Մոսկվայի բացասական վերաբերմունքը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այսօր ավելի քան տեսանելի է դարձել: Բոլոր քիչ թե շատ լուրջ դիտորդները վստահ են, որ մեր նախագահը հարմար չէ Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար: Պարզ չէ սակայն, թե ինչպիսի քայլեր է ձեռնարկելու Մոսկվան մոտ ապագայում:
Ռոբերտ Քոչարյանի դեմ «փաստարկներ» գտնելու առումով, Մոսկվայում առանձնապես գլուխ չեն կոտրում: Քաղաքական կուլուարներում հայտարարվող «փաստարկներն» ավելի քան անհեթեթ են. «Հայաստանը սկսել է ավելի շատ վերահսկվել Միջազգային արժութային հիմնադրամի կողմից, Հայաստանում սխալ է անցկացվում սեփականաշնորհումը, վաճառվում է կոնյակի գործարանը, Հայաստանի ղեկավարությունը չափից դուրս է սիրաշահում Ֆրանսիային, Քոչարյանը սխալ կադրային քաղաքականություն է վարում, Քոչարյանը շտաբ-բնակարան չի հատկացրել Ռուսաստան-Բելառուս-Հայաստան նախաձեռնությանը» եւ այլն:
Այդ բոլոր «փաստարկները» մեջ եմ բերում բառացիորեն. «արդարատենչ» հայոց հասարակայնությանն առաջարկվում է հատվածներ «Նեզավիսիմայա գազետա» թերթից եւ մոսկովյան հայության բամբասանքներից: Կեղծիքը մնում է կեղծիք: Բայց, տվյալ դեպքում, «փաստարկների» մակարդակը մեզ համար փոքր-ինչ վիրավորական է: Վրաստանում անցկացվելիք միջոցառումների համար Մոսկվան բավականին բարեխղճորեն մշակում է միջոցառումների համակարգ, եւ այդ նախաձեռնություններին սատար են կանգնում այնպիսի լուրջ մարդիկ, ինչպիսին է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովը: Հայաստանի դեպքում կանցնեն եւ բացահայտ կեղծիքներ: Մեզ չի հարգում ոչ միայն մոսկովյան պետավտոտեսչությունը, այլեւ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ Յումաշեւը, Օրեխովը, Սեւոստյանովը:
Մոսկվան խորապես թքած ուներ 3,5 մլն ցրտահարված եւ սոված հայերի տառապանքների վրա, ամեն կերպ պաշտպանելով նախորդ ռեժիմը անախորժություններից: Հիմա նրա սիրտը սկսել է ցավել վաճառված հայկական կոնյակի համար եւ խանդ է առաջացել ֆրանսիացիների հանդեպ: Ռուսները նեղացել են նաեւ, որ «Արդշինբանկը» վաճառվում է «Մենատեպին» եւ ոչ թե «Ռուսաստանյան ազգային կրեդիտին»: Այդ ամենը սակայն բացարձակ կատակերգություն է: Ինչ-որ չափով կարող է ջղայնություն առաջացնել Աղասի Արշակյանին եւ Թելման Գդլյանին տարածք չտրամադրելը: Բայց ով կհավատա, որ դրանից կարող է նեղանալ Լուկաշենկոյին սաստիկ ատող Ելցինի շրջապատը:
Կարդացեք նաև
Կան սակայն նաեւ դժգոհության իրական պատճառներ: Մոսկվայում Տեր-Պետրոսյանի հեռացումը երկակի է դիտվում: Երբ դա ձեռնտու է որոշ անձանց եւ որոշակի զեկույցների համար, դա ներկայացնում է որպես «իրենց» ջանքերի արգասիքը («թույլ տվեցինք ԵԱՀԿ-ին ստորացնել հայերին Կոպենհագենից առաջ, եւ նրանց նյարդերը չդիմացան»): Սակայն, երբ առաջարկվում է դիտել հեռանկարները, ապա ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանն «իրենց» սխալ հասկացավ («չէր կարելի այսպես վարվել, հասկանալի եւ կանխատեսելի Տեր-Պետրոսյանի հետ»): Ռուսաստանի դժգոհությունն առաջացել է ոչ թե կոնյակի գործարանի վաճառքի ժամանակ, այլ ավելի վաղ, երբ Մոսկվան սկսեց ուշադրություն դարձնել Կարեն Դեմիրճյանի վրա:
