Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Հունիս 24,1998 14:09

Պատասխանատվության չափը

«Առավոտը» մեկ հարց ուղղեց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանած կուսակցությունների ներկայացուցիչներին. «Իշխանամե՞տ, իշխո՞ղ, իշխանավո՞ր, թե՞ ընդդիմադիր կուսակցություն եք դուք այսօր։ Որքա՞ն է ձեր պատասխանատվության չափը»։ Պատասխանները՝ ստորեւ։

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը սկզբում փորձեց խուսափել հարցին ուղիղ պատասխան տալուց, ասելով՝ մենք կուսակցություն ենք։ «Սակայն դա ձեզ չի ազատում պատասխանատվություն ստանձնելու կամ դրանից հրաժարվելու անհրաժեշտությունից»` մեր դիտարկմանը հետեւեց Հայդեմկուսի առաջնորդի բերվող պատասխանը.

-Այնքանով, որքանով, տվյալ պահին, ես պատասխանատու եմ արտաքին քաղաքականության համար, այնքանով էլ մենք պատասխանատվություն կրում ենք։ Մնացած բոլոր բնագավառներում պատասխանատվությունը կրում են այն օղակները, որոնք հիմա տնօրինում են համապատասխան ոլորտները։ Ինչ վերաբերում է Հայդեմկուսին, ապա ասեմ, որ կուսակցությունը շարունակում է գործել իր ծրագրին համապատասխան։ Չենք հրաժարվելու մեր որեւէ սկզբունքային դիրքորոշումից։ Եթե հարկ լինի կառավարությանը քննադատել՝ կքննադատենք, եթե մեր սկզբունքների գործադրմանը հասնելու համար պայքարելու անհրաժեշտություն առաջանա՝ կպայքարենք։

Սուսաննա Պողոսյան – «Արդարություն եւ միասնություն» համագործակցության քարտուղար

-«Արդարություն եւ միասնություն» համագործակցությունում ընդգրկված են այնպիսի կուսակցություններ, որոնք կա՛մ ի սկզբանե են պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, կա՛մ էլ՝ այդ թեկնածության շուրջ համախմբվել ավելի ուշ։ Ասել, որ ԱՄՀ-ին մաս կազմող կուսակցություններն ընդդիմադիր են՝ առնվազն տարօրինակ կլինի։ Իմ կարծիքով, պատասխանատվությունը ներկա իշխանության թե՛ հաջողությունների, թե՛ անհաջողությունների համար, կիսում են այն հինգ կուսակցությունները, որոնք ի սկզբանե պաշտպանել են Քոչարյանին։

Ներսես Զեյնալվանդյան – ԻՄ փոխնախագահ

-Ցավոք սրտի, ՀՀ-ում դեռեւս չի ձեւավորվել քաղաքական այն դաշտը, որի պայմաններում կուսակցություններին հստակորեն կարելի է ընդդիմադիր կամ իշխանամետ համարել։ Երբ ԱԺ-ն, իրոք, քաղաքական ամբողջ դաշտի հարաբերակցությունը կարտահայտի եւ կառաջանա կուսակցությունների խմբավորում, որոնք եւ մեծամասնություն կկազմեն, այդ ժամանակ արդեն կերեւա՝ ԻՄ-ը, տվյալ պարագայում, մեծամասնությա՞ն, թե՞ փոքրամասնության դիրքորոշումն է արտահայտում։ Քաղաքական պատասխանատվություն, ընդհանրապես բոլոր կուսակցություններն են կրում. անկախ նրանից ընդդիմադիր են, թե՝ ոչ։ Մենք մեր մասով, մանավանդ նախագահական այս վերջին ընտրություններից հետո, իհարկե, պատասխանատվություն կրում ենք։ Բայց՝ միայն մեր մասով։ Այն է՝ նախագահի հետ համաձայնության ենք եկել պետաիրավական համակարգի բարեփոխումների հարցերի համալիրի շուրջ։

