Լրահոս
Օրվա լրահոսը

Մի գրոշ ընծայեք «կենսակառույցի» համար

Հունիս 25,1998 00:00
grosh

«Շուտով բոլորիս ջանքով իրականություն կդառնա մեր միասնական համահայկական կենսակառույցը» Ռ. Քոչարյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնի նոր ղեկավար Ներսես Մկրտչյանը հրաժարվեց հարցազրույցից՝ հայտնելով, որ «Առավոտ» օրաթերթին «առայժմ» հարցազրույց չի տա։ Իսկ բանավոր զրույցից Ներսես Մկրտչյանը հրաժարվեց վճռականորեն։ Ապա առաջարկեց հարցերը ներկայացնել գրավոր, որոնց, ըստ երեւույթին, «Հայաստան» հիմնադրամի հանրային կապերի բաժնի ղեկավարը պատասխանելու էր նույնպես գրավոր։ Գրավոր խոսքի հանդեպ չունենալով որեւէ նախապաշարմունք, այնուամենայնիվ, հանրային կապը գրավոր տեսքով արհեստական է։ Այսպիսով, ծանոթությունը հանրային կապերի բաժնի նոր ղեկավարի հետ չկայացավ։ Գրավոր մեր միակ հարցը հետեւյալն է. Արդյոք «Արմենիա» հյուրանոցի սրահում դրամահավաքի արկղ տեղադրելը եւ հյուրանոցում ապրող մեր ունեւոր հայրենակիցներից «ֆինանսական զորակցություն» հայցելը «հայոց ժամանակակից պատմության այս ամենակարեւոր հանգրվանում» (Րաֆֆի Հովհաննիսյան) համապատասխանո՞ւմ է քաղաքակրթվող Հայաստանի ձգտումներին։ Եթե սույն մետաղական արկղը տեղադրված լիներ կույրերի միավորման շենքի սրահում կամ Խարբերդի մանկատան մուտքի մոտ՝ թերեւս կարեկցանքն ու աջակցությունը բնականոն եւ ակնկալելի լինեին։

Սակայն մի երկիր, որը թեեւ թշվառների ստվար աշխարհազոր ունի, բայց միաժամանակ պահում է հարուստ արեւելյան երկրի շեյխերի կենսամակարդակ ունեցող իշխանավորներ, այսպիսի երկրում նախագահի եւ մեկ այլ բարձր պաշտոնյայի կոչը «ֆինանսական զորակցության» մասին՝ տարօրինակ կարող է լինել ոչ միայն տեղացիների համար։ Անգամ անփորձ աչքը կհասկանա, որ «Արմենիայի» սրահում տեղադրված արկղի պարամետրերը խոշոր գումար խոստանալ չեն կարող, եթե անգամ «առատաձեռն» գտնվեն «Արմենիայի» հյուրերը։

«Ծրագրերն իրականացվում են ձեր առատաձեռն մասնակցությամբ»,- հուշում են արկղի կողքին փակցված բուկլետները, որոնց մի էջում հայրենակիցների առատաձեռնությունն է ակնկալում հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մյուսում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ես հավատում եմ այդ հնարավորությանը եւ լիահույս եմ, որ շուտով բոլորիս ջանքով իրականություն կդառնա մեր միասնական համահայկական կենսակառույցը։ Ռոբերտ Քոչարյան, նախագահ Հայաստանի Հանրապետության»։

«Լինենք միասին՝ մասնագիտական ու մտավոր մեր ներուժով, բարոյական ու ֆինանսական զորակցությամբ։ Կրկնապատկենք մեր տուրքը եւ համոզված լինենք, որ փոխարենը կստանանք կրկնակին։ Րաֆֆի Կ. Հովհաննիսյան, գործադիր տնօրեն»։

Հիմնադրամի նախկին տնօրենի վարկը տատանվեց, երբ նրա կառուցած առանձնատան եւ կենսակերպի այլ դրվագներ սկսեցին քննարկվել հանրության մեջ եւ մամուլում հայտնվեցին հրապարակումներ ու առանձնատան պատկերով լուսանկարներ։ Հիմնադրամի երկրորդ տնօրենը, որին հասարակությունն ընդունեց իբրեւ այլեւայլ եկամուտների կարիք չունեցող եւ դրսում առավել հեռանկարային կապեր ունեցող անձի, գործադիր տնօրենի իր կենսագրությունը սկսեց «Արմենիայում» դրամ հավաքելով։ Ինչ վերաբերում է հանրապետության նախագահին, նրա անունն ու դիմումը այս փող հայցող բուկլետում, ցանկացած երկրի համար անվայել է՝ երկրի համար ծայրահեղ դեպքում նախագահը վաճառելու մի քանի բան կգտնի։

ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ․Գ․ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացանք, որ նա չգիտեր արկղի գոյության մասին եւ դեմ է այդ ձեւով հանգանակություններ կազմակերպելուն։ Հունիսի 23-ի երեկոյան արկղը հանվել էր «Արմենիա» հյուրանոցի սրահից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930