Ռուսաստանի ամենահզոր ֆինանսական կայսրություններից մեկի՝ «Խնայբանկի» շինությունը աչքի է ընկնում մոսկովյան ճարտարապետության ընդհանուր ֆոնի վրա եւ շենքը ոչ այնքան աշխատատեղ է, որքան՝ սեփական հզորության ապացույց, ինչպես «Գազպրոմի», «Լուկոյի» եւ նմանատիպ մյուս շինությունները։ Քաղաքաշինության վերջին նորաձեւության համաձայն, այն գրեթե ամբողջովին ապակուց է, եւ հեռվից երկնագույն աշտարակի տպավորություն է թողնում։ 25 հարկանի այս շինության 24-րդ հարկում է գտնվում Ռուսաստանի աշխատանքի եւ սոցիալական զարգացման նախկին նախարար, ներկայումս «Խնայբանկի» փոխնախագահ Գենադի Մելիքյանի աշխատասենյակը։ Չնայած զբաղեցրած բարձր եւ գերբարձր պաշտոններին, Մելիքյանը պահվածքով պարզ է, չունի հետխորհրդային պաշտոնյաներին հատուկ սնոբիզմի դրսեւորում։ Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույց մեր հայրենակցի հետ, որի նպատակը ոչ այնքան նրա աշխատանքային կենսագրությանը ծանոթանալն է, որքան հենց իրեն՝ հայ ընթերցողին ներկայացնելը։
– Գենադի Գեորգեւիչ, Դուք Ռոստովի՞ ծնունդ եք։
– Ավելի ճիշտ՝ ես ծնվել եմ Ռոստովի ճանապարհին։ Համենայնդեպս՝ գրանցված եմ Կրասնոդարի երկրամասում։ Հայրս ղարսեցի է, նա Ռոստով է եկել վաղուց, մինչեւ պատերազմը, ընդունվել է ինստիտուտ, եւ այդտեղ էլ մնացել ապրելու։
– Այսինքն Դուք նորնախիջեւանյա՞ն արմատներ չունեք։
Կարդացեք նաև
– Ոչ, նա ծնվել է Ղարսում։ Եվ երբ Թուրքիայում սկսվել են հայկական ջարդերը, նա ընկել է փախստականների ինչ-որ ճամբար։ Իսկ հեղափոխությունից առաջ հայտնվել է Գյումրիում։ Նրա ողջ ընտանիքը ապրել եւ ապրում է Լենինականում, նույնիսկ դժվար է ասել՝ նա ավելի շատ ղարսեցի՞ է, թե՞ լենինականցի։ Այն բանի համար, որ նա ծնվել է Ղարսում, քիչ մնաց ժամանակին խնդիրներ առաջանային ինձ հետ։ Երբ ես ընդունվում էի աշխատանքի, եւ ըստ աշխատանքի բնույթի իմ անունով ձեւակերպում էին համապատասխան թույլտվություններ՝ խնդիրներ ծագեցին, չէ՞ որ Ղարսը նրանց համար Թուրքիայում է։
-Դուք սովորել եք Ռոստովո՞ւմ, թե՞ Մոսկվայում։
-Սկզբում ես ընդունվեցի Ռոստովի մեքենաշինական ինստիտուտը, սովորեցի երեք տարի եւ թողեցի։ Գնացի Մոսկվա եւ ընդունվեցի համալսարան։ Այն ժամանակ ես ամբողջովին տարված էի դեմոգրաֆիայի խնդիրներով, իսկ ՄՊՀ-ի տնտեսական ֆակուլտետում դա շատ ուժեղ ստորաբաժանում էր եւ ես տրամադրված էի սովորել հենց այնտեղ։ Թեպետ ստացվեց այնպես, որ ես հետագայում զբաղվեցի քաղաքատնտեսությամբ։ Այնտեղ էլ ավարտեցի ասպիրանտուրան, պաշտպանեցի դիսերտացիան։ Իսկ երիտասարդ տարիներին շատ էի տարված սպորտով։
-Եվ ի՞նչ սպորտով։
-Ձողացատկով։ Եվ, ճիշտն ասած, այս առումով, Հայաստանի սպորտկոմիտեն ինձ փորձում էր գայթակղել։ Երբ սովորում էի տասներորդ դասարանում, ստացա հեռագիր հետեւյալ տեքստով. «Շուտ թռիր Երեւան։ Ցանկացած բուհ երաշխավորում ենք։ Հայաստանի սպորտկոմիտե»։ Ես երեք անգամ ԽՍՀՄ-ի չեմպիոն եմ եղել երիտասարդների մեջ։ Նույնիսկ պատանեկան մրցումներում ռեկորդ եմ սահմանել։ Սակայն Երեւանից ստացվող բազմաթիվ հրավերներից ավելի շատ գոհ էին ծնողներս։ Բայց ես տրամադրված էի Ռոստովում սովորելու։ Հիշում եմ, երբ 1967 թվականին Մեխիկոյի օլիմպիադայի նախաշեմին ԽՍՀՄ մրցույթներ էին անցկացվում Լենինականում, երբ ես գցում էի ձողը, ամբողջ մարզադաշտում լսվում էր ափսոսանքի այնպիսի մի հոգոց, ինձ համար ցավում էին եւ ինձ շատ հաճելի էր դա։ Առաջին տեղն այդ մրցումներում զբաղեցրեց աշխարհի ռեկորդակիր Իգոր Տեր-Հովհաննիսյանը։
