Պաշտոնաթողությունից հետո արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մեծ դժվարությամբ է շփման մեջ մտնում մամուլի ներկայացուցիչների հետ։ Սակայն, օրերս նրա հետ խոսելու առիթ ներկայացավ եւ պետք է ասել, որ նախկին արտգործնախարարը, էնպես, լավ էլ տեղը տեղին ասելիք ուներ։
Նա նախ հարկ համարեց նշել, որ պրն Օսկանյանի հետ մի 6-7 տարի աշխատել են միասին։ Սակայն վերջինս «Հայոց աշխարհ» թերթի մայիսի 22-ի համարում գրել է, թե նախկին իշխանությունները համաձայն էին, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում։ «Ճիշտն ասած, դա այնքան էլ չի համապատասխանում ճշմարտությանը։ Ավելին՝ կարելի է ասել, որ դա ստախոսություն է, իսկ արտգործնախարարին սուտ խոսելը վայել չէ»։ Իր եզրակացությունը Ա. Արզումանյանը հիմնավորում է այն իրողությամբ, թե չկա որեւէ փաստաթուղթ, ուր ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, ու դա ստորագրած լինեն կամ նախկին նախագահը, կամ էլ նախկին արտգործնախարարը.
«Եթե Վարդան Օսկանյանը գիտե որեւէ նման փաստաթղթի մասին, պիտի մինչեւ հիմա հրապարակած լիներ, որպեսզի ժողովուրդն անուններով իմանա, թե ովքեր են իր թշնամիները»։
Իր խոսքում նախկին արտգործնախարարը սեփական ենթակայության տակ եղած գերատեսչության աշխատանքի թափանցիկության խնդրին եւս հարկ համարեց անդրադառնալ։ Ալեքսանդր Արզումանյանի խոսքերով, երբ նշանակվել է արտաքին գործերի նախարար, իր առաջին նախաձեռնություններից մեկն էլ շատ լուրջ մամլո ծառայություն ստեղծելն է եղել։ Այդ նպատակով ԱՄՆ է գործուղվել ԱԳՆ մամլո քարտուղարը, որը մի քանի շաբաթվա ընթացքում հնարավորություն է ունեցել ծանոթանալ ԱՄՆ-ի պետքարտուղարության, Սպիտակ տան եւ ՄԱԿ-ի մամլո քարտուղարությունների աշխատանքների կազմակերպման մեխանիզմներին։ Ուսումնասիրված փորձը ՀՀ ԱԳ նախարարությունում դրվել է կիրառության մեջ։ «Իմ պաշտոնավարության օրոք սկզբունք էր, որ ամեն շաբաթ ԱԳՆ մամլո խոսնակը ասուլիս հրավիրի։ Բացի այդ, չկար որեւէ հարց, որը մենք թողնեինք անպատասխան։ Հարցն ընդունվում էր, եւ եթե քարտուղարը չուներ պատասխան, պարտավորվում էր օրվա վերջին գրավոր պատասխան ներկայացնել յուրաքանչյուր նման դեպքում»։
Խոսելով սեփական աշխատանքի թափանցիկության վերաբերյալ՝ Ա. Արզումանյանն ասաց, որ իր բոլոր այցելությունների մասին գրվել է ինչպես հայաստանյան մամուլում, այնպես էլ գերատեսչական բանբերում, «իսկ պրն Օսկանյանը, մեզ հասած տեղեկությունների համաձայն, մայիսի սկզբին այցելել է Մոսկվա, հանդիպել Եվգենի Պրիմակովի հետ։ Զրույցը տեւել է մի քանի ժամ, սակայն դրա մասին մեր մամուլը չգրեց։ Հիմա մենք չգիտենք՝ ի՞նչ է խոսել պրն Օսկանյանը, ինչո՞ւ էր գնացել, ո՞վ էր հրավիրել»։ Դա, ինչպես գնահատեց Ալեքսանդր Արզումանյանը, թափանցիկության բացահայտ խախտում է։
Կարդացեք նաև
Մեր խոսակցությունը հետո նորից վերադարձավ ղարաբաղյան թեմային։ Նախկին արտգործնախարարը հիշեցրեց, թե ԱԺ-ում բազմիցս առիթ է ունեցել հայտարարելու, որ իբրեւ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյա, ինքը չի կարող Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ամրագրող որեւէ փաստաթուղթ ստորագրել, քանի որ ՀՀ խորհրդարանի հայտնի որոշումը որեւէ պաշտոնյայի արգելում է մակագրել նման փաստաթղթի տակ։
Իսկ Վարդան Օսկանյանի գործունեությունը բնութագրելու առումով Ալեքսանդր Արզումանյանն ասաց հետեւյալը. «Նա եղել է փոխնախարար, ընդ որում՝ մեկ տարի 3 ամիս առաջին փոխնախարար։ Չեմ հիշում որեւէ դեպք, որ պրն Օսկանյանը չհամաձայներ երկրի ղեկավարության, նախագահի կամ արտգործնախարարի արտահայտած մտքերին։ Իսկ եռանախագահությանը տված մեր բոլոր պատասխանների անգլերեն տարբերակը, համենայնդեպս, խմբագրել է Վարդան Օսկանյանը, ընդ որում՝ մեծ ոգեշնչվածությամբ»։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