Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ներդրումների քաղաքական ենթատեքստը

Հունիս 24,1998 00:00
nerdrumner

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն, ինչպես հայտնի է, զբաղվում է նախկին ԽՍՀՄ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների տնտեսական բարեփոխումների աջակցությամբ։ Այդ բարեփոխումներն ընթանում են ոչ միատեսակ հաջողությամբ, եւ, առավել եւս, ոչ միատեսակ տեմպերով, իսկ դրանց գնահատման կարեւորագույն ցուցանիշներից մեկն այն է, թե ի՞նչ ծավալի ուղղակի օտարերկրյա ներդրումներ են կատարվել տվյալ երկրում։ Պետք է ենթադրել, որ ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կախված է նրանից, թե որքանո՞վ է տվյալ պետությունն ի վիճակի պահպանել տնտեսական կայունությունն ու բարեփոխումների տեմպերը։ Պարզ ասած՝ որքանո՞վ է տվյալ պետությունը հեռանկարային։

Ըստ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, 1997 թ. ուղղակի օտարերկրյա ներդրումների պատկերը նախկին սոցիալիստական ճամբարի երկրներում հետեւյալն է (մեկ բնակչի հաշվով). Հունգարիա-306 դոլար, Սլովենիա-170, Լատվիա-160, Էստոնիա-138, Ադրբեջան-132, Լեհաստան-116, Խորվաթիա-105, Չեխիա-97, Ղազախստան-75, Լիտվա-67, Բուլղարիա-52, Ռումինիա-41, Ռուսաստան-24, Թուրքմենստան-22, Մոլդովա-17, Սլովակիա-15, Բելառուս-12, Վրաստան-12, Ղրղըզստան-11, Ալբանիա-10, Մակեդոնիա-8, Ուկրաինա-8, Հայաստան-7, Ուզբեկստան-3, Տաջիկստան-3։ Ըստ էության, այս թվերը պետք է ցույց տան, թե որքանո՞վ է տվյալ պետության տնտեսությունը հեռանկարային։ Բայց ամենամակերեսային վերլուծությունն անգամ ցույց է տալիս, որ խնդիրը միայն տնտեսական չէ։

Ավելին՝ մի շարք հանգամանքներ ենթադրել են տալիս, թե տվյալ դեպքում խնդրի զուտ տնտեսական կողմը երկրորդական է, եւ առաջնայինը քաղաքականն է։ Այսպես, ակնհայտ է, որ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը մեծ է այն երկրներում, որտեղ ակտիվ են Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալու ձգտումները։ Այլ կերպ ասած, այդ ձգտումները որոշակիորեն նյութապես խրախուսվում են։ Դրա լավագույն օրինակը, թերեւս, Չեխիայի եւ Սլովակիայի՝ տնտեսության զարգացման գրեթե նույն հնարավորություններն ունեցող երկրների ցուցանիշների ընդգծված տարբերությունն է։ Հայտնի է, որ մինչ Չեխիան ամբողջովին դեմքով շրջվել է դեպի Արեւմուտք, Սլովակիան շարունակում է խուսանավել Ռուսաստանի եւ Արեւմտյան Եվրոպայի միջեւ։

Փաստորեն, ներքաղաքական կայունությունը նույնպես էական դեր չի խաղում։ Այլապես ինչո՞վ բացատրել, օրինակ, բավականին բարձր ցուցանիշները՝ Խորվաթիայում եւ Սլովենիայում, եւ համեմատաբար ցածր ցուցանիշները՝ Բուլղարիայում կամ Ռումինիայում։ Մանավանդ որ, ներքաղաքական կայունությունն ինքնին զգալիորեն կախված է օտարերկրյա ներդրումների ծավալից։ Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի ցուցանիշներին, ապա հազիվ թե դա հնարավոր լինի բացատրել միայն Ադրբեջանի նավթային պաշարներով։ Փաստորեն, Ադրբեջանում բնակչության մեկ շնչի հաշվով մոտ 20 անգամ ավելի շատ ներդրումներ են կատարվել, քան Հայաստանում։ Բայց ակնհայտ է, որ եթե պատճառը նավթային պաշարների առկայությունը լիներ, ապա այս ցուցանիշով առաջին տեղում կլիներ Ռուսաստանը։ Ներքաղաքական կայունությունը նույնպես էական չէ, որովհետեւ Ադրբեջանն այդ առումով շատ ավելի անկայուն է, քան Հայաստանը։ Մնում է ենթադրել, որ այստեղ եւս պատճառները զուտ քաղաքական են. Ադրբեջանն ամեն կերպ պայքարում է ռուսական ազդեցությունն Անդրկովկասում թուլացնելու ուղղությամբ, իսկ Հայաստանը շարունակում է ընկալվել որպես տարածաշրջանում Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակից։

Այս իրավիճակն ինքնին խորհելու տեղիք է տալիս։ Ինչպե՞ս պատահեց, որ տնտեսական բարեփոխումների առաջամարտիկ եւ առաջինը հողի սեփականաշնորհում իրականացրած պետությունն այսօր ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալներով գտնվում է վերջին տեղերից մեկում։ Ինչպե՞ս պատահեց, որ աջուձախ հայտարարելով, թե ղարաբաղյան հակամարտությունը ռազմաճակատից տեղափոխվել է տնտեսական դաշտ, հասանք այն օրին, որ մեր հակառակորդը ուղիղ 40 անգամ ավելի շատ ուղղակի ներդրումներ է ապահովում։ Եվ, վերջապես, եթե ցանկացած քաղաքականություն ի վերջո տնտեսական շահեր է հետապնդում, ապա արժե՞ արդյոք որդեգրել այնպիսի քաղաքականություն, որը տնտեսապես շահավետ չէ։

ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930