Սակայն ինքը՝ Կարեն Սերոբովիչը, նույնպես չի կարող դժգոհության պատճառ լինել: Դեմիրճյանը չի դիտվում Մոսկվայում որպես հարյուր տոկոսանոց պրոռուսական գործիչ: Բոլոր նախկին առաջին քարտուղարների նման, Դեմիրճյանը գերպրագմատիկ գործիչ է եւ, բնականաբար, կձգտեր արտասահմանյան ներդրումների, որոնք կարելի է գտնել միայն Արեւմուտքում:
Ռուսաստանյան դժգոհության հիմնական պատճառն այն է, որ Մոսկվային «շտապ» պետք է Ղարաբաղը, որը Ալիեւի հետ հարաբերություններում մանրադրամ է: Ռուսաստանն Անդրկովկասում կորցրել է ամեն ինչ: Այժմ նա կանգնած է Վրաստանից զորքերի դուրսբերման ռեալ վտանգի առաջ, նավթատարի ուղիները շրջանցելու են այդ երկիրը, եւ բացի այդ, Ռուսաստանը կորցնելու է իր վերահսկողությունը նույնիսկ Աբխազիայի նկատմամբ: Բայց դա դեռ ամենասարսափելին չէ: Դժբախտաբար, Մոսկվան, ինչպես նաեւ Հայաստանը այսօր կանգնած են ՄԱԿ-ի դրոշի տակ ՆԱՏՕ-ի պետությունների խաղաղարար զորքերի մուտքի, ինչպես նաեւ, հնարավոր է, ԼՂՀ-ի դեմ պատժիչ գործողությունների վտանգի առջեւ: Ռուսաստանի համար դա նույնպիսի արհավիրք է, որքան մեզ համար:
Ռուսաստանն այսօր ի վիճակի չէ լոկալ ռեգիոնալ պատերազմներ վարել, ինչպես նաեւ չի կարող գործունեություն ծավալել Ադրբեջանի եւ Վրաստանի դեմ: Մոսկվան հասկանում է, որ պետք է գնալ լուրջ զոհերի, որոնցից մեկը, եթե ոչ ամենակարեւորը, պետք է դառնա Ղարաբաղը:
Միանգամայն ակնհայտ է, որ Մոսկվան չի պատրաստվում հատուկ միջոցառումներ անցկացնել Ռոբերտ Քոչարյանի դեմ: Ցանկացած նման գործունեություն չափից դուրս ակնհայտ կլինի: Եվ հետո կարող է այնպիսի մի իրավիճակ ստեղծվել, երբ Հայաստանի համար միեւնույն կլինի, թե ում միջնորդությամբ հանձնել Ղարաբաղը՝ ռուսատանյան, եվրոպական, թե թուրքական: Հետեւաբար, Մոսկվան նորից փորձելու է հայերի նյարդերը՝ սպասելով «ներքին լուծումների»: Խոր եւ անձնական հակակրանք ունենալով Տեր-Պետրոսյանի հանդեպ, կարող եմ արձանագրել, որ ցանկացած նման լուծում թուլացնում է պետականության հիմքերը եւ «արտաքին միջավայրի» լավատեսական սպասելիքների տեղիք է տալիս:
Հայաստանի թե’՛ ներքին եւ թե՛’ արտաքին քաղաքականությունը չի կարող արհեստավարժ համարվել: Արտաքին քաղաքականությունը, այսպես թե այնպես, կբերի երկրի առավել մեկուսացմանը, չնայած պարունակում է որոշ հետաքրքիր պահեր եվրոպական ուղղության ոլորտում: Սակայն «ներքին լուծումը» միշտ պայմանավորվում է ներքին գործոններով, որոնք այսօր առկա են իրենց ամբողջ «խմբաքանակով»: Ներկա իշխանությունը չնայած դիմում է որոշ կոսմետիկ միջոցառումների (դրանք անց են կացնում նախկին ընդդիմությունը ներկայացնող ԱԻՄ-ի, ՍԻՄ-ի, Դեմկուսի եւ սոցուժերի անպատրաստ «կոսմետոլոգների» կողմից) այդ իշխանությունը նախորդի ժառանգորդն է: Հեռացած «կնքահոր» փորձից ոչ մի հետեւություն չի արվել, գնահատական չի տրվել նախկին հակասոցիալական քաղաքականությանը եւ նկատվում է տնտեսական քաղաքականության իսպառ բացակայություն: Ինչ մնում է «սոցիալական ուղղվածությանը», ապա հաջողությամբ կիրառվում է Ստեփանակերտի «ոսկե» եւ «արծաթե» փորձը: Այդ իրավիճակը միանգամայն ձեռնտու է Մոսկվային, եւ ոչ միայն Մոսկվային: Իսկ նոր հավակնորդները շնագայլերի նման սպասում են իրենց աստեղային ժամին:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