Նախագահին առընթեր Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի դեռ առաջին նիստում էր Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր հիմնական մոտեցումները շարադրող այս փաստաթուղթը։ Հանձնաժողովի հետագա նիստերում էլ հիմնականում քննարկվել են նախագահի այս առաջարկները։ Պետք է ենթադրել, որ վերջնական տարբերակն էլ գրեթե նույնությամբ կկրկնի Քոչարյանի մտահղացումները, ուստիեւ արժե ծանոթանալ Սահմանադրության բարեփոխման քոչարյանական տարբերակին։
1. Խոսքը գնում է ոչ թե նոր Սահմանադրություն ընդունելու, այլ գործող Սահմանադրության մեջ մասնակի շտկումներ ու բարեփոխումներ կատարելու մասին։
2. Չի նախատեսվում որեւէ փոփոխություն, որն էականորեն կարող է առնչվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներին. դրանք չեն փոփոխվելու։
3. Փոփոխություններն ինքնանպատակ, հախուռն ու ավելորդ շտապողականությամբ իրականացվել չեն կրող։ Յուրաքանչյուր առաջարկություն պետք է համակողմանի քննության ու հիմնավորման առարկա դառնա։
Կարդացեք նաև
4. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների առնչությամբ պետք է, որ այդ իրավունքների ամրագրումից բացի, անհրաժեշտ ու բավարար ուշադրություն դարձնել դրանց իրացման երաշխիքների ու այդ առումով՝ պետության պարտականությունների հարցերին։ Որքանով որ հնարավոր է, պետք է այդ երաշխիքներն ու պարտականություններն ամրագրվեն Սահմանադրության մեջ։
5. Մենք պետք է լուծենք երկքաղաքացիության հիմնախնդիրը։ Ինչպե՞ս այն իրականացնել, ինչպիսի՞ լուծում տալ այդ հարցին. որքանո՞վ այն պետք է իր արտացոլումը գտնի Սահմանադրության մեջ եւ ի՞նչ չափով լուծվի քաղաքացիության մասին օրենքով։ Սրանք հարցեր են, որոնց վերաբերյալ հանձնաժողովը պետք է հիմնավոր առաջարկություններ ներկայացնի։
6. Ինչպես նշվել է նախընտրական ծրագրում եւ նախագահի երդման արարողության ժամանակ ունեցած ելույթում, սահմանադրական բարեփոխումները նախեւառաջ պետք է ուղղված լինեն իշխանության տարբեր ճյուղերի միջեւ հավասարակշռված փոխհարաբերությունների ստեղծմանը։
Անհրաժեշտ է.
ա) հստակեցնել նախագահ-կառավարություն փոխհարաբերությունները։ Դա կարող է իրականացվել նախագահի կողմից գործադիր իշխանության անմիջական ղեկավարման կամ գործող համակարգի հնարավոր հստակեցման ճանապարհով։ Մասնավորապես, վերափոխման անհրաժեշտություն ունի Սահմանադրության 86 հոդվածը։ Թերեւս, ճիշտ չէ, որ, որպես կանոն կառավարության նիստերը հրավիրում եւ վարում է հանրապետության նախագահը, ինչպես նաեւ նախագահը վավերացնում է կառավարության բոլոր որոշումները,
բ) հստակեցնել նախագահ-Ազգային ժողով փոխհարաբերությունները։ Այստեղ արմատական հարցերն առնչվում են Սահմանադրության 55 հոդվածի 3-րդ, 14-րդ կետերի եւ 84 հոդվածի հետ։ Քննարկման առարկա կարող են դառնալ. Ազգային ժողովն արձակելու նախագահի վերացական իրավասության վերացման կամ սահմանափակման հարցը (հստակեցնելով առիթը, այն բացառիկ իրավիճակները, երբ հիմնահարցի լուծումը նախագահը հասցեագրում է ժողովրդին) -պառլամենտի կողմից առանձին նախարարների անվստահություն հայտնելու հարցը, -մի շարք դեպքերում, որակյալ մեծամասնությամբ (2/3-ով) սահմանադրական (օրգանական) օրենք ընդունելու հնարավորության հարցը, -Ազգային ժողովի կողմից ընդունվող որոշումների շրջանակն ընդլայնելու հարցերը։ Միանշանակ է, որ պետք է բարձրացնել Ազգային ժողովի դերը. լիարժեք ու հավասարակշռված դարձնել նրա օրենսդիր եւ վերահսկիչ ֆունկցիաները,
