Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ ՈՐՈՆՈՂՆԵՐԸ

Հունիս 26,1998 00:00
Hovik Charxchyan

Միայն այն միտքը, որ օտարերկրացի ինչ-որ մեկի խելքին կարող է փչել ապաստան փնտրել հենց Հայաստանում, արդեն իսկ անսովոր է հնչում։ Մեր հոգսն ու հարյուր հազարավոր փախստականների ներկայությունը լիովին կբավարարեն մի ամբողջ տասնամյակ եւս խճճվել նրանց խնդիրներում։ Սակայն սոցիալական ապահովության նախարարության փախստականների եւ բնակչության տեղաշարժերի գլխավոր վարչությունը արձանագրում է փաստը. 67 օտարերկրացիներ, հիմնականում Մերձավոր Արեւելքի երկրներից (Իրաք, Իրան, Սիրիա, Պակիստան, Սուդան, Սոմալի եւ այլն) ինչ-ինչ ճանապարհներով հայտնվել են Հայաստանում՝ խնդրելով կեցության վայր եւ փախստականի կարգավիճակ։ Թիվն այնքան էլ մեծ չէ, բայց երեւույթն իր հետաքրքրական կողմերն էլ ունի։

Անհասկանալի է, թե ինչո՞ւ են հատկապես արաբները նախընտրում քրիստոնյա Հայաստանը։ Յուրաքանչյուրի պատմությանն առանձին-առանձին ծանոթանալն անգամ ընդհանրությունների քիչ հնարավորություն է տալիս։ Բոլոր դեպքերում, ասենք, որ գերազանցապես տղամարդիկ են, եւ քչերն են, որ միանշանակորեն ընտրել են հենց մեր երկիրը։ Հայաստան հեշտ մուտք գործելու հանգամանքը եւս անկարեւոր չէ։ Հիմնական նպատակն այստեղ աշխատանք գտնելն է կամ մեկ այլ երկիր արտագաղթելու համար Հայաստանն իբրեւ տրանզիտ օգտագործելը։ Ընդունված է իրենց որոշումը իբրեւ քաղաքական դրդապատճառ ներկայացնելու տարբերակը։ Հալածյալի կերպարը, լինի դա քաղաքական, էթնիկական, թե կրոնական նկարագրով, առաջին հերթին հնարավորություն է ընձեռելու ստանալ փախստականի կարգավիճակը, այնպես որ՝ խնդիրն այդ տեսանկյունից ներկայացնելը բոլոր առումներով շահավետ է։ Սակայն, եթե նրանք գիտենային, որ առայսօր միայն մի սուդանցու է հաջողվել ստանալ ակնկալվածը, հավանաբար այնքան էլ մեծ հույսեր չէին փայփայի։ Եթե նույնիսկ բիբլիական երկիր հասած օտարերկրացին ծայրից ծայր սերտել է միջազգային կոնվենցիան, միեւնույն է, կարգավիճակը հենց այնպես չի տրվում։

Փախստականների վարչությունը, նախ, դիմում է ԱԳ նախարարությանը՝ տվյալ երկրի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ տեղեկանքի պահանջով։ Նույնանման մի դիմում էլ արվում է ՄԱԿ-ի գրասենյակին, եւ երկուսի պատասխանները ստանալուց հետո միայն փորձում կողմնորոշվել։ Վերջին խոսքի իրավունքը վարչությանն է, սակայն քաղաքացին իրավունք ունի նաեւ բողոքարկելու։ Ի դեպ, դա անել այնքան էլ հեշտ չէ, առանձնապես Հայաստանում։ Բանն այն է, որ օրենքի բացակայությամբ պայմանավորված բողոքարկման արարողակարգ նույնպես գոյություն չունի։ Բայց անգամ այդ ծանրակշիռ հանգամանքը չի խանգարում հայերիս անհրաժեշտության դեպքում դիմել իմպրովիզացիայի։ Մեր պրակտիկան արդեն ունի նման օրինակ. երբ Սուդանի քաղաքացուն չտրվեց փախստականի կարգավիճակ, վերջինս նախ բողոքեց սոցապ նախարարին, իսկ այնուհետեւ դիմեց դատարան։

Մեր զրույցի ժամանակ փախստականների եւ բնակչության տեղաշարժերի գլխավոր վարչության պետ Մեխակ Գաբրիելյանը հետեւյալն ասաց. «Զարմանալի է, բայց փաստ, որ քաղաքական դրդապատճառներով Հայաստան են գալիս մեզ բարեկամ երկրից (այն հարցիս, թե խոսքն Իրանի մասին է, Մ. Գաբրիելյանը չպատասխանեց)։ Հետո պարզվում է, որ խնդիրը ոչ թե պետության հետ է, այլ անձնական, որը կարելի է հանգիստ քաղաքականի վերածել։ Իրաքի պարագայում, հասկանալի է, ուրիշ է։ Եկել են իրաքցիներ։ Բայց նրանք չեն ուզում մնալ Հայաստանում, այլ ցանկանում են մեկնել որեւէ արաբական երկիր։ Հիմա մենք ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հետ փորձում ենք գտնել այնպիսի երկիր, որ կընդունի այդ մարդկանց»։

