Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Հունիս 26,1998 21:21

Կա՞ն արդյոք այդպիսիք եւ որո՞նք են դրանք

Առայժմ հոդվածի այս մասում ես քննարկել եմ հայ-ադրբեջանական պատերազմի մեկ այլ սցենար, անտեսելով արտաքին գործոնները։ Անշուշտ, նման բազմաթիվ գործոններ կլինեն, բայց ես այժմ կկենտրոնանամ դրանցից միայն ամենակարեւորի՝ Ռուսաստանի հավանական վարքագծի վրա։
Սկիզբը՝ այստեղ :

Հատկապես կարեւոր է հարցի ճիշտ ձեւակերպումը։ Իմաստ չունի հարցնել, թե արդյո՞ք Ռուսաստանն ունի շահեր, որոնք համընկնում են Հայաստանի ու Ղարաբաղի հետ, ինչը, դժբախտաբար, հարցի ավանդական ձեւակերպումն է։ Ամենից առաջ պետք է հարցնել, թե ո՞ր դեպքում են այդ շահերն իսկապես համընկնում, ի՞նչ պայմաններում դրանք կարող են միմյանց հակասել եւ ի՞նչ հետեւանքներով։ Ենթադրենք մի պահ, որ իմ վերլուծությունը չափազանց հոռետեսական է, եւ Հայաստանի ու Ղարաբաղի հետ վերսկսված պատերազմում Ադրբեջանը ռազմական աղետի շեմին է։ Արդյո՞ք Ռուսաստանը շահագրգռված կլինի Ադրբեջանի կատարյալ պարտությամբ։

Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները պղտորված են մի քանի փշոտ խնդիրներով, որոնց շարքում են կասպիական նավթը արտաքին շուկա հանելու ճանապարհի շուրջ տարաձայնությունները եւ Թուրքիայի ու ԱՄՆ-ի հետ անվտանգության բնագավառում սերտ համագործակցություն ծավալելու Ադրբեջանի փորձերը։ Ռուսաստանը հատկապես անհանգստացած է այդ համագործակցության հեռանկարից՝ աչքի առաջ ունենալով ՆԱՏՕ-ի ընդլայնման արեւմտյան (կարդա՝ ամերիկյան) խիստ վտանգավոր քաղաքականության նախադեպը, եւ մեծ ջանքեր կգործադրի այն վիժեցնելու համար։ Վերսկսված հայ-ադրբեջանական պատերազմը հրաշալի գործիք կարող է դառնալ Ռուսաստանի ձեռքում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու եւ վերջինիս վարքագիծը Ռուսաստանի շահերին համապատասխանեցնելու համար։ Ռուսաստանը նույնիսկ կարող է Հայաստանին քաջալերել եւ նախապես ռազմական աջակցություն ցույց տալ, եթե Ադրբեջանը չսթափվի։ Սակայն ասվածը բնավ հավասարազոր չէ Հայաստանի հաղթանակով շահագրգռված լինելուն։ Երբ Ադրբեջանն օգնություն խնդրի, Ռուսաստանն ինքն է կանգնեցնելու պատերազմը։ Կովկասում իրադարձությունների վրա լրջորեն ազդելու ընդունակ միակ արտաքին ուժը դեռեւս Ռուսաստանն է, եւ եթե այդ փաստը դեռեւս հստակ չէ Ադրբեջանի համար, վերսկսված պատերազմում պարտության հեռանկարը կօգնի։ Թուրքիան ու ԱՄՆևը նույնիսկ մի զինվոր չեն կարող ուղարկել՝ Ադրբեջանին օգնելու համար, եւ Ադրբեջանը կշրջվի դեպի Հյուսիս՝ պատրաստ իր քաղաքականության մեջ Ռուսաստանին անհրաժեշտ փոփոխություններ կատարելու։ Փոխարենը կպահանջվի կանգնեցնել Հայաստանի ու Ղարաբաղի հարձակումը։

Ես պատճառ չեմ տեսնում մտածելու, որ Ռուսաստանը նման առաջարկը կմերժի։ Լավագույն դեպքում, Հայաստանն ու Ղարաբաղը կվերադառնան նախկին վիճակին, միայն թե այժմ արդեն լիովին մեկուսացած միջազգային հանրությունից, ավելի կախված Ռուսաստանի հովանավորությունից, հետեւաբար, առավել խոցելի Ռուսաստանի շահարկումներին։ Կանխարգելիչ պատերազմն, այսպիսով, խնդրի լուծում չէ։

