Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՎԱՆԸ ՇԻՆԵՆՔ, ԿԱՐՍՆ ԱՎԵՐԵՆՔ»

Հունիս 24,1998 00:00
Araqeloc

Թուրքական ընկերությունների որոշումը՝ վերականգնել Աղթամար կղզու ս.Խաչ հայկական եկեղեցին, տասնամյակներ շարունակվող վանդալիզմի հազարավոր դեպքերից հետո չափազանց անսովոր է հնչում։ Այնուհանդերձ, ծանոթանալով նախաձեռնության մանրամասներին՝ համոզվում ենք, որ նման քայլը պայմանավորված չէ միայն հայկական մշակույթի նկատմամբ անսահման հոգատարությամբ։ Ստամբուլի Առեւտրական գրասենյակի նախաձեռնությամբ ստեղծված «Դողու Հոլդինգ» ընկերությունը լծվել է այս գործին՝ նպատակ ունենալով մինչեւ 2000 թվականը Վան քաղաքը դարձնել տուրիզմի կենտրոն՝ դրանից բխող շահավետ հեռանկարներով։

Վերջերս 80 հոգուց կազմված մի հատուկ հանձնախումբ մեկնեց երկրի արեւելյան շրջանները՝ վերջին հանգրվան ունենալով Վանը։ Ուղեւորության նպատակն էր եւս մեկ անգամ ծանոթանալ տարածքի հեռանկարներին եւ ճշտել աշխատանքների ուղղությունները։ Իսկ այսօր «Դողու Հոլդինգ» ընկերության վարչության նախագահ Մեհմեդ Ելթարմը համարձակորեն հայտարարում է, թե Վան քաղաքն իրենց կողմից ընտրված է որպես «մեքքա-քաղաք», որ կարող է հրապուրել հազարավոր ուխտավորների եւ զբոսաշրջիկների։ Այդ պատճառով էլ նրանք ստանձնել են Վանի 2 հյուրանոցների, ինչպես նաեւ Աղթամարի հայոց եկեղեցու վերանորոգման աշխատանքները՝ խոստանալով դրանք ավարտել մինչեւ 2000թ.։

«Վանը կրոնների եւ քաղաքակրթությունների օրրան է հանդիսացել, ու զբոսաշրջիկներ հրապուրելու համար շատ հարմար բնակավայր է»,- գրում է թուրքական մամուլը։ Այստեղ մեծ հույսեր են փայփայում, որ միայն Քրիստոսի ծննդյան 2000-ամյակի առթիվ քաղաքը կընդունի տասնյակ հազարավոր հյուրերի։ Վերադառնալով Աղթամարի հուշարձանների ճակատագրին՝ նշենք, որ ս. Խաչի վերանորոգման գաղափարը ծնվեց կես տարի առաջ, երբ մի քանի թուրք նախարարներ այցելեցին Աղթամար կղզին։ Ենթադրվում է, որ վերանորոգման համար կպահանջվի շուրջ 15 միլիոն դոլար։ Թուրքական կողմը չի զլացել դիմելու Հայաստանին՝ օժանդակող հանձնախումբ ուղարկելու նպատակով։ Հասկանալի է, որ հայ մասնագետներն այսօր Աղթամարի եկեղեցիների մասին շատ ավելի արժեքավոր նյութեր ու ուսումնասիրություններ ունեն, քան կարելի է գտնել Թուրքիայում։ Այս խմբին ամենայն հավանականությամբ կընկերակցի ազգությամբ հայ մի պրոֆեսոր՝ Ստամբուլի համալսարանից։

Վանի շրջանը, որն Իրանի հետ ամենաերկար սահմանագիծն ունի, միայն անցյալ տարի սահմանային առեւտրում իրականացրել է 46 միլիարդ դոլարի ներմուծում։ 800 հազարի հասնող քաղաքի բնակիչները դժգոհ են իրենց նկատմամբ ցուցաբերված անփութությունից եւ պահանջում են ոչ միայն վերականգնել քաղաքը, այլեւ ընդլայնել տեղի օդանավակայանի հնարավորությունները։ Նրանք հուսով են, որ, ի վերջո, սայլը տեղից կշարժվի։ Իսկ մինչ թուրքերը շեփորում են հայկական հուշարձանի նկատմամբ իրենց հոգատար վերաբերմունքի մասին, երկրի մյուս անկյունից՝ Կարս քաղաքից միանգամայն հակառակ տրամադրությամբ ահազանգեր են հնչում։

Կարսի Առաքելոց եկեղեցին, որ հիմնվել է 10-րդ դարում եւ իր որմնաքանդակներով ու որմնանկարներով հանդերձ մշակույթի գլուխգործոց է համարվում, պատրաստվում են վերածել մզկիթի։ Փաստն այնքան վրդովեցնող է, որ թուրք ընթերցողներից մեկը տեղական թերթում ստիպված էր հետեւյալը գրել. «Այս եկեղեցին, որ մարդկային տիեզերական մշակույթի նմուշներից մեկն է, չպետք է մզկիթի փոխակերպվի։ Այս շրջանում պետք եղածից ավելի մզկիթներ կան արդեն։ Բացի այդ, նման որոշումը ցեղապաշտական, շերիաթապաշտական մտածելակերպի ցուցանիշ է»։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ փորձ է արվում Առաքելոց եկեղեցին ոչնչացնել։ Մի ժամանակ, տեղի տալով բնակիչների դժգոհությանը՝ կառույցը հանձնվեց Կարսի քաղաքապետարանին։ Նույնիսկ երկրի մշակույթի նախարարը խոստացավ ձեռք չտալ եկեղեցուն՝ առաջարկելով ներսում կազմակերպել արվեստի ցուցասրահ կամ թանգարան։

Այժմ պարզվում է, որ նա էլ չհարգեց իր խոստումը։ Եվ խոսել Աղթամարի վերանորոգման մասին՝ մոռանալով Առաքելոց եկեղեցու ավերումը, այնքան բնորոշ է թուրք «արվեստի գնահատողներին»։

ԱՆԻ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930