Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՓՈՂԸ ԼԱՎ ԲԱՆ Է

Հունիս 24,1998 00:00

ՓՈՂԸ ԼԱՎ ԲԱՆ Է Լա՛վ է, չէ՞, երբ դիմացինիդ համոզում ես, որ կարեւորը ոչ թե փողն է, այլ առողջությունը, որ երջանկությունն էլ փողով չես գնի, իսկ գրպանումդ այդ ժամանակ բավական մեծ գումար կա, որը ջերմացնում է սիրտդ ու հոգիդ։ Ի՞նչ թաքցնենք, մարդիկ սիրում են փողը։ Ու չնայած հաճախ ես կրկնում, որ սերն ու փողը միմյանց հետ որեւէ կապ չունեն, փողը լավ էլ փոխարինում է սիրուն։ Օրինակ, Սիլվեսթըր Ստալոնեի նախկին կինը՝ Բրիջիթ Նելսոնը, հանրահայտ դերասանի հետ ընդամենը մեկուկես տարի ապրելուց հետո, բաժանվեց եւ վեցուկես միլիոն դոլար ստացավ։ Բայց եթե կանայք ցանկանում են նման ճանապարհով պատկառելի գումար ձեռք բերել, փորձագետները խորհուրդ են տալիս չշտապել։ Օրինակ, մեկ այլ հայտնի դերասանի՝ Մայքլ Դուգլասի կինը՝ Դիանդրան համբերեց քսան տարի, իսկ հետո ամուսնալուծվելիս՝ համատեղ կյանքի յուրաքանչյուր տարին գնահատեց երկուսուկես միլիոն դոլար։ Պատկերացնո՞ւմ եք, ի՜նչ ահավոր էր Մայքլ Դուգլասի հետ ապրելը, եթե կինն այդքան մեծ փոխհատուցում է պահանջել, եւ դատարանն էլ բավարարել է նրա հայցը։ Ընտանեկան կյանքում շատ ավելի անտանելի են ռեժիսորները։ Սթիվեն Սփիլբերգի կինը՝ Սոմի Իրվինգը, ընդամենը չորս տարի ապրեց նրա հետ, բայց ստացավ մոտ 100 միլիոն դոլար, այսինքն 25 միլիոն՝ յուրաքանչյուր տարվա համար։ Կարելի է ենթադրել, ուրեմն, որ Սփիլբերգը ամուսնական կյանքում ուղիղ տասն անգամ ավելի սարսափելի է, քան Մայքլ Դուգլասը։ Ի դեպ, արագ հարստանալու հնարավորություն ունեն ոչ միայն կանայք, այլեւ տղամարդիկ, նույնիսկ գործազուրկները։ Դիցուք, էլեկտրիկ Թոմ Հայդենը, որն առանց աշխատանքի էր մնացել, մի քանի տարի առաջ հիվանդանոցում ծանոթացավ Էլիզաբեթ Թեյլորի հետ, որը բուժվում էր ալկոհոլիզմից։ Երկու տարի հայտնի դերասանուհու հետ ապրելուց հետո նախկին գործազուրկը մոտ 10 միլիոն դոլար ստացավ։ Այնպես որ, Հայաստանի գործազուրկներն էլ չպետք է վհատվեն։ Պարզապես անհրաժեշտ է ճիշտ պահի ընկնել հիվանդանոց եւ ծանոթանալ ճիշտ մարդու հետ։ Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի գործ է։ Անցած տարի Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավար Արամ Վարդանյանին հարցրի՝ կա՞ն, արդյոք, Հայաստանում միլիարդատերեր։ Նա նախ ճշտեց՝ դրամային, թե դոլարային, իսկ հետո կարծիք հայտնեց, որ միլիարդ դոլար ունեցող մեր հանրապետությունում հաստատ չկա։ Սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ Հայաստանի նման փոքր երկրում միլիարդատերեր ընդհանրապես չեն կարող հայտնվել։ Աշխարհի ամենահարուստ մարդը գերտերություններից որեւէ մեկի քաղաքացի չէ։ Նա ապրում է Հարավ-Արեւելյան Ասիայում, Բորնեո կղզում։ Այս պետությունը՝ Բրունեյը իր բնակչության թվով Հայաստանից մոտ 12 անգամ փոքր է. այնտեղ ապրում է ընդամենը 285 հազար մարդ։ Բայց նրանք մահմեդականներ են, իսկ հայտնի է, որ մահմեդականությունն ու նավթը անխզելի հասկացություններ են։ Եվ, իրոք, կղզում, ի տարբերություն Հայաստանի, նավթի ու գազի մեծ պաշարներ կան։ Իսկ ի տարբերություն Ղարաբաղի, որտեղ թեժ վեճեր են ընթանում ղեկավար պաշտոնների համատեղման հնարավորության շուրջ, Բրունեյում այդ հարցը վաղուց արդեն լուծված է՝ սուլթանը ոչ միայն պետության ղեկավարն է, այլեւ վարչապետը, ֆինանսների ու ներքին գործերի նախարարը։ Սուլթանը ոչ միայն շատ պաշտոններ ունի, այլեւ շատ մեքենաներ՝ 153 հատ «Ռոլս-ռոյս», շատ ձիեր՝ մի քանի հարյուր նժույգ, մեծ բնակտարածություն՝ նրա հսկայական պալատում կա մոտ 1800 սրահ ու սենյակ։ Փաստորեն միայն կանանց թիվն է փոքր՝ սուլթանն ունի ընդամենը երկու կին։ Փոխարենը միապետի կուտակած միլիարդների քանակը գրեթե հասնում է նրա տարիքին՝ 50։ Հսկայական հարստության աղբյուր կարող են դառնալ ոչ միայն նավթն ու գազը, որոնք հայերը չունեն, այլեւ խելքը, որն, ինչպես հայտնի է, հայերն ունեն։ Հենց իր նոր գաղափարներով վերափոխեց կոմպյուտերային աշխարհը «Մայքրոսոֆթ» ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը եւ աշխարհի մեծահարուստների ցուցակում գրավեց երկրորդ տեղը՝ 37 միլիարդ։ Սակայն Բրունեյի սուլթանի եւ Բիլ Գեյթսի ունեցվածքների տարբերությունը իրականում շատ ավելի մեծ է։ Սուլթանի փողը, ինչպես ասում են, կենդանի փող է՝ շենքեր Լոնդոնում, թանկարժեք քարեր, պալատներ, եվրոպական հյուրանոցներ, մեքենաներ, ինքնաթիռներ եւ այլն։ Եթե սուլթանը նեղն ընկնի, անմիջապես կարող է դրանք վաճառել միանգամայն պատկառելի գումարով։ Այնինչ Բիլ Գեյթսի կարողության 90 տոկոսը իր «Մայքրոսոֆթ» ընկերության արժեթղթերն են։ Եթե հանկարծ Գեյթսը որոշի վաճառել դրանց թեկուզ 15 տոկոսը, արժեթղթերի գինը կընկնի մեկ երրորդով, իսկ եթե ցանկանա վաճառել իր ողջ բաժինը եւ ստանալ 30 միլիարդ դոլար, ընկերությունը պարզապես կփակվի։ Բացի նավթից, գազից ու խելքից, հարստանալու ուրիշ աղբյուր կա՝ բախտ։ Հայերը դա լավ գիտեն, այդ պատճառով էլ Երեւանում սնկի նման աճում են «Բինգոյի» սարահներն ու կազինոները, իսկ փողոցներում ամեն քայլափոխի վիճակախաղերի տոմսեր են առաջարկում։ Ի դեպ, մոլախաղի սիրահարներ են նաեւ օտարերկրյա մեծահարուստները։ Միլիարդատերեր Դոլանդ Թրամփն, օրինակ, անցած տարի 1 միլիոն խաղագումար էր դրել բռնցքամարտիկ Էվանտեր Հոլիֆիլդի հաղթանակի օգտին։ Գրեթե բոլորը համոզված էին, որ կհաղթի Մայք Թայսոնը եւ խաղագումարների հարաբերակցությունը մեկը քսանի էր։ Հիշում եք, երեւի, Թայսոնը կծեց մրցակցի ականջը եւ Հոլիֆիլդը թեեւ կորցրեց ականջի մի մասը, սակայն հաղթող ճանաչվեց, որի հետեւանքով Թրամփը իր մեկ միլիոնի դիմաց 20 միլիոն ստացավ։ Իսկ դուք ասում եք՝ մոլախաղը հիմարություն է։ Հայաստանում շատերը, չգիտես ինչու, համոզված են, որ հարուստ դառնալու համար բավական է ղեկավար դառնալ։ Միգուցե դրա պատճառն այն է, որ ժողովրդի աչքի առջեւ ակնհայտորեն փոխվեց ղարաբաղյան շարժման նիհար ու նրբակազմ ղեկավարներից շատերի արտաքինը։ Իրականում, սակայն, պետության ղեկավարները՝ նույնիսկ զարգացած երկրներում, համեմատաբար քիչ են ստանում։ Իտալիայի վարչապետը՝ չորսուկես հազար, Ֆրանկոյի նախագահը՝ 10 հազար, Բիլ Քլինթոնը՝ 16 ու կես հազար դոլար։ Ամենից շատ ստանում է Հելմուտ Քոլը՝ 21 հազար։ Եվ դա, թերեւս, արդարացված է՝ Գերմանիայի կանցլերը մեծ է, նրան շատ է պետք։ Հայաստանի նորընտիր նախագահը, փա՛ռք Աստծո, Քոլի նման գեր չէ, սպորտով է զբաղվում եւ մեր հարկատուների վրա շատ ավելի էժան է նստում՝ 80 հազար (բայց՝ դրամ), այսինքն ամիսն ընդամենը 160 դոլար։ Ճիշտ է, արեւմտյան նախագահները պաշտոնաթողությունից հետո հնարավորություն ունեն մեծ գումարներ վաստակել՝ հուշեր հրատարակելով կամ դասախոսություններ կարդալով։ Մեկ դասախոսության համար վճարվող հոնորարը հաճախ հասնում է 100 հազար դոլարի։ Հայաստանի դեպքում նախկին ղեկավարի կողմից նման գումար վաստակելը մի քիչ կասկածելի է։ Օրինակ. ի՞նչ եք կարծում, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկներ արտասահման, ասենք՝ Ղարաբաղ եւ այնտեղ դասախոսություն կարդար Ղարաբաղյան հարցի կարգավորման մասին, նրան 100 հազար կվճարեի՞ն։ Եվ վերջում մի խորհուրդ նրանց, ովքեր անպայման մտադրվել են միլիոնատեր դառնալ։ Մի գաղտնիք ասեմ՝ դրա համար իրականում ոչ նավթ ու գազ, ոչ էլ խելք ու բախտ է պետք ունենալ։ Ահավասիկ, միլիոնատերերին հարցնում են՝ ինչպե՞ս եք միլիոնատեր դարձել։ – Շատ հասարակ։ Երկու զույգ ձեռնոց գնեցի 1 դոլարով եւ վաճառեցի 1 դոլար 5 սենթով։ Հետո այդ փողով երկու կապոց թուղթ գնեցի՝ հատը 1 դոլար 5 սենթով, եւ վաճառեցի 1 հատը 10 սենթով։ – Իսկ հետո՞։ – Հետո էլ քեռիս մեռավ ու ինձ 10 միլիոն դոլար ժառանգություն թողեց։ *** Է՜, միլիոնատեր քեռի էլ չունեցանք, բերե՛ք, բերե՛ք էդ անտեր օղին… Է՛հ, հերն էլ անիծած կյանքի, ինչպես ասում էր գրողը, որ հետո ժամանակավորապես գլխավոր ոստիկան աշխատեց։ ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել