Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՍԱՐԻ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՎԱՍԱՐԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Հունիս 24,1998 00:00
byuje

Ազգային ժողովը քննարկեց անցած տարվա բյուջեի կատարողականը։ Անխռով քննարկեց։ Մեր պատգամավորները հարցեր քննարկելու սեփական մեթոդ ունեն մշակած։ Նախ հանգիստ քվեարկում-ընդունում են առաջարկված ծրագրերը։ Իսկ հետո (անգամ տարիներ հետո) զգաստանում են ու բորբոքված փորձում փոխել սեփական որոշումները։ Կոնյակի գործարանի սեփականաշնորհման հարցի քննարկումը ասվածի լավագույն օրինակ-ապացույցն է։ Կառավարության կողմից հունիսի հինգին ներկայացրած բյուջեի հաշվետվության երկրորդ օրինակը ստացել էր պատգամավորների մեկ երրորդը։ Կարելի է ենթադրել, որ մյուսներին այդ հարցը պակաս էր հետաքրքրում։

Բյուջեի կատարողականի հաշվետվությունը մի շարք հետաքրքիր փաստեր էր պարունակում

Ինչպես նախորդ տարիներին, այս դեպքում էլ բյուջետային ծախսերը կատարվել են ոչ թե ըստ որոշակի համամասնական սկզբունքի, այլ, հավանաբար, ուրիշ մեթոդով։ Գուցե՝ ըստ ճաշակի։ Բյուջետային ֆինանսավորման ցուցանիշը հնարավոր է դիտարկել որպես պետական կյանքում իշխանության տվյալ օղակի վարկանիշ։ Որքան բարձր է ֆինանսավորման տոկոսը՝ այնքան կարեւոր է իշխանության տվյալ մարմինը։ Ձեւականորեն, իհարկե, նրանք բոլորն էլ հավասար կարեւորություն ունեն։ Սակայն խորհրդային տարիներից դեռեւս գիտենք, որ հավասարների մեջ միշտ էլ ավելի հավասարներ են լինում։

Եթե համաձայնվեցիք մեր ներկայացրած սկզբունքին, ապա կարելի է անել հետեւյալ դատողությունները։ Իշխանության բարձրագույն (կամ առավել ազդեցիկ) մարմիններից ամենահավասարը. ըստ բյուջեի 1997 թ. կատարողականի, հարկավ ՀՀ կառավարությունն է։ Նա ինքն իրեն թույլ է տվել տասը տոկոս գերածախս տալ։ ՀՀ կառավարության աշխատակազմը 678,6 մլն դրամի փոխարեն ծախսել է 750,3 մլն դրամ։ Հաջորդը նախագահի աշխատակազմն է, որը բյուջեից ստացել է այնքան, որքան «հասնում» էր՝ 583 մլն դրամ։ Իշխանության բարձրագույն օղակում ամենապակաս հավասարը Ազգային ժողովն է, որը ստացել է հասանելիքի ընդամենը 86 տոկոսը։ Իշխանության մեկ աստիճան ցած օղակի՝ նախարարությունների մեջ, ինչպես նախորդ տարիներին, ամենահավասարը, բնականաբար, ֆինանսների նախարարությունն է իր 17,7 տոկոս գերածախսով։ Մյուս նախարարությունների ֆինանսավորման ցուցանիշները պակաս վարդագույն են։ Առողջապահության ոլորտն, օրինակ, ֆինանսավորվել է 77 տոկոսի չափով, սոցիալական ոլորտը՝ 74,8 տոկոսով։ Ասվածը պետք է ընկալել որպես ուժի ցուցադրման յուրատեսակ ձեւ։ Պարզապես պետք է հիշել, որ իշխանության հավասար օղակների մեջ կան ավելի կարեւոր հավասար օղակներ։ Ուժի ցուցադրության տեսանկյունից դիտարկումը մեզ շատ արագ կհասցնի հակասությունների։ Որովհետեւ վերջին տարիներին մի գեղեցիկ ավանդույթ կա մշակված՝ թեր ֆինանսավորված ոլորտների մեջ ամեն տարի առաջնային տեղ է զբաղեցնում, օրինակ, ՀՀ դատախազությունը։

Գեղեցիկ ավանդույթ

Վերջին տարիների բյուջեների կատարողականը ուսումնասիրելիս կարելի է գտնել որոշակի նմանություններ։ Այդ նմանությունները տարեցտարի կրկնվելով, ավանդույթի են վերածվել։ Նախորդ տարիների նման ֆինանսավորման ցածր ցուցանիշներ ունեն Մաքսային վարչությունը (67 տոկոս), ժողդատարանները (77 տոկոս), ՀՀ դատախազությունը (82 տոկոս), ՀՀ դատախազության տեղական մարմինները (75 տոկոս), գիտության եւ կրթության նախարարությունը (74 տոկոս)։ Այս կայուն միտումը լուրջ բացատրություն չունի։ Կա մեկ բացատրություն, որը մենք չենք կարող այդպիսին համարել։ Փորձագետների մի մասը կարծում է, որ բյուջեի սպասարկողները այս ոլորտները համարում են ինքնաֆինանսավորվող եւ նրանց հաշվին խնայում են բյուջետային սուղ միջոցները։ Այս տրամաբանությունն, իհարկե, արատավոր է, որովհետեւ բյուջետային միջոցներ խնայվում են բազում այլ օղակներից։

Ազգային անվտանգության գծով 1997-ի կատարողականը կազմել է 87 տոկոս։ Չենք կարծում, թե սա եւս ինքնաֆինանսավորվող ոլորտ է։ Ինչպես նաեւ չենք կարծում, որ անցած տարի ազգային իմաստով պակաս ենք անվտանգվել ուղիղ 13 տոկոսի կամ 504 մլն դրամի չափով։ Պարզապես այս համակարգը դեռեւս չի մտել ավելի հավասարների ցուցակ։ Իսկ, այ, առողջապահության, սոցիալական ապահովության համակարգերը հանգիստ կարելի է համարել ինքնաֆինանսավորվող ոլորտներ։ Նրանք բյուջեից ստացել են հատկացվածի, համապատասխանաբար, 77 եւ 75 տոկոսները։ Վերջին ամիսներին Ազգային ժողովի ղեկավարությունը հարմար բոլոր առիթներով դժգոհում է Ազգային հեռուստատեսությունից։ Նույնիսկ հաշվեքննել էր հեռուստատեսության հաշվապահությունը։ Սակայն խորհրդարանական քննարկումների ժամանակ ոչ ոք չհետաքրքրվեց, թե ինչու է հեռուստառադիոհաղորդումների գծով վճարվել հատկացված գումարի ընդամենը 87 տոկոսը։ Պառլամենտականների մոտ էլ հարմար պահին հետաքրքրասիրության բացակայությունը դառնում է գեղեցիկ ավանդույթ։

Մեկ այլ գեղեցիկ ավանդույթի հեղինակ են հանրապետության նախորդ բոլոր կառավարությունները։ Նրանց պահուստային ֆոնդում չգիտես ում հաշվին եւ որտեղից միշտ ավելորդ գումար կա։ 1997 թվականի բյուջեով կառավարության պահուստային ֆոնդը 1 մլրդ 400 մլն դրամ էր։ Այս գումարից կառավարությունը հաջողացրել է ծախսել 1 մլրդ 740 մլն դրամ։ Կառավարության այս «նոու-հաուն» անձամբ ինձ շատ է հետաքրքրում։ Ես էլ ՀՀ շարքային բոլոր քաղաքացիների ու ՀՀ կառավարության նման ստացածից ավելի ծախսելու կարիք ունեմ։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930