Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալի ծանր բեռը

Հունիս 25,1998 23:16

Հայոց Համազգային Շարժում անունը կրող կազմակերպությունը կարող է, իհարկե, վերանվանվել «Երրորդ» կամ «Չորրորդ հանրապետություն», բայց դա նրան ամենեւին էլ չի օգնի գրավել դատարկ մնացած ընդդիմադիր տարածքը։ «Գլխավոր ընդդիմադիրը» դառնալու որոշ գաղափարախոսական հիմքեր ունենալով, ՀՀՇ-ն այսօր չի կարող լրջորեն մասնակցել քաղաքական կյանքին՝ հին մեղքերն են խանգարում։ Դա ամենից լավ հասկանում են իրենք՝ ՀՀՇ-ականները, որոնք այսօր փորձում են հասարակության աչքերում «մաքրազարդել» իրենց խարխլված իմիջը։ Հատկանշական է, որ նման խնդիր ունի միայն ընդդիմությունը։ Իշխանական կուսակցությունները, անկախ իրենց գործած մեղքերից, հասարակությունից խոսելու եւ գործելու թույլտվություն չեն հայցում. ուժն է ծնում այդ իրավունքը։

Կուսակցության կերպարը մեզանում որոշվում է ոչ թե ծրագրերով եւ գաղափարախոսությամբ, այլ՝ անձերով։ ՀՀՇ-ի դեպքում անձերը մարմնավորում են նախկին պետական վերնախավը, որին այսօր ծանրագույն քաղաքական եւ քրեական մեղադրանքներ են ներկայացվում։ Այդ մեղադրանքները դեռեւս չեն հնչել դատարանում, սակայն անվերապահորեն ընդունվում են հասարակության կողմից՝ մեծապես կաշկանդելով այդ կուսակցության գործունեությունը։ Իրավիճակից դուրս գալու համար որոշ քայլեր արվում են։ Բացառված չէ, որ Արա Սահակյանին ՀՀՇ վարչության փոխնախագահի պաշտոնից ազատելը միտված էր հենց նշված «մաքրազարդումներին»: Սակայն նման կոսմետիկ փոփոխություններով կուսակցությունը դժվար թե քաղաքական ապագա ունենա եւ անտարակույս կտապալվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Խնդիրն այն է, որ կուսակցությունն առ այսօր շիտակ պատասխան չի տվել իր գործած իրական մեղքերի համար եւ լրջորեն չի վերլուծել իր քաղաքական պարտության պատճառները։ ՀՀՇ-ի վերնախավի կարծիքով, դրան խոչընդոտում է Վանո Սիրադեղյանը, որը, սակայն, կուսակցական շարքերում որոշակի հեղինակություն ունի։ Սակայն, անկախ նրանից, թե ով է մեղավոր, անցյալի բեռն այնքան ծանր է, որ չափազանց խոցելի է դարձնում ոչ միայն ՀՀՇ-ականներին (նախկին եւ ներկա), այլեւ՝ ազատական գաղափարներն ընդհանրապես։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել