Եթե հավատանք Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահին, հունիսի 25-ը պատմական նշանակության օր էր Հայաստանի նորօրյա պատմության մեջ, իսկ իրենց մասնակցությամբ հրավիրված սոցիալիստական կողմնորոշում ունեցող կուսակցությունների համատեղ խորհրդաժողովը՝ պատմական անհրաժեշտության միջոցառում։ Սա, իհարկե, նույն օրը տեղի ունեցած հավաքի ժամանակ արտահայտված ամենաարտառոց միտքը չէ։ Սակայն մինչեւ մեր սոցիալիստ գործիչների մտավոր գոհարները շարադրելը պարզաբանենք, թե ինչ էր կազմակերպված հավաքն ընդհանրապես։ Այսպես Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանը նախ հարկ համարեց ներկայացնել ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում հրավիրված միջոցառման նախագահությունում բազմածներին։
Նրանք ներկայացնում էին 4 կազմակերպություն։ Բացի ՀԱՄԿԿ-ից, նախագահությունում էին նաեւ «Աշխատավորական Հայաստան» եւ Մարքսիստական կուսակցությունների ներկայացուցիչները, որոնց եւ միացել էին ավանդատուների միության անդամներ։ Նրանց հերթով ներկայացնելուց հետո, Վազգեն Սաֆարյանը «նույն գործընթացով» անցավ դահլիճ։ Տրվեց մի 15-20 հոգու անուն, ասենք՝ Սիլվա Կապուտիկյան, Ազատ Եղիազարյան, Հերմինե Նաղդալյան, Ռազմիկ Մարտիրոսյան եւ այլք։ Որին լավ էին ճանաչում, շատ էին ծափ տալիս, որին քիչ էին ճանաչում՝ ընդհանրապես ծափ չէին տալիս։ Մի պահ տպավորություն ստեղծվեց, թե հերթով պետք է ներկայացվեն դահլիճում նստած բոլոր մարդիկ, ուստի, նրանք, ովքեր ցանկանում էին անհայտ մնալ, հենց սկզբից հեռացան։ Ասենք նաեւ, որ բազմաթիվ հեռագրեր էին ստացվել Մոսկվայից, որտեղից մեր հայրենակցուհի Լյուդմիլա Վարդազարովան, Ռուսաստան-Բելառուս միության գործադիր քարտուղարի տեղակալ Ռումյանցեւը եւ այլք ողջույնի խոսք էին հղել Հայաստանի ձախակենտրոն սոցիալիստներին։
Մեկ հատկանշական դետալ եւս. չնայած Վազգեն Սաֆարյանը Կոմկուսից հեռացավ բավականին թունդ վիճաբանություններով, որոնք, մեծ մասով, հասարակության փայ դարձան, այնուամենայնիվ, ձախակենտրոն ուժերի հրավերին արժանացել էր նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը։
Հիմա ամբողջապես ձախակենտրոն ուժերի հրավիրած խորհրդաժողովի բովանդակության մասին։ Եթե որեւէ մեկը մի պահ ուշանար ու չլսեր, թե ինչ նպատակով է հրավիրվում խորհրդաժողովը, այդպես էլ չէր հասկանա, թե մարդիկ ինչու են հավաքվել։ Ամբիոն բարձրանալու ցանկություն ունեցողների թվի պակաս չէր զգացվում։ Ակադեմիկոս Ղարիբջանյանն, ասենք, գովք արեց հնչակ կուսակցությանը։ Հետո էլ հարկ համարեց մի փաստաթուղթ ընթերցել, որն այդպես էլ ոչ ոք չլսեց։ Հետաքրքիր էր նաեւ կոմունիստական ժամանակներից «Լրաբերի» հեռուստաեթերից հայտնի քաղաքական մեկնաբան Ստեփան Ստեփանյանի ելույթը։ Նա իր ամբողջ ելույթը կառուցեց Չինաստանի մեծագույն զավակ, իր իսկ խոսքերով 20-րդ դարի երկրորդ կեսի մեծագույն իմաստուն Դեն Սյաո Պինի ասույթների հիման վրա։ Հայտարարվեց, թե նա երեք կարեւոր բան է ասել՝
Կարդացեք նաև
1. Հայրենիքը բոլորից բարձր է։
2. Մարդկության փրկությունը միայն սոցիալիզմն է։
3. Ը՜մմ։ Չեմ կարող ասել, որովհետեւ ընկեր Ստեփանյանը թվաբանությունից թույլ էր, ու այդպես էլ ասպարեզ չհանեց իր հավանած քաղաքական գործչի երրորդ հիմնական ասույթը։ Մինչդեռ՝ նա Լենինին արժանի մի քանի հայտարարություններ էլ արեց՝ ասենք, 20-րդ դարի մեծագույն իրադարձությունը Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունն էր։ Հետո նա Չինաստանից մեկ այլ օրինակ էլ բերեց։ Սոցուժերի ձախակողմյան բլոկում բոլորը պետք է համախմբվեն մեկ առանցքի՝ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսի շուրջ։ Ազնիվ խոսք, ընկեր Ստեփանյանն ասաց, թե այդպես է Չինաստանում։
Նրա այս առաջարկությունը ժամանակ առ ժամանակ կոշտ հանդիմանության արժանացավ։ Ոմանք հանդես էին գալիս որեւէ առանցք բացառելու դիրքերից։ Այս տեսակետի կողմնակիցների մեջ էր նաեւ դեմոկրատ Ազատ Եղիազարյանը, որը ներկայիս տնտեսական գործընթացները գնահատեց իբրեւ գռզոյականացում։ Հետո էլ ասաց, թե Սուքիասյան ընտանիքի դեմ ոչինչ չունի։
Հետաքրքիր էր նաեւ հայազգի մարքսիստների առաջնորդ Դավիթ Հակոբյանի ելույթը։ Նա ժամանակ առ ժամանակ հայերենից անցում էր կատարում դեպի ռուսերեն եւ հակառակ ուղղություններով՝ այդ ընթացքում հայտարարելով, թե «նամ նուժնա եդինայա կոսմոպոլիտիչեսկայա իդեոլոգիա», կամ էլ «դասական մարքսիզմը սպառել է իրեն»։ Երբ արդեն բոլոր ելույթներն ավարտվել էին, մեկը հանպատրաստից թռավ բեմ ու երկու կարեւոր հայտարարություն արեց՝ մեկ, որ ամբողջ Եվրոպան իր օրենքների հիմքում դրել է Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», եւ երկրորդ, որ աշխարհի խելոքներն ընդունել են՝ սոցիալիզմի միակ հիմքը հայկական ընտանիքն է։
Այսպիսի բաներ։ Իսկ ընդհանրապես, վերոնշյալ կուսակցությունները հավաքվել էին, որպեսզի հիմնեն ձախակենտրոն սոցիալիստամետ ուժերի դաշինք ու Հայաստանը մտցնեն Ռուսաստան-Բելառուս միության մեջ։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