Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկողների ծանր կյանքից

Հունիս 24,1998 19:31

Նախկին ընդդիմությունը, ինչպես հայտնի է, հաճույքով համաձայնեց ծառայել նոր նախագահին։ Մեծ մասամբ, իհարկե, խորհրդականների կարգավիճակով, որն առանձին պատասխանատվություն չի ենթադրում. ի վերջո, միշտ էլ կարող ես ասել, թե հոյակապ խորհուրդներ ես տվել, բայց նախագահը դրանք չի լսել: Սակայն ոմանք գնացին ավելի հեռուն եւ խորը՝ համաձայնելով անմիջականորեն կատարել երկրի ղեկավարի ցուցումները, ինչպես, ասենք, նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը ստանձնած Դավիթ Վարդանյանը: Քանի որ ինքը՝ պարոն Վարդանյանը հայտարարեց, որ իր գործունեությունը քաղաքական նպատակներ չի հետապնդելու, ապա պետք է ենթադրել, որ նա պաշտոն է ստացել ամենեւին էլ ոչ որպես ԱԺՄ վարչության անդամ: Այդուհանդերձ, արմատական ընդդիմության աննկուն գործիչը, անշուշտ, կփորձի երկրում կատարյալ կարգուկանոն հաստատել:

Այդ նպատակին հասնելու համար, սակայն, կան որոշ խոչընդոտներ: Ամենակարեւորն այն է, որ Դ. Վարդանյանին նշանակել են ոչ թե հանրապետության գլխավոր դատախազ կամ ՆԳ եւ ԱԱ նախարար, այլ ընդամենը նախագահին առընթեր վերահսկողական ծառայության ղեկավար, որի պարտականությունների մեջ է մտնում վերահսկել նախագահի հրամանագրերի եւ կառավարության որոշումների կատարման ընթացքը: Այնպես որ, եթե վաղը նախագահը նրան հանձնարարի զբաղվել այդ հրամանագրերի եւ որոշումների իրականացմանը խանգարող պատգամավոր Արշակ Սադոյանով, ապա պարոն Վարդանյանը, բարձր պետական շահերից ելնելով, պարտավոր է արհամարհել կուսակցական պարտավորությունները եւ խախտել ԱԺՄ-ական կարգապահությունը՝ ամենայն բարեխղճությամբ կատարելով նախագահի սույն առաջադրանքը: Իհարկե, Դավիթ Վարդանյանն ավելի մեծ հաճույքով կվերահսկեր, ասենք, Էդվարդ Եգորյանին, սակայն վերջինս, թարսի պես, այսօր որոշ հարցերում վերահսկողի կուսակցական ընկերոջ՝ Սադոյանի զինակիցն է:
Դավիթ Վարդանյանին, իհարկե, կարելի է կարեկցել: Ընդհանրապես, վերահսկողների գործը գործ չէ: Նախ, բոլոր պաշտոնյաները երազում են անվերահսկելի լինել, եւ հետո, չգիտես՝ ում, ինչի համար եւ ում դեմ վերահսկես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930