գ) հստակեցնել գործադիր իշխանություն եւ դատական իշխանություն փոխհարաբերությունները։ Գլխավոր խնդիրն է՝ ապահովել դատական համակարգի անկախությունը, այս համակարգը դարձնել կենսունակ եւ զերծ պահել գործադիր իշխանության հնարավոր ազդեցություններից։ Մենք պարտավոր ենք դատական իշխանության նոր համակարգի ձեւավորման հիմքում դնել նաեւ Եվրախորհրդի կողմից առաջադրվող հիմնական սկզբունքները։ Թերեւս, վերանայման անհրաժեշտություն ունի արդարադատության խորհրդի ձեւավորման ու գործունեության կարգը։ Ընդհանրապես ամբողջ Սահմանադրության մեջ, ինչպես նաեւ առաջարկվող փոփոխությունները ներկայացնելիս, անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել գործառույթների, հակակշիռների ու զսպումների ճիշտ ներդաշնակման խնդրին, որը հնարավորություն կտա դինամիկայում ապահովել տարանջատված իշխանությունների գործառնական հավասարակշռությունը։
7. Նախագահի պարտականությունները ստանձնելու ժամանակ ունեցած ելույթում հատուկ կարեւորվեց նաեւ սահմանադրական բարեփոխումների շրջագծում սահմանադրական դատարանի գործունեությունը նոր մոտեցումներով կարգավորելու խնդիրը։ Անհրաժեշտ է, որպեսզի սահմանադրական դատարանն իրավասություն ունենա լուծելու նաեւ պետական իշխանության մարմինների միջեւ լիազորությունների սահմանադրականության հարցերով առաջացած վեճերը, ինչպես նաեւ նման վեճի առկայության դեպքում ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, կառավարության հարցումով մեկնաբանելու Սահմանադրությունը։
Մենք պետք է լուծենք քաղաքացիների սահմանադրական դատարան դիմելու հարցը։ Իրենց առնչվող կոնկրետ գործերով, երբ հարցը վերաբերում է նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությանը, անհրաժեշտ է, որպեսզի սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունենան նաեւ քաղաքացիները։ Վերացական վերահսկողության կարգով սահմանադրական դատարան դիմող սուբյեկտներ պետք է դառնան պառլամենտի, որքան հնարավոր է փոքր թվով պատգամավորներ, ընդհանուր իրավասության եւ օրենքով ստեղծված այլ դատարանները, կառավարությունը, տեղական ինքնակառավարման կոլեգիալ մարմինները, գլխավոր դատախազը եւ այլ սուբյեկտներ, որոնք, հաշվի առնելով միջազգային պրակտիկան, կարող են նպաստել սահմանադրական արդարադատության լիարժեք իրականացմանը։
8. Սահմանադրական բարեփոխումների ժամանակ անհրաժեշտ ուշադրություն պետք է դարձնել նաեւ գործող Սահմանադրության մեջ տեղ գտած որոշ խմբագրական թերությունների ու բացթողումների շտկման հարցերին, քննարկման առարկա դարձնել այդ առնչությամբ արվող առաջարկությունները։
9. Անհրաժեշտ է ուսումնասիրել նաեւ Գերագույն խորհրդի կողմից ստեղծված սահմանադրական հանձնաժողովի քննարկումների արդյունքներն ու արված առաջարկությունները։