Ո՞րն է լուծումը

Հայ-ադրբեջանական հակամարտությանը լուծում գտնելու համար, նախ անհրաժեշտ է հասկանալ դրա պատճառները։ Ցավոք, հատկապես Արեւմուտքում, ինչպես այս, այնպես էլ մյուս «էթնիկական» պատերազմների ամենատարածված բացատրությունը այդ պատերազմների մասնակիցների միմյանց նկատմամբ տածած իռացիոնալ ատելությունն է։ Այս բացատրությունը, որին ակադեմիական մասնագետների մեծամասնությունը վերաբերում է քամահրանքով, մեծ ժողովրդականություն ունի արեւմտյան լրագրողների եւ քաղաքական գործիչների շրջանում։ Արդարացի լինելու համար պետք է ասել նաեւ, որ ե՛ւ հայ, ե՛ւ ադրբեջանցի մտավորականներից, մասնագետներից ու պաշտոնյաներից շատերը նպաստել են այս տեսակետի ձեւավորմանը՝ իրենց դատի արդարացիությունը եւ հակառակ կողմի հրեշավորությունն ապացուցելու մոլեգին ջանքերով։

Ոչինչ ավելի սխալ լինել չի կարող, քան «իռացիոնալ ատելության» հիպոթեզը։ Այս հակամարտության՝ պատերազմի վերաճելու արմատները պետք է փնտրել Խորհրդային Միության փլուզման հետ մեկտեղ առաջացած անիշխանության մեջ, որում հայտնվել են հայերն ու ադրբեջանցիները։ Անիշխանություն ասելով այստեղ պետք է հասկանալ ոչ թե քաոս, այլ պարզապես կենտրոնական իշխանության բացակայություն։ Այլեւս որեւէ երրորդ կողմ չէր կարող լուծել հակամարտող կողմերի վեճերը եւ, որ ամենակարեւորն է, երաշխավորել նրանց հանձնառությունները։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ղարաբաղի հայերը չէին կարող համաձայնել Ադրբեջանի քաղաքացիներ դառնալ, քանի որ վերջինս բացարձակապես ոչինչ չէր կարող անել Ղարաբաղի հայերին հետագայում չճնշելու երաշխիքներ ապահովելու համար։ Այլ կերպ ասած, նույնիսկ սկզբունքորեն, որեւէ կառուցվածքային հնարավորություն չկար որպես Ադրբեջանի քաղաքացիներ՝ Ղարաբաղի հայերի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու համար։ Հետեւաբար, Ղարաբաղի՝ Ադրբեջանից անջատվելու փորձը միանգամայն ռացիոնալ էր, եւ ոչ ատելության արդյունք։

Խնդիրը բարդանում էր նաեւ Ադրբեջանի վախով, որ Ղարաբաղի հայերը կարող են Ադրբեջանի դեմ օգտագործվել Հայաստանի կամ այլ երկրների կողմից, որի պատճառով ադրբեջանցիները նույնիսկ չփորձեցին սիրաշահել Ղարաբաղի հայերին, որպեսզի խուսափեն պատերազմից։ Հակամարտության էսկալացիան թերեւս հնարավոր կլիներ կանխել նույնիսկ այդ պայմաններում, եթե հակամարտող կողմերը պատերազմի վերջնական արդյունքների մասին միմյանցից տարբեր գնահատականներ չունենային՝ պատերազմը վարելուց առաջ։ Մասնավորապես, ադրբեջանցիները սխալ հաշվարկեցին այդ պատերազմում դրական արդյունքի իրենց հնարավորությունները, մասամբ այն անիրատեսական հույսերի պատճառով, թե Թուրքիան իրենց ռազմական աջակցություն կցուցաբերի։ Իհարկե, ողբերգական պատմությունը նույնպես դեր է խաղացել այս հակամարտության էսկալացիայի մեջ, սակայն, հիմնականում, որպես փոխադարձ վախն ուժեղացնող ազդանշան, այլ ոչ որպես հիմնական պատճառ։ Ո՞րն է լուծումն այդ դեպքում։

Նվազագույն դեպքում պետք է ստեղծել մեխանիզմ, որը կարող է երաշխավորել Ղարաբաղի հայության ֆիզիկական անվտանգությունը Ադրբեջանի մտադրություններից ու հանձնառություններից անկախ։ Միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը կամ, Հայաստանից բացի, Ղարաբաղի հայերին պաշտպանելու որեւէ այլ երկրի հանձնառությունը չի կարող ծառայել որպես այդպիսի մեխանիզմ, որովհետեւ այն չի ունենա անհրաժեշտ վստահելիությունը։ Մեկ ուրիշին պաշտպանելը կապված է նյութական եւ ոչ նյութական զոհողությունների հետ, որի պատճառով այդ անելու հանձնառությունը միշտ կասկածի է ենթակա՝ հատկապես, երբ այդ անելու շահերը հստակ չեն։

Միակ վստահելի մեխանիզմը, որը կարող է երաշխավորել Ղարաբաղի հայության անվտանգությունը, պաշտպանվելու սեփական կարողությունն է, որը զուգակցված պետք է լինի նաեւ Ղարաբաղի դեմ հարձակման դեպքում վերջինիս պաշտպանությանը մասնակցելու Հայաստանի միջազգայնորեն ճանաչված իրավունքով։ Նման մեխանիզմը բավարար կլինի երաշխավորելու Ղարաբաղի անվտանգությունը, եթե նույնիսկ այն ճանաչված չլինի որպես անկախ պետություն։ Գրավված տարածքներից (բացի Հայաստանն ու Ղարաբաղը միացնող ցամաքային միջանցքից), ինչպես նաեւ Ղարաբաղի դե յուրե անկախ կարգավիճակի պահանջից կարելի է հրաժարվել, եթե Ադրբեջանը համաձայնի վերը քննարկված մեխանիզմի ստեղծմանը։ Ղարաբաղի իրավական կարգավիճակի բազմաթիվ ստեղծագործական սահմանումներ են հնարավոր, ինչը կբացառի ուղիղ ենթակայությունն Ադրբեջանին, բայց թղթի վրա կպահպանի վերջինիս տարածքային ամբողջականությունը՝ սկզբունք, որին բոլոր մեծ տերությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, վերաբերում են մեծ խանդով։

Բնականաբար հարց է ծագում, թե ինչո՞ւ պետք է Ադրբեջանը նման զիջման գնա, եթե իրոք ժամանակն աշխատում է իր օգտին եւ նոր պատերազմում կատարյալ պարտությունից վախենալու կարիք չունի։ Չի՞ հանգեցնում արդյոք իմ վերլուծությունն այն եզրակացության, որ Ադրբեջանը զիջումներ անելու կարիք չունի։ Բնավ ոչ, քանի որ վերսկսված պատերազմի՝ Հայաստանի ու Ղարաբաղի համար կործանարար լինելու փաստարկը տրամաբանորեն հավասարազոր չէ այն տեսակետին, թե դրանից կշահի Ադրբեջանը։ Այդ պատերազմը չափազանց ծանր հետեւանքներ կարող է ունենալ Ադրբեջանի համար եւս։ Բացի հսկայական մարդկային ու նյութական կորուստներից, այդ պատերազմը կհանգեցնի նաեւ Ադրբեջանի՝ Ռուսաստանից կախվածության մեծացման։ Սա կնշանակի ռուսական ռազմակայանների հավանական տեղակայում Ադրբեջանում, նավթամուղի անցկացում Ռուսաստանի տարածքով, Արեւմուտքի ու Թուրքիայի հետ մտերմության չափավորում եւ այլն։ Հայտնի է, թե նման հեռանկարը որքան սարսափելի է Ադրբեջանի համար, եւ թե ինչ համառությամբ է Ադրբեջանը դիմադրել այդ հեռանկարի կենսագործմանը։ Ադրբեջանի նկատմամբ այդ սպառնալիքն զգալիորեն կնվազի հակամարտության կարգավորման դեպքում։

Արդյո՞ք իմ քննարկած մեխանիզմը մաս էր կազմում կարգավորման այն տարբերակի, որ Տեր-Պետրոսյանը պատրաստ էր ընդունել։ Իր հոդվածում նա այդ մասին բացահայտ չէր խոսել, հավանաբար, ենթարկվելով բանակցությունների գաղտնիության սկզբունքին, սակայն ես կարծում եմ, որ նա խոսում էր հենց այդ մեխանիզմի մասին՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքներին արված բազմաթիվ հղումներում։ Հետեւած լինելով Հայաստանի քաղաքականությանը հայևադրբեջանական հակամարտության ամբողջ ընթացքում, ինչպես նաեւ ծանոթ լինելով հակամարտության պատճառներին եւ խաղաղ կարգավորմանը վերաբերող Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, ես չեմ կարծում, որ նա կհամաձայներ այդ մեխանիզմից պակաս որեւէ բանի։

Ի վերջո, սակայն, դա կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ Հայաստանի ներկա իշխանությունները իմաստություն ու քաջություն ունենան հանգելու այն նույն հետեւությանը, որին հանգել էր ՏերևՊետրոսյանը, այսինքն, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը փոխզիջումների միջոցով կարգավորելու լավագույն պահը հիմա է։

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետի դոկտորանտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930