«Առավոտի» այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Դավիթ Վարդանյանի նշանակմանը եւ արդյոք իշխանությունների հասցեին իր որակումները նաեւ նրա՞ն են վերաբերում՝ Արշակ Սադոյանը պատասխանեց. «Գտնում եմ, որ ԱԺՄ անդամը շատ հստակ նշել է իր դիրքորոշումները եւ իր վրա ենթարկման որեւէ պարտավորություն չի վերցրել։ Եթե հարմարվողականության նկատառումներով նա փոխի իր համոզմունքներն ու քաղաքական գիծը, ապա իմ ասածները նաեւ նրան կվերաբերվեն։ Բայց համոզված եմ, որ նման բան չի լինի»։
ՄԵՐ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՀԸ
ՀՀՇ-ական շրջանակները մի փոքր այլ կերպ են տառադարձում «Արդարություն եւ միասնություն» համագործակցության անվանումը։ Նրանք պարզապես փոխում են միասնություն եւ արդարություն բառերի տեղը, ինչի արդյունքում ստացվում է ՄԱՀ։ Հիշեցնենք, որ մի ՄԱՀ էլ ունենք ի դեմս Միջազգային արժութային հիմնադրամի։
ՆԱԽԱՐԱՐԱՇԵՆ ՄԵՐՈՒԺԱՆԸ
Կարդացեք նաև
«ԱՐ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Մերուժան Տեր-Գուլանյանն օրերս հայտարարեց, որ Ռոլանդ Շառոյանի նշանակումով «Գարուն» ամսագրում իր ենթակայությամբ աշխատած բոլոր բաժնի վարիչները դարձան նախարար։ Այդ շարքը լրացնում են Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը եւ Հակոբ Մովսեսը։
ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐԸ
Կոնյակի գործարանում ֆրանսիացիների հայտնվելուց հետո արդեն իսկ առաջին ակնհայտ փոփոխությունն է արձանագրվել։ Դեպի գործարան տանող աստիճանների եզրաշերտին լուսասյուներ են տեղադրվել։