Կա՞ն արդյոք այդպիսիք եւ որո՞նք են դրանք
Ավելի քան չորս ամիս է անցել, ինչ Լեւոն Տեր- Պետրոսյանը հրաժարական տվեց՝ լիցքաթափելով քաղաքական ճգնաժամը, որը ծայր էր առել մեկ հարցից՝ ինչպե՞ս պետք է կարգավորվի Ադրբեջանի հետ հակամարտությունը։ Անցյալ սեպտեմբերին տեղի ունեցած մամուլի ասուլիսը եւ դրան հաջորդած հոդվածը, որոնցում Տեր-Պետրոսյանը շարադրեց հակամարտության կարգավորման իր տեսակետները, ճգնաժամի անմիջական շարժառիթներն էին։ Եւ մամուլի ասուլիսի, եւ հոդվածի հիմնական կռվանը հետեւյալն էր. հակամարտությունն Ադրբեջանի հետ պետք է կարգավորվի փոխզիջումների ճանապարհով, որի շրջանակներում պետք է երաշխավորվի Ղարաբաղի հայության անվտանգությունը, սակայն ԼՂՀ-ի դե յուրե անկախության գաղափարից պետք է հրաժարվել՝ որպես անիրատեսական գաղափար։
Միեւնույն ժամանակ, Տեր-Պետրոսյանն իր աջակցությունը հայտնեց հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի փուլային տարբերակին, ինչը ենթադրում էր, ի թիվս այլ քայլերի, գրավված տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին, նախքան Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ բանակցությունները։ Ընդդիմությունը, Ղարաբաղի ղեկավարությունը, իր իսկ կառավարության մի քանի անդամներ դեմ դուրս եկան այդ քաղաքականությանը, ինչը ի վերջո ստիպեց Տեր-Պետրոսյանին հրաժարական տալ։ Նրա հրաժարականից հետո տեղի ունեցածը, սակայն, բավական անհասկանալի է։ Ոչ ոք, ներառյալ նոր նախագահն ու իր թիմը, չեն ասել ընտրողներին, թե ո՞րն է հակամարտության կարգավորման իրենց ծրագիրը, ինչո՞վ է այն տարբերվում Տեր-Պետրոսյանի ծրագրից եւ ինչո՞ւ են իրենք համոզված, որ այդ ծրագիրը կհաջողվի իրականացնել։ Դեռ ավելին, խնդիրը համարյա չշոշափվեց նախագահական ընտրությունների ընթացքում։
Միակ հարցը, որի մեջ հարաբերական պարզություն է մտցվել, բանակցությունների փուլային տարբերակի մերժումն է հօգուտ փաթեթային տարբերակի, ինչը կպահանջի բոլոր վիճահարույց խնդիրների, ներառյալ գրավված տարածքների վերադարձի ու Ղարաբաղի կարգավիճակի, միաժամանակյա լուծում։ Սակայն բանակցային գործընթացի ռազմավարության նմանօրինակ շեշտադրումը կարող է ապակողմնորոշել։ Ի վերջո, պետք է հիշել, որ անցյալում Ղարաբաղը մերժել է նաեւ հարցի լուծման փաթեթային տարբերակը։ Չնայած ԱԳ նախարար Օսկանյանի վերջին հայտարարություններին այն մասին, որ Ղարաբաղը պետք է լինի ոչ անկախ, ոչ Հայաստանի մաս, ոչ էլ Ադրբեջանի (!), խնդիրն այնուամենայնիվ, թվում է, այն է, որ բանակցություններում Հայաստանն ու Ղարաբաղը պետք է պնդեն Ղարաբաղի դե յուրե անկախության ճանաչումը։
Կարդացեք նաև
