Շինարարությունը երկրի տնտեսական վիճակի գնահատման ցուցանիշներից մեկն է։ Շինարարության ծավալների աճը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ տվյալ երկրի տնտեսությունը զարգացման փուլում է։ Տնտեսական ճգնաժամի պայմաններում ցանկացած երկրում կրճատվում են շինարարության ծավալները։ Այս ընդհանուր դատողությունները կարելի է անել կայուն ու կանխատեսելի տնտեսական համակարգ ունեցող երկրների համար։ Անցումային փուլ ապրող երկրներում նման դատողությունները նույնչափ միանշանակ չի կարելի ընկալել։ Վերջին 2-3 տարում Հայաստանում աճում են շինարարության ծավալները։ Աճում են 90-ականների առաջին կեսի համեմատ, իսկ այդ շրջանում շինարարության տեմպերը կտրուկ նվազել էին։
Այսօր իրացվում է ե՛ւ արտադրական նշանակության, ե՛ւ բնակարանային շինարարություն։ Հանրապետությունում իրականացվող շինարարության մոտ կեսը իրականացվում է ներքին միջոցների հաշվին, 20 տոկոսը արտաքին ներդրումների, 2,5 տոկոսը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի։ Իսկ մնացած ծավալը հիմնականում իրացվում է արտաքին պարտքի (վարկերի) հաշվին։ Մակրոտնտեսության տեսանկյունից, այս ոլորտում բավական նորմալ վիճակ է։ Այսօր չի կարելի պահանջել, որ երկիրն ունենա խորհրդային տարիների արդյունաբերական ու բնակարանային շինարարության ծավալները։ Դրանք դեռ երկար տարիներ անհասանելի են մնալու։ Արտադրական ձեռնարկությունների այսօրվա «պարապուրդի» պայմաններում յուրաքանչյուր տարի Հայաստանում շահագործման է հանձնվում մի քանի գործարաններ։ Նոր ձեռնարկությունների կառուցումը հիմնականում կատարվում է աղետի գոտում։ Անցած տարի շահագործման են հանձնվել Վանաձորի ճշգրիտ հաստոցների գործարանը, Գյումրիի «Էլեկտրակենցաղսարքը», «Հայէլեկտրոկոնդենսատոր» գործարանները։
Հանրապետությունում իրացվող շինարարության մեջ լուրջ ծավալ ունեն նաեւ ոռոգման համակարգի վերականգնման աշխատանքները։ Դրանք հիմնականում կատարվում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկային միջոցների հաշվին։ Անցյալ տարվա ընթացքում ավարտվել եւ շահագործման է հանձնվել ոռոգման համակարգի 20 օբյեկտ։ Արտադրական նշանակության օբյեկտների շինարարության ծավալում լուրջ բաժին (12 տոկոս) են կազմում ձեռնարկությունների ինվեստիցիոն միջոցների հաշվին իրագործված աշխատանքները։ Այս վարդագույն պատկերի ֆոնի վրա արձանագրվել է մեկ հետաքրքիր փաստ եւս. բնակչության սեփական միջոցների հաշվին իրականացված բնակարանային եւ արտադրական նշանակության օբյեկտների շինարարության ծավալը կազմում է ընդհանուրի մոտ 29 տոկոսը։ 1997 թ. ընթացքում 1996-ի հետ համեմատած, մոտ երկու անգամ աճել են բնակարանային շինարարության ցուցանիշները։
Անցյալ տարի շահագործման է հանձնվել 267,5 հազար քառ. մետր մակերեսով բնակելի տարածք։ Մոտ 188 հազար քառակուսի մետրը՝ բնակչության սեփական միջոցների հաշվին։ Աղետի գոտու ավերված բնակարանային ֆոնդի առկայության պայմաններում բնակարանային շինարարության 70,5 տոկոսը իրականացնում է բնակչությունը։ Այս պատկերը բավական նման է «Խեղդվողի փրկությունը հենց խեղդվողի գործն է» կարգախոսին։ Որովհետեւ ամենեւին էլ կարիք չկա ապացուցելու, թե շինարարությունն այսօր իրագործում է բնակչության ամենաապահովված հատվածը։ Բնակարանային շինարարության ծավալները բաժին են ընկնում ոչ թե 2-3 սենյականոց բնակարաններին, այլ 2-3 հարկանի շքեղ առանձնատներին։ Բնակարանային շինարարության միայն մեկ երրորդն է բաժին ընկնում աղետի գոտուն։ Այս տարածքում ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին շահագործման են հանձնվել 88,3 հազար քառ. մետր բնակելի տարածք։
Կարդացեք նաև
Հանրապետությունում իրականացված շինարարական ներդրումների ընդհանուր ծավալի 13,6 տոկոսն է բաժին ընկնում երկրաշարժից տուժած տարածքներին։ Բնակարանային շինարարություն իրականացվում է նաեւ ՄԱԿ-ի փախստականների գծով բարձրագույն կոմիսարիատի ֆինանսական միջոցների հաշվին։ 1997 թ. փախստականներին տրամադրվել է 20,2 քառ. մետր բնակելի տարածք։ Բնակարանային շինարարության ընդհանուր ծավալում փախստականների բաժինն ընդամենը 7,6 տոկոս է։ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրագործում է բնակարանային շինարարության մոտ 3 տոկոսը։ Հիմնադրամը Գյումրիում անցյալ տարի շահագործման է հանձնել 8 հազար քառ. մետր տարածք՝ 8 բնակելի շենք՝ 102 բնակարանով։
Հանրապետությունում իրացվող շինարարության 20 տոկոսը կատարվել է արտաքին ներդրողների հաշվին։ Այս ցուցանիշն ապահովվել է հանրահայտ «ԱրմենԹելի» կողմից։ Ըստ ՀՀ վիճվարչության տվյալների, «մայրաքաղաքի ավտոմատ հեռախոսակայանների տեխնիկական վերազինման վրա ամերիկյան «Տրանսվորլդ» ընկերության հետ համատեղ, «ԱրմենԹել» ձեռնարկությունը 1997 թ. իրականացրել է 402 մլն դրամի կապիտալ ներդրում շինարարությունում»։
Այսպիսին է հանրապետությունում իրականացվող շինարարության ընդհանուր պատկերը։ Շինարարությունը Հայաստանում հարկավ չունի ցանկալի տեմպեր ու ծավալներ։ Սակայն տնտեսության գնահատման «դասական» պատկերացումներով, այն որոշակի իմաստով հուսադրող է, եթե, իհարկե, ֆինանսական միջոցները շինարարությունում արդյունավետ են օգտագործվել։ Եթե, իհարկե, վերը նշված արտադրական ձեռնարկությունների մասին չասենք՝ չաշխատող գործարանների թվում շահագործման հանձնվեցին եւս երեքը։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