Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻԴԻԿԸ, ՊԱՐԶՎԵՑ, ՊՈՒՊՈՒՇ ԷՐ, ԻՍԿ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՆԱՆՅԱՆԸ՝ ՎԱՏԸ

Հունիս 24,1998 00:00
femida

Кто  этот пострадавший? Кто этот Лидик?

Աստծո պատվիրաններից մեկը զգուշացնում է՝ մի դատիր, որ չդատվես։ Հեշտ է ասել, իսկ եթե քո գործը հենց դատե՞լն է (ուրիշ ինչո՞վ զբաղվել են դատավորներն ու դատախազները)։ Դե, նրանք էլ աջ ու ձախ դատում են։

«Անզգուշության հետեւանքով ստացել են թեթեւ մարմնական վնասվածք»

Եթե հալած յուղի տեղ ընդունենք ՀՀ դատախազության հայտարարությունը, ապա ԱՄՆ դեսպանատան աշխատակից Մորգան Լիդիկը չի ծեծել երկու տասնամյա հայ տղաներին, այլ վերջիններս «անզգուշության հետեւանքով ստացել են թեթեւ մարմնական վնասվածք»։ Հավանաբար, պարոն Լիդիկը իր նոր աշխատանքի վայրում՝ Պանամայում, իմանալով ՀՀ դատախազության վերոհիշյալ վճռի մասին, քթի տակ, ամերիկացուն հատուկ սառնասրտությամբ ժպտացել է եւ սկսել է անչափ կարոտել հայ երեխաներին, նրանց կոտրած ծիրանի ծառի ճյուղը, նույնիսկ թռցրած պտուղը եւ Հայաստանի դատն ու դատախազությունը։ Իսկ Արման Տեր-Հակոբյանի եւ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը օր-օրի կարող է վատանալ եւ անկանխատեսելի հետեւանքներ ունենալ։ Դեռ պետք է շնորհակալ լինենք, որ դատախազությունը չի վճռել, թե երեխաներն են Լիդիկին ծեծել։ Անկեղծ ասած, այլ որոշում չէինք էլ սպասում, հայ ենք, չէ՞, օտարամոլությունը մեր հիմնական հատկություններից է։ Եթե ընդունենք, թե դատախազությունը «քաղաքական» վճիռ է կայացրել, ապա ինչ վճիռ է կայացնում պետությունն ինքը, երբ անուշադրության է մատնում երկու անչափահաս երեխայի եւ պետական հոգածություն հանդես չի բերում իր երկրի քաղաքացիների հանդեպ։

Ամերիկացիներն իրենց երկրի հիմնը լսելիս արտասվում են։ Ճիշտ էլ անում են, քանի որ այդ երկիրը պաշտպանում է իր քաղաքացիների շահերը։ Իսկ մերոնք զգուշացնում են՝ Լիդիկին հանգիստ թող, դու չգիտես հետո ինչ կլինի։ Երկու անչափահաս երեխայի առողջության մասին հոգալով, նրանց ծնողներին որոշ նյութական եւ բարոյական ուշադրություն ցուցաբերելով, կարծում ենք, իբրեւ պետություն, չէինք վիրավորի ամերիկացիներին։ Ճակատագրի հեգնանքով, երկու օր առաջ Ուկրաինայի դեսպանատան մոտ խաղալիս, երկրորդ դասարանցի Ալիկ Բադալյանը նույն չարաբաստիկ ծիրանի մեկ այլ ծառից ընկել է դեսպանատան բակը։ Սակայն, ի տարբերություն ամերիկացիների, ուկրաինացիներն իրենց դեսպանատան մեքենայով երեխային հասցրել են հիվանդանոց, որտեղ նրան ցույց է տրվել բժշկական օգնություն։ Այս մարդասիրական մոտեցումը կարող է երկու բացատրություն ունենալ. կամ ուկրաինացիներն ամերիկացիներից մանկասեր են, կամ էլ վախեցան Լիդիկի գլխին եկած աղմուկից։ Մխիթարվենք նրանով, որ ամերիկացիների օրինակն այնքան էլ վարակիչ չէ, եւ հուսանք, որ հայկական ծիրանն այլեւս հայ երեխաներին մարմնական վնասվածք չի պատճառի։

Ուշացած բաց նամակի փակ մտքերը

Երեւանի բժշկական համալսարանի պրոֆեսոր Անանյան՝ արդեն վաղուց հայտնի եւ աղմկահարույց գործի մասին թերթը բազմիցս գրել է եւ իր դիրքորոշումն այս հարցում արտահայտել է առանց թաքցնելու։ Անկեղծ ասած, մենք վստահ էինք, որ թեմայի շուրջ ամեն ինչ ասված է եւ այլեւս հարկ չկա վերոհիշյալ խնդրին անդրադառնալ։ Պարզապես խմբագրությանը հասցեագրված բազմաթիվ նամակները՝ ի պաշտպանություն պրոֆեսոր Անանյանի, մեզ ստիպեցին վերջերս մեկ անգամ եւս անդրադառնալ թեմային՝ տպագրելով պրոֆեսոր Անանյանի բժշկած բազմաթիվ երեխաներից մեկի մոր փոքրիկ շնորհակալական նամակը։ Էրեբունու ժողդատարանում տեղի ունեցած դատավարությունից եւ պրոֆեսոր Անանյանի ներկայացրած հայցի մերժումից որոշ ժամանակ անց թերթը պատրաստեց հարցազրույց պրոֆեսորի հետ, սակայն հարմար չգտավ հրապարակել, քանի որ դատավարությունից բավական ժամանակ էր անցել եւ մեզ թվաց, թե ամեն ինչ ասված է։