Հարցերի հարցն այդ դեպքում հետեւյալն է. ի՞նչ պետք է անեն Հայաստանն ու Ղարաբաղը, եթե պարզվի, որ բանակցությունների ճանապարհով Ղարաբաղի դե յուրե անկախությանը հասնելն անհնար է։ Երկու եւ միայն երկու հնարավոր այլընտրանքներ կան այն պատասխանին, որ Տեր-Պետրոսյանն էր առաջարկում այդ հարցին։ Առաջին. Հայաստանն ու Ղարաբաղը կարող են դադարեցնել լուրջ բանակցությունները եւ ամեն կերպ ձգտել պահպանել ներկայումս գոյություն ունեցող «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ստատուս քվոն՝ անորոշ ժամանակով։ Երկրորդ. նրանք կարող են պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ՝ հույս ունենալով պարտության մատնել վերջինիս եւ ստիպել ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն։ Երկու այլընտրանքներն էլ, դժբախտաբար, վտանգավոր են Հայաստանի եւ Ղարաբաղի համար եւ, ամենայն հավանականությամբ, չեն հանգեցնի ցանկալի արդյունքին։
Հնարավո՞ր է արդյոք պահպանել ներկա ստատուս քվոն անորոշ ժամանակով Պնդել, որ Հայաստանն ու Ղարաբաղը պետք է շահագրգռված լինեն հնարավորին չափ արագ եւ փոխզիջումների ճանապարհով կարգավորելու հակամարտությունն Ադրբեջանի հետ, առաջին հայացքից ոչ միայն հակատրամաբանական է հնչում, այլեւ՝ տարօրինակ։ Վերջին հաշվով, Ադրբեջանը ռազմական պարտություն է կրել ու կորցրել իր տարածքի մի զգալի մասը, այն ունի հսկայական քանակությամբ փախստականներ, որոնք անտանելի տնտեսական բեռ են երկրի եւ քաղաքական բեռ՝ կառավարության համար։ Եթե այդ ամենին ավելացնենք Հայաստանի ու Ղարաբաղի անվիճելի գերակայությունն Ադրբեջանի նկատմամբ, ապա հայկական կողմից որեւէ զիջման գաղափարն իսկ ծիծաղելի է թվում։ Իհարկե, հակամարտության կարգավորման դեպքում Հայաստանը տնտեսապես կբարգավաճեր շատ ավելի արագ, ինչպես նաեւ կհաջողվեր խուսափել դիվանագիտական ճնշումներից, սակայն հազիվ թե արժե զիջումներ անել այդ նպատակների համար։
Չնայած դանդաղ, բայց տնտեսությունն, այնուամենայնիվ, աճում է, իսկ դիվանագիտական հայհոյախոսությանը եւ նույնիսկ նվազած տնտեսական օգնությանը կարելի է դիմանալ։ Հետեւաբար, Հայաստանն ու Ղարաբաղը կարող են նստել ու սպասել։ Դժբախտաբար, այս փաստարկը համոզիչ չէ, քանի որ այն ենթադրում է, որ ուժերի ներկա հարաբերակցությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կմնա անփոփոխ, մինչդեռ գոյություն ունեցող բոլոր փաստերը ստիպում են ընդունել, որ այն արդեն թեքվում է հօգուտ Ադրբեջանի, եւ այդ գործընթացը կշարունակվի նաեւ տեսանելի ապագայում։ Տարածաշրջանով հետաքրքրվող մասնագետների, դիվանագետների ու պետական գործիչների մեծամասնության համար, որոնք խոսել են հայ-ադրբեջանական հակամարտությունը փոխզիջումների միջոցով կարգավորելու օգտին, տնտեսական բարգավաճման հեռանկարը կամ դրան հակառակ՝ տնտեսական պատժամիջոցների սպառնալիքը, ինչպես նաեւ, կոշտ դիրքորոշման դեպքում Հայաստանի դիվանագիտական մեկուսացման հավանականությունը առանցքային ելակետեր են եղել։
