբենը (ձեռագիր լեզվահարաբերություններում երեւի թե բոլոր հայաստանահայերս ենք օգտվում դրանից)։ Առաջին դասարանցիները հայերեն են սովորում մի «Այբբենարանով», որտեղ կան «Եվ եւ», «Ու ու» տառերը։ Ստանդարտացված գրանշանների հավաքածուի եւ այբուբենի միջեւ հակասությունների վերացումը հավանաբար պահանջում է օրենսդրական լուծում։ Իրադարձությունները կարող են զարգանալ մի հունով, որը կարող է մի հարց առաջ բերել՝ այբուբենից «Եվ եւ» եւ «Ու ու» տառերի դուրս հանելը եւ «Ււ»-ի մուտքը ենթադրելո՞ւ է արդյոք դասական (արեւմտահայերեն) ուղղագրությանն անցնելը։ Թե՞ մնալու է նոր (արեւելահայերեն) ուղղագրությունը։
Հիշեցնենք, հաստատված գրանշանների հավաքածուն հնարավորություն է ընձեռում համակարգչի միջոցով մուտքագրել եւ փոխանցել ցանկացած հայերեն տեքստ՝ տառ անգամ չհեռանալով բնագրի ոգուց եւ ուղղագրությունից։ Դա էր պատճառը, որ տպագիր մամուլում եւ հրատարակչական գործում «Ււ» գրանշանը կիրառվում էր մեծամասամբ, ինչպես նաեւ «Եվ եւ» գրանշանը փաստորեն հանվել էր կիրառությունից՝ հիշյալ ստանդարտները հաստատելուց շատ առաջ։ Եվ եթե ստանդարտներով հաստատված գրանշանների հավաքածուն նույնությամբ ընդունվի որպես այբուբեն, ապա ինքնըստինքյան կստացվի այնպես, որ «Ււ» տառը այբուբենում փաստորեն կգրավի «Ու ու» տառի տեղը եւ ուղղագրությունը կփոխվի նույնքան մեխանիկորեն։ Այսինքն՝ կանցնենք արեւմտահայերենի ուղղագրությանը. կունենանք Հայաստանի Հանրապետութիւն, իսկոյն, միւս, թագաւորութիւն, հաւատ, հրաւեր, կանչուած, տուէք, նոյն, պատուանդան, կոյր, արիւն, ավանդուեցաւ, յաւիտեանս։ Ահա այսպես երեքեւկես միլիոն հայաստանահայերս կարող ենք դառնալ ուղղագրություն չիմացող։
Կարդացեք նաև
Արժե՞ արդյոք։ Ի՞նչ փաստարկներ կարող են բերել արեւմտահայերենի ուղղագրությանը անցնելու կողմնակիցները։ Առաջիններից մեկը հավանաբար կվերաբերի արմատներին՝ Մաշտոցյան այբուբենին վերադառնալուն։ Բայց Մաշտոցի ստեղծած այբուբենում բացակայում էին «Օօ»-ն եւ «Ֆֆ»-ն։ Միգուցե հրաժարվենք նաեւ ա՞յդ տառերից։ Կարելի է ենթադրել, որ արեւմտահայերենի ուղղագրությանն անցնելով՝ մենք կնպաստենք Սփյուռքում հայ լեզվամշակույթի պահպանմանն ու զարգացմանը եւ դրանով իսկ կարգելակենք Սփյուռքի հայերի ուծացումը։ Արդյոք այս խնդրի բարենպաստ լուծման համար այդքան կարեւո՞ր է, որ հայաստանահայերս գրենք ու կարդանք արեւմտահայերեն։ Ենթադրենք՝ կայացվեց «արմատներին» վերադառնալու որոշում։ Իսկ ո՞վ է մեզ սովորեցնելու արեւմտահայերեն, Սփյուռքից եկած մասնագետները՝ բոլոր այն հայաստանահայերիս, ովքեր ինչ-որ չափով մտնում են գրավոր լեզվահարաբերությունների մեջ (գրում ու կարդում են միմյանց գրածը)։
Պետք է փոփոխվեն եւ վերահրատարակվեն ուսումնական ձեռնարկները, պաշտոնական գրագրության համար անհրաժեշտ թղթաձեւերը (բլանկները), հիմնարկությունների անվանատախտակները եւ այլն եւ այլն։ Իսկ ո՞ւմ հաշվին։ Իհարկե՝ Հայաստանի Հանրապետության հարկատու քաղաքացիների։ Այդքանից հետո արդյոք ավելի ազդու կդառնա՞ն Սփյուռքի հայերի ինքնությունը պահպանելու ջանքերը։ Արդյոք միասնական ուղղագրության օգտագործումը կնպաստի՞ այն բանին, որ Սփյուռքում ավելի շատ գրեն ու կարդան հայերեն, հայկական նոր դպրոցներ բացվեն, հայրենիքը ավելի շատ հետաքրքրվի Սփյուռքի անցուդարձով եւ հակառակը։ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման եւ Սփյուռքում հայերի ինքնությունը պահպանելու հարցերի լուծումը երեւի թե կախված է շատ ավելի ազդեցիկ այլ գործոններից եւ պահանջում է լուծումներ գտնելու ու դրանք ի կատար ածելու գործողությունների այլ տարբերակներ, քան ուղղագրության միասնականացումն է։ Եվ գլխավորը՝ ամեն կերպ պետք է զգուշանալ Սփյուռքը Հայրենիքին (արեւելահայերենը՝ արեւմտահայերենին) հակադրելու վտանգից եւ ինքներս մեզ որեւէ բան պարտադրելու փորձերից։
ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ (կամ էլ ի՞նչ իմանաս, Սամուէլ Սարգսեան)