«Երբ ես նայում եմ ցուցակները, թե ովքեր են կոնյակի գործարանի հարցով պահանջում նոր նստաշրջան, ինձ համար պարզ է՝ ինչ է կատարվում։ Մարդիկ, որոնք ժամանակին ուղղակի պատասխանատու էին երկիրը թալանելու համար, հիմա մեկ առանձին գործարանի շատ ակտիվ պաշտպանն են դարձել»,- հունիսի 20-ին մտավորականության հետ հանդիպման ժամանակ ասել էր Ռոբերտ Քոչարյանը։ Եվ Շահեն Պետրոսյանի, Վահագն Խաչատրյանի վերաբերյալ որոշ հայտարարություններ կատարելուց հետո՝ նաեւ ասել էր. «Պարոն Եգորյանը, որը հեղինակ է ընտրությունների մասին օրենքի։ Հեղինակն է նաեւ 96-ի, 95-ի ընտրությունների եղած-չեղածի, նաեւ՝ այսօրվա Սահմանադրության գաղափարախոսներից մեկն էր»։
«Իմ անունը հնչել է, ես պատասխանելու իրավունք ունեմ»,- շատ հաճախ խորհրդարանում ասում են պատգամավորները։ Նույն նկատառումով նաեւ նախագահի ասածներին պատասխանելու հնարավորություն ընձեռեցինք «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Էդվարդ Եգորյանին. «Ով ասես կարող է 1995-ի ընտրությունների մասին խոսել, բայց չեմ կարծում, թե 1998-ի իր ընտրությունից հետո Ռոբերտ Քոչարյանն այդ թեմայով խոսելու բարոյական իրավունք ունի։ Եվս մեկ անգամ պնդում եմ, որ եթե 1995-ի խախտումները եւ կեղծիքները x համարենք, ապա 1998-ի երկրորդ փուլում լցված քվեաթերթիկների քանակը գերազանցում է x+350 հազարը։ Եթե Ռոբերտ Քոչարյանը կասկածում է ասածիս ճշմարտացիությանը, ապա կարող է որեւէ հանձնաժողով ստեղծել, որի մեջ նաեւ ես կլինեմ եւ որին կտրվեն 1998-ի ընտրություններին երկրորդ փուլում քվեարկողների ցուցակները։ Եվ մենք հեշտությամբ կպարզենք, թե քանի մարդկանց փոխարեն են ուրիշները քվեարկել։ Հույս ունեմ, որ այդ ցուցակները չեն ոչնչացվի եւ մենք ի վիճակի կլինենք պատմական ճշմարտությունը պարզել։ Նաեւ հիշեցնեմ, որ 1996-ի նախագահական ընտրություններին ես որեւէ մասնակցություն չեմ ունեցել, իսկ Ռոբերտ Քոչարյանը չափազանց հստակ եւ հրապարակայնորեն Լեւոն Տեր-Պետրոսյանին էր պաշտպանում եւ հետո էլ չհրաժարվեց վարչապետի պաշտոնից։ Ես նաեւ ոչ մի կերպ չեմ հասկանում, թե անցյալի դեպքերն ինչպե՞ս կարող են կոնյակի գործարանի վաճառքը հիմնավորել, որի անհամապատասխանությունը հանրապետության շահերին որոշակի է։ Սա Ռոբերտ Քոչարյանն է իրականացնում եւ պարտավոր է այդ գործարքի նպատակահարմարությունը հիմնավորել, այլ ոչ թե դիմել դրա հետ կապ չունեցող պատմական անցուդարձերին։ Հակառակ դեպքում, նման մեթոդը եւս մեկ ապացույց է, որ այս գործարքը լուրջ հիմնավորում չունի։ Հանրապետության նախագահին խորհուրդ կտայի շուտափույթ արտահերթ նստաշրջան հրավիրել եւ փորձել այնտեղ բանավիճել եւ փաստարկներ ներկայացնել։ Եվ եթե չկարողանա՝ պարտավոր է այդ գործարքից հրաժարվել։ Լավ, ասենք Եգորյանը 1995-ի ընտրությունների հեղինակն է, բայց Արշակ Սադոյանն էլ հո պատասխանատուներից չէ՞՝ թող նրան լսի եւ գործարքը չեղյալ հայտարարի (մեր զրույցին ներկա Արշակ Սադոյանը հավելեց. «Ճիշտ կանի, որ միշտ ինձ լսի»։- Ա. Ի.)։ Ինչ վերաբերում է նրան, որ ես այսօրվա Սահմանադրության գաղափարախոսներից մեկն եմ՝ սա չափազանց լուրջ հարց է, որ անգամ հանրապետության նախագահն առանց լրջորեն խորանալու տեսակետներ հայտնի։ Համենայնդեպս, հենց այս Սահմանադրության վրա է երդվել Ռոբերտ Քոչարյանը, եւ ոչ ոք նրան չէր ստիպել այդ արարողությունը կատարել»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. «Վահագն Խաչատրյանը եղել է քաղաքապետ։ Մենք կարող ենք հրապարակել, թե ինչ էր կատարվում Երեւանում սեփականաշնորհման գործընթացում իր քաղաքապետ եղած ժամանակ»,- Ռոբերտ Քոչարյանի այս արտահայտությունների առնչությամբ էլ Էդվարդ Եգորյանն ասաց. «Մեկ տարուց ավելի է, ինչ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի իշխանության համակարգում բարձրագույն պաշտոններն է վարում եւ բավարար ժամանակ ուներ պարզելու, թե ով ինչպես է սեփականաշնորհում իրականացրել»։ Սակայն այս ամենի մասին առավել մանրամասն՝ Վահագն Խաչատրյանի հետ հարցազրույցում, որ կհրապարակվի «Առավոտի» առաջիկա համարներից մեկում։