Հարցն այս ձեւով դնելու դեպքում Հայաստանի կամ Ղարաբաղի կողմից որեւէ զիջման առաջարկն ընդունում է Ղարաբաղի անկախությունը մի քանի դոլարով փոխանակելու տեսք, ինչը ոչ միայն կլիներ սրբապղծություն, այլ նաեւ ակնհայտորեն իռացիոնալ քայլ։ Սակայն տնտեսական ձեռքբերումների կամ կորուստների վրա կենտրոնանալը զուտ տնտեսական տեսանկյունից անտեսում է ամենակարեւոր ու ամենամտահոգիչ խնդիրը. տնտեսական աճի հարաբերական ցուցանիշների տարբերությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, որն արդեն իսկ Հայաստանի օգտին չէ եւ չի լինի տեսանելի ապագայում, հատկապես Հայաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառման դեպքում, ուղղակի հետեւանքներ կունենա Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության առումով։ Որեւէ երկրի ռազմական կարողությունը սերտորեն կապված է այդ երկրի տնտեսական կարողության հետ, ինչը նշանակում է, թե որքան Ադրբեջանն ուժեղանա տնտեսապես, այնքան այն կհզորանա ռազմականապես։ Հետեւաբար, վաղն Ադրբեջանը կմերժի այն, ինչ պատրաստ է զիջել այսօր։ Ժամանակն աշխատում է Հայաստանի ու Ղարաբաղի դեմ, եւ նրանք պարզապես անորոշ ժամանակով սպասելու իրավունք չունեն։
Պատերազմ՝ հիմա՞
Ադրբեջանի հետ փոխզիջումների գնալն ակնհայտորեն վերը քննարկված խնդրի միակ հնարավոր լուծումը չէ։ Սկզբունքորեն գոյություն ունի մեկ այլ լուծում՝ կանխարգելիչ պատերազմ, ինչը պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ կիրառվել է հարաբերական անկում ապրող երկրների կողմից։ Հարաբերական անկում ապրող երկիրը կանխարգելիչ պատերազմ է սկսում ուժերի հարաբերակցության փոփոխությունը կանգնեցնելու նպատակով եւ իրեն ավելի վատթար ապագայից փրկելու հույսով։ Չպե՞տք է, արդյոք, Հայաստանն ու Ղարաբաղը մտածեն այս տարբերակի մասին։ Չպե՞տք է, արդյոք, նրանք պատերազմ սկսեն Ադրբեջանի դեմ հիմա, քանի դեռ հստակ ռազմական գերակայություն ունեն վերջինիս նկատմամբ։ Հաղթական ելքի դեպքում նման պատերազմը հնարավորություն կտա ե՛ւ կասեցնելու ուժերի հարաբերակցության փոփոխությունը, ե՛ւ ստիպելու Ադրբեջանին ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Ես չեմ կարծում, թե այդ պատերազմը լավ գաղափար է, եւ ոչ այն պատճառով, որ խաղաղությունը բարոյապես նախընտրում եմ պատերազմից։
Պատճառը հետեւյալն է. այդ պատերազմի ռազմավարական նպատակը չի կարող լինել Ադրբեջանի կատարյալ պարտությունից ու կապիտուլյացիայից պակաս որեւէ բան, ինչը, հավանաբար, իրատեսական չէ բազմաթիվ ռազմական, քաղաքական ու տնտեսական գործոնների բերումով։ Հայաստանն ու Ղարաբաղը թերեւս կարող են շահել մի քանի ճակատամարտեր, գրավել եւս մեկ կամ երկու ադրբեջանական շրջան (հավանաբար, նաեւ ռազմավարական տեսանկյունից կարեւոր Գյանջա քաղաքը), սակայն, լավագույն դեպքում, կլինի նոր փակուղային զինադադար՝ ոչ շատ տարբեր իրերի ներկա դրությունից, իսկ վատագույն դեպքում՝ պատերազմը կարող է վերածվել միմյանց դանդաղ հյուծելու մրցակցության, ինչը կարող է կործանարար լինել Հայաստանի եւ Ղարաբաղի համար։ Եթե տեղի ունենա նոր էսկալացիա, ապա Հայաստանին ու Ղարաբաղին անհրաժեշտ կլինի վճռական ու արագ հաղթանակ տանել։ Եթե պարզվի, որ դա անհնար է, եւ պատերազմը ընթանա դանդաղ հյուծման ռազմավարությամբ, ապա մարդկային ու նյութական ռեսուրսներով ավելի հարուստ կողմը, այսինքն՝ Ադրբեջանը, հակառակորդին ընկճելու ավելի լավ հնարավորություն կունենա։