-Իսկ ինստիտուտում այլեւս չէի՞ք զբաղվում սպորտով։
-Ռոստովում դեռ զբաղվում էի, իսկ Մոսկվա գալուց հետո՝ ոչ։ Ավարտելուց հետո սկսեցի աշխատել, եւ շատ արագ շարժվել առաջ։ Արդեն խորհրդային տարիներին ես բավական բարձր պաշտոններ էի զբաղեցնում։ Իմ վերջին պաշտոնը ԽՍՀՄ-ի օրոք եղել է տնտեսական բարեփոխումների գծով պետխորհրդի փոխնախագահի պաշտոնը։ Նախագահը վարչապետն էր։ Այն ժամանակ մենք բոլորս հեղափոխականներ էինք։
-Ավարտելուց հետո հաճա՞խ եք եղել Հայաստանում։
-Իմ Մոսկվա գալուց հետո ծնողներս տեղափոխվեցին Երեւան։ Կարճ ժամանակ անց այնտեղ մահացավ մայրս։ Դրանից հետո հայրս ինձ հետ ապրում էր Մոսկվայում, բայց մահվանից առաջ կտակեց, որ իրեն եւս հուղարկավորեն Հայաստանում։ Հայաստանում ես մեծ բարեկամություն ունեմ, որը հիմնականում ապրում է Գյումրիում։ Երկրաշարժից հետո ես բավական երկար ժամանակ աշխատեցի Երեւանում, որտեղ պատասխանում էի քաղբյուրոյի հանձնաժողովի հանձնարարականների համար։
-Գենադի Գեորգեւիչ, ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ ձեր նախարար եղած ժամանակ որքան էլ իրավիճակը բարդ էր այդ ասպարեզում, ձեզ առանձնապես չէին քննադատում։
-Որովհետեւ ես ողջ կյանքումս որոշակի սկզբունքներ եմ ունեցել։ Լավ գիտեի իրավիճակը եւ երբեք չէի փորձում խաբել մարդկանց. ո՛չ մարդկանց, ո՛չ ղեկավարությանը։ Թե՛ կառավարությունում, թե՛ դաշնության խորհրդում, թե՛ Պետդումայում ես ասում էի այն, ինչ կա։ Ես այդ բարդ իրավիճակում փորձում էի անել ամեն ինչ, որպեսզի իրավիճակը չսրվի։ Մեծ նվաճում եմ համարում այն, որ համատարած տնտեսական անկման պայմաններում մեզ հաջողվեց թույլ չտալ սոցիալական ոլորտի աղետալի փլուզում եւ զանգվածային գործազրկություն։ Սոցիալական ոլորտը շատ կոնսերվատիվ է, շատ իներցիոն։ Ես միշտ այն տեսակետն եմ ունեցել, որ օգնել պետք է նրանց, ովքեր իսկապես ունեն այդ օգնության կարիքը։ Դրանք հիմնականում երեխաներն են եւ ծերերը, իսկ ով ի վիճակի է աշխատել՝ պետք է աշխատի։ Եվ այդ պահերը ինձ մասամբ ազատում էին քննադատությունից։ Թեպետ քննադատում էին, եւ շատ էլ հաճախ, բայց գրեթե բոլորն էլ հասկանում էին, որ սոցիալական ոլորտը չի կարող տնտեսությունից առանձին զարգանալ։
-Իսկ Հայաստանի քաղաքական գործիչների հետ ի՞նչ հարաբերություններ ունեք։
-Հրաշալի։ Իմիջիայլոց, շատ լավ ծանոթ եմ վարչապետ Արմեն Դարբինյանի հետ։ Ես նրան զանգեցի, հենց որ իմացա նրա նշանակման լուրը։ Նրան ես համարում եմ բացառիկ տաղանդավոր մարդ եւ տնտեսագետ։ Դարբինյանին ես ճանաչում էի, երբ նա դեռ ուսանող էր, եւ դա ինձ թույլ է տալիս, որպեսզի ես ասեմ, որ վստահ եմ՝ նրա մոտ ամեն ինչ կստացվի։ Նա Հայաստանը կկարողանա հանել տնտեսական ծանր ճգնաժամից։
-Իսկ քաղաքականություն չե՞ք ուզում վերադառնալ։
-Քաղաքականությունից ես դուրս չեմ էլ եկել, եւ այսօր էլ ինձ բավական շատ պաշտոններ են առաջարկում։ Բայց առայժմ ձեռնպահ եմ մնում։
Զրույցը վարեց ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ Մոսկվա