Ալբերտ Բազեյան – «Երկրապահ» ԿՄ փոխնախագահ, ԱԺ փոխնախագահ

-«Երկրապահ» պատգամավորական խումբը խորհրդարանում, այո, մեծամասնություն է, սակայն դա այն մեծամասնությունը չէ, որ հնարավորություն ունենա հարցերը լուծել իր հայեցողությամբ։ Այսօր «Երկրապահը» չունի այդ մեծամասնությունը։ Պարզապես, ԱԺ ամենամեծաքանակ խումբն է։ Այսքանով՝ ԱԺևում ընդունվող օրենքների բովանդակության եւ որակի առումով, մեր խումբը, իրոք, պատասխանատվություն կրում է։ Իսկ ինչ վերաբերում է գործադիր իշխանությանը, ապա մենք արդեն առիթ ունեցել ենք ասելու, որ չենք կարող լիարժեքորեն պատասխանատվություն ստանձնել կառավարության տնտեսական քաղաքականության համար։ Կառավարությունում ընդամենը երկու նախարար կա, որ ԵԿՄ անդամ է։ Նրանք առաջ էլի իշխանության մեջ էին։ Պաշտպանության նախարարը, որը, բնականաբար, պատասխանատու է երկրի պաշտպանվածության համար եւ Դավիթ Զադոյանը, որը նախկին իշխանությունների օրոք եւս նախարար եղել է։

Հրանտ Խաչատրյան – ՍԻՄ նախագահ

-Քանի դեռ չի ավարտվել իշխանության համակարգի ձեւավորումն ամբողջությամբ, ՍԻՄևն իրեն համարելու է կուսակցություն, որը երկրորդ փուլում պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանին՝ համաձայնելով արտաքին քաղաքականության մեջ նրա կատարած դրական փոփոխություններին։ Միաժամանակ արձանագրենք, որ ՍԻՄևը դեմ է նրա կադրային քաղաքականությանը՝ մասնավորապես կառավարության եւ մարզպետների նշանակման հարցում։ Քաղաքական պատասխանատվությունը, կարծում եմ, պետք է համապատասխան լինի այն իրականացնելու հնարավորությանը։ ՍԻՄ-ն առայժմ քաղաքական պատասխանատվություն է զգում նախագահական արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում Դեմիրճյանի եւ Քոչարյանի միջեւ կատարած իր ընտրության համար։ Բայց, իշխանությունների գործելակերպի համար մենք չենք կարող պատասխանատվություն ստանձնել, որովհետեւ՝ մենք առայժմ գործում ենք իշխանություններից դուրս՝ գուցե թե հենց չորրորդ իշխանությունում։ Այդքանի համար մենք պատասխանատվություն վերցնում ենք։

Հարություն Կարապետյան – ՀՌԱԿ ատենապետ

-Իշխող, իշխանամետ, իշխանավոր անվանումները զուտ պայմանականություններ են. սխեմա է դա։ Իրականում Հայաստանում տեղի ունեցավ հետեւյալը. ՀՌԱԿևն իր հայտարարություններում բազմիցս նշել է, զգում ենք՝ Հայաստանում տեղի են ունենում քաղաքական տեղաշարժեր, որոնք հետեւանք են վերջին տարիներին կուտակված օբյեկտիվ եւ սուբյեկտիվ սխալների։ Մենք ոչ թե Ռոբերտ Քոչարյանի անձն էինք պաշտպանում, այլ՝ նրա մոտեցումները եւ այն փոփոխությունները, որոնք նա կբերի հայ քաղաքական իրականություն։ Սա է խնդիրը, իսկ իշխանամետ կամ իշխանամոլ լինելը երկրորդական է։ Էական չէ դա։ Սխալ կլինի ասել, որ Հայաստանում որեւէ ուժ ունի իշխանության մոնոպոլիա։ Նույնիսկ ԵԿՄ-ն ԱԺ-ում չունի մոնոպոլիա։ Այն կուսակցությունները, որոնք պաշտպանել են Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, պատասխանատվությունը, եւ ոչ թե իշխանությունը կիսելու պատրաստակամությամբ, ընդառաջ գնացին իրենց արված առաջարկներին։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930