Ադրբեջանին վճռական, արագ ու կատարյալ պարտության մատնելու համար Հայաստանին ու Ղարաբաղին անհրաժեշտ կլինի կիրառել մի ռազմավարություն, որը հայտնի է «բլիցկրիգ» անունով։ Այս ռազմավարության կիրառման դեպքում անհրաժեշտ չէ մարտի մեջ ներքաշել ճակատային գծի վրա տեղակայված հակառակորդի ստորաբաժանումները ճակատի ամբողջ երկայնքով, այլ հարկավոր է ճեղքել ճակատային գիծը մեկ կամ ավելի կետերում եւ առաջին հերթին ոչնչացնել հակառակորդի բանակի հաղորդակցա-հրամանատարական համակարգը։ Զրկված լինելով իր հաղորդակցա-հրամանատարական համակարգից, ժամանակակից որեւէ բանակ անկարող է արդյունավետ դիմադրություն ցույց տալ հակառակորդին, եթե նույնիսկ կարողացել է պահպանել մարդուժի ու զինամթերքի իր պաշարները։ Պաշտպանվող բանակի այն ստորաբաժանումները, որոնց չի հաջողվում ժամանակին նահանջել ճակատային գծից, հեշտ թիրախներ են դառնում իրենց գործողությունները կոորդինացնելու անկարողության պատճառով։ Հաջող բլիցկրիգի իրականացման համար անհրաժեշտ են չորս հիմնական նախադրյալներ. հարթ տեղանք, որը թույլ կտա զրահատանկային ստորաբաժանումների արագ տեղաշարժեր, առավելություն հակառակորդի նկատմամբ տակտիկական շարժունակության առումով, հարձակվող բանակի եւ հարձակման ընթացքում գրավվելիք տարածքի համաչափ հարաբերակցություն, ինչպես նաեւ տակտիկական օդուժի գերակայություն հակառակորդի նկատմամբ։
Հրադադարի ներկա գծից դեպի Ադրբեջան ընկած տեղանքը բավական հարմար է մեծ թվով զրահատանկային ու մեխանիզացված ստորաբաժանումների կիրառմամբ հարձակողական գործողությունների համար։ Հայաստանի ու Ղարաբաղի զինված ուժերի առավելությունները տակտիկական շարժունակության, գործողությունները կոորդինացնելու եւ ընդհանրապես հմտության առումով, նույնպես կասկածից վեր են։ Վերջին երկու նախադրյալների առումով, սակայն, ես այնքան էլ լավատես չեմ։ Տարածքը, որ անհրաժեշտ կլինի հայկական ուժերին ծածկել հարձակման ընթացքում, ըստ երեւույթին շատ մեծ է, եւ հարձակվող ստորաբաժանումների սփռվածությունը շատ նոսր կլինի։ Սփռվածության որոշակի կրիտիկական աստիճանից հետո հարձակումը պարզապես կկորցնի թափը։ Հայաստանն ու Ղարաբաղը չունեն նաեւ տակտիկական օդուժի գերակայություն, ինչը նշանակում է, որ հարձակվող զրահատանկային ստորաբաժանումները բավարար օդային աջակցություն չեն ունենա եւ խոցելի կլինեն ադրբեջանական օդուժի գրոհների համար։ Ահա թե ինչու ես կասկածում եմ, որ իրերի ներկա պայմաններում հայկական բլիցկրիգը հաջողությամբ կպսակվի։ Շարունակելի
ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետի դոկտորանտ