Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԿՐԿՆԵԼ ԱՆՑՅԱԼԻ ՍԽԱԼՆԵՐԸ

Հունիս 26,1998 23:49
Vasak Darbinyan

«Ասում են՝ շատ է խոսվում ու գրվում կոնյակի գործարանի մասին, որովհետեւ չկան այսօր քաղաքական դատավարություններ եւ այլն։ Մի քանի հոգի պիտի բռնած լինեին, որ այս գործն այսքան հնչեղություն չստանար»։

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ նախագահ, «ՀՀ», 23 հունիսի

Այժմ արդեն կարող ենք չկասկածել, որ, ասենք, «Հայկական ավիաուղիների» սեփականաշնորհմանը կնախորդեն զանգվածային ձերբակալություններ։

«ՀԸԲԸ ԿՅԱՆՔՍ ԻԶՈ՞ՒՐ ԱՆՑԱՎ»

«-Բենզինի խնդիր չե՞ք ունենում։
-Եթե նախկին տրանսպորտի նախարարն էլ պիտի բենզինի խնդիր ունենա, ուրեմն ութ տարի իզուր է նախարար եղել»։

ՀԵՆՐԻԿ ՔՈՉԻՆՅԱՆ Լոռվա մարզպետ, ՀՀ տրանսպորտի նախկին նախարար, «ՀՀ», 25 հունիսի

Ենթադրվում է, որ պրն Քոչինյանը չունի նաեւ «Իկարուս» մակնիշի ավտոբուսի ժեշտի, անվադողերի, տաքսիների հաշվիչների, տրամվայի գծերի, տրոլեյբուսի շտանգաների եւ նման այլ բաների կարիք։

ՉԿՈՏՐՎՈՂ Է ԵՎ ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ

«Քաջ հասկանում եմ, որ ցանկացած ղեկավարի համար ես վտանգավոր եմ։ Որովհետեւ ինձ հնարավոր չէ կոտրել»։

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ ԼՂՀ պաշտպանության նախարար, «ՀՀ», 6 հունիսի

Սամվել Բաբայանը ոչ միայն չի կոտրվում, այլեւ անջրանցիկ է, անթափանց եւ ճկվող։
Այս հատկանիշներից, ինչպես հայտնի է, բոլոր ղեկավարները սարսափում են։

ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Արտգործնախարարին սուտ խոսելը վայել չէ»։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, «Առավոտ», 25 հունիսի

Հետաքրքիր է, ինչո՞ւ է պրն Արզումանյանին թվում, թե արտգործնախարարը պիտի բացառություն լինի կառավարության ողջ շքախմբում։

Ի ԲԱՐՕՐՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԱԲԱՂԻ

«Այսուհետեւ ես եմ որոշելու, թե ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Ես ինքս ուղղություն կտամ հրապարակումներին» (մամուլի – Վ. Դ.)։

ՆԱԻՐԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԼՂՀ արտգործնախարար, «Ազգ», 25 հունիսի

Փորձագետները պնդում են, որ Նաիրա Մելքումյանի այս նախաձեռնությամբ կլուծվեն Ղարաբաղի առջեւ ծառացած մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես, էլ ավելի կբարձրանա բանակի մարտական ոգին, կբարելավվի բնակչության կենսամակարդակը, կզարգանա արդյունաբերությունը, կավելանա կովերի կաթնատվությունը։
Եվ ամենակարեւորը՝ Ղարաբաղի հարցի փաթեթային լուծումն արագացնելու իրական երաշխիքներ կստեղծվեն։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930