«Արդարություն եւ միասնություն» համագործակցության շրջանակներում արգելված է օգտագործել երեք բառ։ Նիստերում դրանք երբեք չեն կիրառվում։ Առաջինը թափանցիկ բառն է, որը լայն շրջանառության մեջ դրվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրարշավի ժամանակ։ Երկրորդը արհեստավարժ բառն է, որն ավելի լայն շրջանառության մեջ դրեց վարչապետ Արմեն Դարբինյանը, իսկ երրորդն ընդհանրական շրջանառության մեջ գտնվող Վիգեն Խաչատրյան բառակապակցությունն է։
ԴԵՂՈՐԱՅՔԸ՝ ԽԱՂԱԼԻՔ
Երկու օր առաջ Գյումրիի նորակառույց Անի եւ Մուշ թաղամասերի հարեւանությամբ հայտնաբերվել է ֆրանսիական արտադրության հորմոնալ անոթալայնիչ եւ ցավազրկող դեղորայքի մի մեծ կույտ, որը դարձել է այդ թաղամասերի երեխաների համար զբաղվելու հիմնական միջոց։ Կույտի մեջ ժամկետանց դեղորայքից զատ հայտնաբերվել են նաեւ ժամկետային առումով պիտանի դեղորայք։ Այս պահին դեռեւս պարզ չէ, թե ում միջոցով եւ ինչ ճանապարհով է դեղորայքի այդ քանակությունը հայտնվել այդտեղ։ Շիրակի մարզային իշխանությունները պատասխանատվությունն իրենց վրա չվերցնելով, նման իրավիճակը համարում են հանցավոր։
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍԹ
Կարդացեք նաև
Երեկվա մեր թերթի առաջին էջի մակագրությամբ հայտնում էինք, որ Ավստրալիայում, թեժ շոգի պատճառով, ուշաթափվել էր մի զինվոր։ Քանի որ ընթերցողներից եւ նույնիսկ թերթի աշխատակիցներից ոչ մեկը չարձագանքեց այդ լուրին, պետք է արձանագրենք, որ հասանք մեր նպատակին՝ ապացուցելով հոգեբանական կարեւոր մի օրինաչափություն, երբ քո երկրում թեժ ամառ է, դու չես կարող պատկերացնել, թե որեւէ այլ տեղ վիճակն այլ է։ Հիշեցնենք, որ Հարավային կիսագնդում գտնվող Ավստրալիայում հիմա թեժ ձմեռ է, եւ հիշյալ զինվորը ուշաթափվել էր ցրտից։