Լրահոս
Օրվա լրահոսը

Արձակուրդի անհրաժեշտությունը հասունացել է

Հունիս 26,1998 23:28

Ամառվա շոգը պարզապես անտանելի է դարձել։ Արեւից հալվում է ոչ միայն ասֆալտը, այլեւ մարդկային ուղեղը։ Հասարակ մահկանացուների համար դա նույնիսկ օգտակար է. որքան քիչ մտածեն՝ այնքան լավ։ Պետական ուղեղները, սակայն, պետք է փայփայել եւ փրկել։ Մեր նախարարները, պատգամավորները եւ պետական մանր ու մեծ ծառայողները, որոնք, ինչպես հայտնի է, օրնիբուն աշխատում են ազգիս համար, այս շոգից կարող են զգոնությունը կորցնել։ Որպես հետեւանք՝ սխալմամբ միջազգային աճուրդի դնեն, ասենք, Սովետաշենի աղբանոցը կամ էլ արտաքին քաղաքականության մասին այնպիսի մի հայտարարություն անեն, որը հետո մի քանի շաբաթ մնացած պաշտոնյաները եւ աշխարհի բոլոր դիվանագետները փորձեն եւ չկարողանան վերծանել։ Մի խոսքով, արձակուրդի անհրաժեշտությունը հայրենի իշխանության համար հասունացել է ամբողջությամբ եւ վերջնականապես։

Իհարկե, ճիշտ կլիներ նրանց բոլորին ուղարկել Կանարյան կղզիներ՝ համ աշխարհ կտեսնեին, համ էլ մի լավ կհանգստանային։ Բայց, չէ՛, չի կարելի։ Մեր հանրապետությունն աղքատ է, ժողովուրդը՝ չարացած, իսկ պետականության կայացմամբ չզբաղվող մամուլը հեղեղված է հերյուրանքներով։ Եթե գնաս Կանարյան կղզիներ՝ կարող են հետեւիցդ ավել-պակաս խոսել։

Մնում են Հայաստանի հանգստյան տները՝ Արզականը, Ծաղկաձորը, Սեւանը։ Նույնպես զով է եւ նույնպես՝ բավականին թանկ։ Նման կառավարական ամառանոցում 2 սենյականոցն արժե օրը 10 հազար դրամ (առանց սննդի), 3-ը՝ 12 հազար, 4-ը՝ 16 հազար, 5-ը՝ 20 հազար։ Որտեղի՞ց, ասացեք խնդրեմ, կարող են խեղճ հայ նախարարներն ու պատգամավորները նման գումարներ հայթայթել։ Այդքան աշխատավարձ նրանք, ցավոք սրտի, չեն ստանում։

Այնպես որ, ստեղծված իրավիճակից կա երեք ելք. ա) այնուամենայնիվ, նրանց ուղարկել Նիցցա՝ աչքից հեռու, բ) համակերպվել, որ ամառային սեզոնին գրանցվելու է կոռուպցիայի աննախադեպ աճ, գ) թքել ժողովրդավարության եւ շուկայական հարաբերությունների վրա եւ վերականգնել կոմունիստական արտոնությունները։ Անհրաժեշտ է ազնիվ եւ թափանցիկ լուծում՝ մենք էլ հանգիստ ապրենք, նրանք էլ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930