Մի կարմիր մեքենա է շրջում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հելսինկյան ընկերակցությունը երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս՝ հետեւյալ թեմայով. «Արդարադատությունը Հայաստանում»։ Առիթը Գ. Դիլանյանի, Նիկողոսյանների եւ էլի մի քանիսի սպանությունների գործերն էին, որոնցից մի քանիսին «Առավոտն» արդեն անդրադարձել է ոչ մեկ անգամ։ Կարճ՝ առաջին գործի մասին։
Նախ նշեմ, որ Հելսինկյան ընկերակցությունը մոնիտորինգ է անցկացրել ՀՀ Գերագույն դատարանում Գ. Դիլանյանի մահվան վերաբերյալ քր. գործի դատաքննության նկատմամբ։ «Շուրջ 4 ամիս շարունակվել է որդուս սպանության դատավարությունը ՀՀ Գերագույն դատարանում, եւ՝ ոչ մի ճիշտ վճիռ։ Դատը վարել է Մարտին Կարապետյանը։ Նա բացահայտելու ուղղությամբ ոչ մի գործ չկատարեց։ Ես ստիպված եղա հրաժարվել իմ դատապաշտպանից, քանի որ դատավորը դատը վարում էր միակողմանի՝ ի օգուտ ՆԳ աշխատակիցների, ովքեր սպանել են իմ տղային»,- պատմեց սպանվածի հայրը։ Նա ավելացրեց նաեւ, որ իր պահանջներն արհամարհվել են. դիտավորությամբ անհետացվել է որդու վերնաշապիկը։ Պարզվել է նաեւ, որ գործով մեղադրվող Լյովա Աբրահամյանը հիվանդության կեղծ փաստաթղթեր է ներկայացրել Մ. Կարապետյանին:«ՆԳ նախարար Սերժ Սարգսյանը եւ հանրապետության գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը միջնորդել են՝ Լ. Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար»։
Սա է հաստատում նաեւ փաստաբան Հասմիկ Հակոբյանը՝ նշելով, որ գործի մեջ այս փաստերը կան։ Այս գործի առթիվ Հելսինկյան ընկերակցությունը երեկ նամակներ է հղել Գերագույն դատարանի նախագահին ու ՀՀ նախագահին, որոնցում մասնավորապես ասվում է. «Դեռեւս դատաքննության սկզբում տուժողի ներկայացուցչի կողմից կատարվեց միջնորդություն Լ. Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու եւ նրան կալանքի վերցնելու վերաբերյալ, որին անմիջապես հետեւեց դատարանի չհիմնավորված մերժումը։ Մ. Կարապետյանն իր գործողություններով ապահովեց Լ. Աբրահամյանի փախուստը, որը հիմքեր է տալիս ենթադրելու դա կանխամտածված եւ շահադիտական նպատակներով կատարելու մասին, քանի որ հակասում է ընդհանրապես դատավորի պարտականությունների եւ գործունեության սկզբունքներին։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ ամբաստանյալ Լեւոն Աբրահամյանի նկատմամբ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի, ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի եւ դատավոր Մարտին Կարապետյանի կողմից իրականացվող հովանավորության շնորհիվ վերջինս ներկայումս ազատության մեջ է։ Մենք պահանջում ենք ձեռք առնել համապատասխան միջոցներ իրավապահ մարմինների համակարգում օրինականության հաստատման, վերը նշված փաստի առթիվ համապատասխան քննության կատարման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Հակառակ դեպքում մենք մեզ իրավունք ենք վերապահում տեղեկացնել միջազգային հանրությանը եւ հեղինակավոր կազմակերպություններին՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության բացակայության եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին»։ Իբրեւ վերջին մտքի շարունակություն մնում է ավելացնել Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի հայտարարությունը. «Մենք ամեն ինչ կանենք, որ Հայաստանը չմտնի Եվրոխորհուրդ»։
Երկրորդ գործը 1997 թ. օգոստոսին Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում կատարված սպանությունն է։ Քանի որ «Առավոտն» արդեն մանրամասնությամբ անդրադարձել է այս գործին, միայն ներկայացնեմ որոշ կարեւոր մանրամասներ։ Սպանվել են հայր եւ որդի Նիկողոսյանները։ Սակայն, կարճ ասած, վերեւները որոշել են, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար. խեղդվել են լճում։ Արմավիրի միջշրջանային դատախազության քննիչ Անդրանիկ Սահակյանին դեպքից մի քանի ժամ հետո արդեն իսկ այդ վերեւները հրաման են տվել, եւ նա իր պարտքն է համարել հարազատներին միայն ասել. «Գնացեք, 40 օր ձեր սուգը սգացեք եւ 40 օրից ձեզ կտեղեկացնեմ, որ սա դժբախտ պատահար է»։ Իսկ գործով քննիչ Նվեր Արշակյանը միայն տեղեկացրել է, որ իրեն վերեւից թույլ չեն տալիս գործել, իսկ այդ վերեւը, ըստ իր խոսքերի, Հենրիկ Խաչատրյանն է։ «Նվեր Արշակյանը մի այսպիսի արտահայտություն արեց. այո, կատարվածն, իրոք, սպանություն է, բայց քանի որ կատարվել է երեխայի նկատմամբ, ես չեմ կարող այս գործն իմ վարույթում պահել, ինձ վերեւներից թույլ չեն տալիս գործել»,- պատմում է մայրը (կինը)։ Այնուհետեւ խորհուրդ է տրվել հարազատներին՝ արյունը արյունով լվանալ։ Ասեմ ավելին՝ ՀՀ դատախազին առընթեր կարեւորագույն գործերով քննիչ Խոնդկարյանի կողմից մեղադրվել է նաեւ այս կինը. «Ի՞նչ է, դուք չէի՞ք տեսնում, ինչո՞ւ եք թույլ տվել, որ ձեր ամուսինը մանյակի հետ գնա։ Եվ այս գործը դրա համար էլ պիտի կարճվի»։ Նույն Խոնդկարյանը սպանության մեջ մեղադրվող, դասալիք Արմեն Այվազյանին պատժել է խստագույնս. նրան բանակ է ուղարկել։ Ինչպես նկատեց Միքայել Դանիելյանը, բոլոր գործերի մեջ կա մի նույնություն. վերեւները թույլ չեն տալիս։
Կարդացեք նաև
Մի դետալ եւս. Արմավիրի դատախազությունում հայտնել են, որ գործով զբաղվում է մի կարմիր մեքենա, որը կանգնում է նաեւ ՀՀ դատախազության առջեւ։ Հետաքրքրական է, որ այս կարմիր մեքենան երեւում է մի երրորդ գործում՝ Մարիաննա Վարդանյանի, որին եւս մեր թերթն անդրադարձել է։
Ամփոփենք։ Թե՛ մարդու իրավունքների հանձնաժողովն ու Պարույր Հայրիկյանը, թե՛ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն ու Արթուր Բաղդասարյանն այս հարցերին, իհարկե, տվել են սպառիչ պատասխաններ. առաջինը՝ «երկնքից մանանա չի թափվելու», երկրորդը՝ «ոչինչ չեմ կարող անել»։ Իսկ երբ որեւէ պաշտոնյայի մասին թերթում մեկը մի «վատ բան» է գրում, նրան հոգեկան հիվանդ կամ դժբախտ մարդ են անվանում։
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