«Առավոտի» թղթակիցը հուլիս 10-ին աշխատանքն սկսելիք ՀՅ Դաշնակցության հայաստանյան կառույցի Գերագույն ժողովի նախընթաց շրջանի մասին հարցազրույց է անցկացրել ՀՅԴ ԳՄ անդամ Հրայր Կարապետյանի հետ։ Օգտվելով առիթից, զրույցի վերջում մեր թղթակիցը նրան հարց ուղղեց նաեւ կոնյակի գործարանի վաճառքի վերաբերյալ։
-Պարո՛ն Կարապետյան, կոնյակի գործարանի սեփականաշնորհման խնդրի շուրջ վերջին ամսվա ընթացքում բազմաթիվ կրքեր բորբոքվեցին։ Սակայն ՀՅԴ-ն այդ ամենին հետեւում էր ակադեմիական հանդարտությամբ, չարտահայտելով որեւէ տեսակետ։ Ո՞րն էր պատճառը՝ խնդիրը չէ՞իք կարեւորում, թե՞ կար այլ մոտեցում։
-Մեր կարծիքով, կոնյակի գործարանի սեփականաշնորհման խնդիրն արհեստականորեն շատ է ուռճացվել։ Այդ աղմուկի ու խնդրի ուռճացման հեղինակները հիմնականում նրանք են, ովքեր ժամանակին լռելյայն ու հեզասահ ընթացքով բազմաթիվ ձեռնարկություններ են սեփականաշնորհել՝ ազգային ունեցվածքի մի մասը։ Նկատի ունեմ բազմաթիվ ազգային արտադրություններ, տարբեր գործարաններ, ինչպես, ասենք, գինու գործարանը եւ այլն։ Հարկ է նշել, որ այն ժամանակ սեփականաշնորհումն իրականացվել է ծիծաղելի գներով։ Պետք է շեշտեմ, որ այս աղմուկը երկու նպատակ է հետապնդում։ Առաջին՝ քողածածկել այն ամենը, ինչ տեղի է ունեցել (նկատի ունեմ վերեւում նշվածը), ուշադրությունը շեղելով սեփականաշնորհման անվան տակ իրականացված այդ աղաղակող անարդարություններից եւ, երկրորդ՝ ժողովրդի դժգոհության սլաքն ուղղել դեպի նոր իշխանությունը։ Ես ավելի նպատակահարմար եմ համարում խնդրին ոչ թե տնտեսական, այլ քաղաքական տեսանկյունից անդրադառնալը, ինչը եւ արեցի վերեւում։
Իսկ տնտեսական առումով, միայն ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք արդարացված էր այս սեփականաշնորհումը, թե՝ ոչ։ Ի դեպ, ասեմ նաեւ, որ կոնյակի գործարանը սեփականաշնորհման ցանկի մեջ է մտցվել դեռեւս նախորդ իշխանությունների օրոք, ինչպես բազմաթիվ այլ ձեռնարկություններ։ Քաղաքական առումով մեր մոտեցումը սա է։
Կարդացեք նաև
Արմեն Զաքարյան