Որքան էլ տարօրինակ է, այնուամենայնիվ, Հայաստանում դեռ քրդեր չկան։ Փոխարենը կան նրանցից ստացվող բազմաթիվ նամակներ՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքներով եւ դժգոհությամբ, թե ինչու իրենց չեն պատասխանում։ «Իսկ ինչո՞ւ չեք պատասխանում» հարցիս արձագանքը չափից ավելի անկեղծ էր. «Ի՞նչ պատասխանենք. մեր եղածների հարցերը չենք կարողանում լուծել։ Եվ դրանում բացարձակապես քաղաքական ենթատեքստ չկա. հնարավորությունների հարց է»։ Գուցե իսկապես հնարավորություններն են որոշում ամեն ինչ։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նվազագույնը 4 օտարերկրացիներ արդեն արտաքսվել են Հայաստանից։ Փախստականների վարչությունը դրա հետ քիչ առնչություն ունի. իր խնդիրը կարգավիճակ տալ-չտալն է։ Իսկ այնուհետեւ դրա մասին տեղյակ է պահվում ՆԳ մարմիններին։ Ընդ որում, կարգավիճակի բացակայությունը դեռեւս արտաքսվել չի նշանակում։ Այստեղ հասած քաղաքացիները կարող են «Օվիր»-ից կեցության կարգավիճակ ստանալ։ Կամ կարող են փող մուծել ու մնալ։ Սահմանափակում չկա, քանի դեռ չի առնչվում ազգային անվտանգության հետ եւ վտարման խնդիր չի դրված։ Այս բոլորը կարգավորվում է օտարերկրացիների կեցության մասին օրենքով։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրենք գործում է Հայաստանում, իսկ ահա Ռուսաստանը ցանկացած պահի կարող է վտարել «կովկասյան ազգության» ամբողջության մեջ ընդգրկվող մեր հայրենակիցներին՝ գրանցում չունենալու կամ երկրի քաղաքացի չլինելու մեղադրանքով՝ չհիշելով որեւէ օրենքի գոյության մասին։ Գուցե՞ մոտիկ արտասահմանում կամ, ինչպես հիմա են ասում, ԱՊՀ-ում միանգամայն այլ սկզբունքներով են առաջնորդվում։

Պարզվում է, որ այստեղ թե՛ ծավալներն են տարբեր, թե՛ պրոբլեմները։ Հայաստան ներգաղթածները հաշվվում են հազարներով։ Վերցնենք թեկուզ Աբխազիայից գաղթածներին։ Պաշտոնական տվյալների համաձայն, նրանց թիվը շուրջ 8000 է։ Իրականում եկածները շատ ավելին են։ Միայն թե աբխազահայերն այն եզակիներից էին, որոնք համեմատաբար քիչ հոգս պատճառեցին պետությանը։ Ցրվեցին ողջ հանրապետությունով մեկ՝ ապաստան գտնելով հարազատների, մերձավորների մոտ։ Նրանցից որեւէ մեկին փախստականի կարգավիճակ չտրվեց։ Հաջողվեց միայն ապահովել այն օժանդակություններով, որ տրվում են մյուսներին. ժամանակավոր կացարաններ, թոշակներ եւ այլն։

Շուրջ 3000 հայեր ներգաղթել են Միջին Ասիայի երկրներից (Ուզբեկստան, Տաջիկստան, Թուրքմենստան)։ Այստեղ վստահորեն կարելի է ասել, որ գաղթի պատճառները այդ երկրների անկայուն քաղաքական իրավիճակն էր եւ, բնականաբար, նրանց կյանքին սպառնացող վտանգը։ Սրանք եւս արժանացան աբխազահայերի ճակատագրին։ ԱՊՀ այլ երկրներից ներգաղթածների բազմաթիվ օրինակներ կարելի է թվարկել, որոնք, սակայն, որոշակի բարդությունների հետ են առնչվում։ Չեչնիայի օրինակը այս դեպքում խիստ բնորոշ է։ Դեռ պատերազմի սկզբից Չեչնիայում բնակվող բազմաթիվ հայեր հասան Հայաստան։ Բայց փախստականի կարգավիճակ ստանալ այդպես էլ չհաջողվեց։

«Մենք կարգավիճակ տալ չենք կարող, քանի որ Չեչնիան Ռուսաստանի մի մասն է, եւ նրանք իրենց կարող են հաջողությամբ ապահով զգալ Ռուսաստանի ցանկացած այլ կետում»,- ինձ բացատրեցին վարչությունում՝ ավելացնելով, որ իբրեւ տեղահանվածների՝ նրանց նույնպես օգնում են։ Ահա այսպիսի բարդ, հակասական իրավիճակ եւ այն էլ «Փախստականների մասին» ՀՀ օրենքի բացակայության պայմաններում։ Օրենքի նախագիծը վաղուց գրված, մշակված, պատրաստ է։ Անընդհատ օրակարգից օրակարգ, նիստից նիստ է տեղափոխվում։ Բազմազբաղ խորհրդարանականները առայժմ դրանով զբաղվելու ժամանակ չունեն։ Շուտով կմեկնեն արձակուրդ, այնպես որ, լավագույն դեպքում, նախագիծը վերստին ԱԺ կվերադառնա սեպտեմբերի երկրորդ կեսին (իհարկե, եթե նորից ներքաղաքական մթնոլորտը չփոփոխվի)։ Իսկ մինչ այդ թե՛ փախստականներին եւ թե՛ նրանց հոգսերով զբաղված պաշտոնյաներին ոչինչ չի մնում, քան շարունակել առաջնորդվել այն միջազգային կոնվենցիայով, որին Հայաստանը միացել է 1993 թվից։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930