Ժամանակավրեպ լինելը վտանգավոր երեւույթ է, սակայն, չգիտես ինչու, «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթը կուլ է տվել Երեւանի բժշկական համալսարանի հրամցրած խայծը եւ բժշկական համալսարանի պրոֆեսոր Անանյան դատավարությունից բավականին երկար ժամանակ անց, համաձայնել է տպագրել բաց նամակ՝ հասցեագրված Սարգիս Անանյանին։ Վերջինս այս պահին Երեւանում չէ, այլ Բելգրադում մասնակցում է տեղի բժշկական համալսարանի 50-ամյակին նվիրված արարողությանը։ Դժվար թե համալսարանի կողմը չիմանար այս մասին։ Մենք հակված ենք ենթադրել, որ, այսպես կոչված, բաց նամակը միտումնավոր է տպագրվել այս օրերին, երբ պրոֆեսորը պարզապես չէր կարող կարդալ եւ պատասխանել։ Հավատարիմ՝ հետեւողական լինելու մեր սկզբունքին, հարկ ենք համարում մի քանի նկատառումներ հայտնել «Այս ամբողջ պատմության մեջ մեղավոր ես ոչ միայն դու» վերնագրով նամակին։ Այն ստորագրել են Երեւանի բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանը, օրթոպեդիկ-ստոմատոլոգիայի եւ թերապեւտիկ-ստոմատոլոգիայի ամբիոնների վարիչները։

Հարգարժան պարոնայք, այսպիսի նամակ գրելով, եւ իրենց գործընկերոջը «խրատելով», անկասկած, չեն մտածել, որ այդպիսով ոտնահարում են նաեւ իրենց սեփական իրավունքները։ Մենք համաձայն ենք նրանց հետ միայն մեկ հարցում։ Այն է, որ այս ամբողջ պատմության մեջ այլ մեղավորներ եւս կան։ Ի՞նչ էր պրոֆեսորի ուզածը. նորմալ աշխատանքային եւ մարդկային հարաբերություններ, աշխատելու եւ ստեղծագործելու պայմաններ։ Ակնհայտ է, որ վերադասներին հարկավոր չէր, ավելին՝ խանգարում էր պրոֆեսորի աշխատանքը, քանի որ, ինչպես պնդում էր Սարգիս Անանյանը, ինքը չէր ցանկանում դառնալ խամաճիկ եւ անվերապահորեն կատարել վերադասի բոլոր հրահանգները։ Նամակում ասվում է, որ պրոֆեսորը ազատված չէ աշխատանքից, այլ միայն ամբիոնի վարիչի պարտականություններից։ Հետո էլ իրենք իրենց հերքելով, հայտնում են, թե միայն աշխատանքի տարածքն է փոխված, որում պրոֆեսորը կարող է աշխատել՝ որպես ամբիոնի պրոֆեսոր։ Եվ այս ամենն այն դեպքում, երբ փետրվարի 12-ի հայտնի դեպքերի հետեւանքում առգրավված են աշխատանքի բոլոր միջոցները, աշխատանքից ազատված են պրոֆեսորին մինչեւ վերջ հավատարիմ 15 բուժքույրերը։

Չենք ցանկանում մանրանալ եւ նամակին պատասխանել տող առ տող, պարզապես ուզում ենք ասել՝ ամոթ է, պարոնայք, դատն ու դատարանը շեղեցիք, մասնագետին զրկեցիք աշխատելու պայմաններից, 15 բուժաշխատողների եւ նրանց ընտանիքներին թողեցիք բախտի քմահաճույքին, ուրիշ ի՞նչ եք ուզում, ինչո՞ւ եք փորձում ձեր իսկ պղտորած ջրում ձուկ որսալ։ Մենք կիսում ենք «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի մեր գործընկերների կարծիքն այն մասին, թե Անանյանի գործում ամեն ինչ ասված է։ Նաեւ հասկանում ենք նրանց անհանգստությունը՝ չլինի թե Անանյանի կողմնակիցները որոշեն պատասխանել վերոհիշյալ նամակին՝ իրենց թերթի էջերում։ Կարող ենք միայն ենթադրել, թե այդ անհանգստությունն ինչի արդյունք է եւ նամակի տպագրությունն ինչ է նստել թերթի վրա։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930