Հունիսի 20-ին կյանքում երրորդ անգամ ինձ «բախտ վիճակվեց» ներկան եւ մասնակիցը լինել հայ տավորականության մի հերթական հավաքի։ Առաջին անգամը 1989 թվականին էր։ Երկրորդը՝ 1991-ին։ Մտավորականությունը հավաքվել էր հանդիպելու ՀՀ ԳԽ նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի հետ։ Երրորդի առիթն էլ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումն էր։ Երրորդն առաջին երկուսից տարբերվում էր նրանով, որ ավելի բազմամարդ էր եւ հագեցած անկախ Հայաստանի շքանշաններ ունեցող մտավորականներով։ Ինչեւէ, դա չէ կարեւորը։ Կարեւորն այն է, որ տասը տարվա ընթացքում կայացած երեք հավաքների ոչ կոնտինգենտն էր փոխվել, ոչ էլ՝ որակը, թեեւ առաջին հավաքը (ինչպես պարզվեց վերջում) հրավիրված էր ընդդեմ Հայոց Համազգային Շարժման եւ նրա ազգադավ նպատակների, երկրորդը՝ հաղթած ՀՀՇ-ին ներկայացնող ՀՀ ԳԽ նախագահի հրավերով, իսկ երրորդը վերջինիս ոչ հեռավոր անցյալում պաշտոնանկ արած ու նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանն էր հրավիրել։ Սա էլ, թերեւս, կարեւոր չէր լինի, եթե չլիներ վերի շարադրանքում «կոնտինգենտ» օտար բառն օգտագործելու անհրաժեշտությունը։ Մեր նորանկախ պետությունը խորհրդային ժամանակներից նվեր է ստացել ոչ ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդկանց մի խումբ, որը համառորեն ջանում է պահպանել «մտավորական» տիտղոսը։ Նրանց այդ ջանքն աննկատ չի մնացել ոչ խորհրդային իշխանությունների կողմից, ոչ ՀՀՇ-ի եւ նրա ընդդիմադիրների կողմից, ոչ էլ՝ ներկա ղեկավարության։
– Ուզում եք պահպանե՞լ տիտղոսը, ուրեմն՝ դեմ խոսեք Հայաստանի անկախությանը։
– Ուզում եք պահպանե՞լ, ուրեմն՝ կողմ արտահայտվեք Սահմանադրության նախագծին՝ առանց ծանոթ լինելու, առանց կարդալու, առանց հասկանալու։
– Ուզում եք պահպանե՞լ, ուրեմն՝ կուրծք ծեծելով հայհոյեք Լեւոն Տեր-Պետրոսյանին, երեւացեք մարդու իրավունքների անխոնջ պաշտպանի ծիրանիով։
Կարդացեք նաև
– Ուզո՞ւմ եք… Ուրեմն՝ ուշադիր լսեք, որ մեր տնտեսությունն աննախադեպ հաջողություններ ունի, որ ներդրումներ կատարվում են ամեն օր, որ եռաֆազ հոսանք՝ նշանակում է արդյունաբերության վերելք, որ մեր կոնյակի գործարանի վաճառքը ամենալավ վաճառքն է աշխարհում։ Եթե ուշադիր լսեք, ձեզ թույլ կտրվի ոչ միայն պահպանել ձեր տիտղոսը, այլ նույնիսկ հարցեր տալ։
Հարցեր «եւ»-ը այբուբենից հանելու, մշակույթի նախարարի թափուր պաշտոնի համար մրցույթ չհայտարարելու, կոմունալ սակագները չիջեցնելու, կինոն չֆինանսավորելու եւ նմանատիպ բաների մասին։ Իսկ հարցերի միջնարարում Ձեզ թույլ կտրվի ասել, թե ինչը ոնց շրխկացրիք Լեւոնի երեսին, թույլ կտրվի քաղցրահուշ վերհիշել խորհրդային անցյալը եւ թույլ կտրվի անթույլատրելին՝ ձեր համապատասխանությունը ձեր տիտղոսին։ Եվ այս ամենը ձեզ թույլ կտրվի, որ դուք՝ ինքներդ, պատրանք ստեղծեք, թե ամեն ինչ լավ է, բացի նրանից, որ այբուբենից վտարում են «եւ»-ը, որ մշակույթի նախարար նշանակում են առանց մրցույթի, որ կինոն չի ֆինանսավորվում ու նման բաներ։
Մտավորականությունը պարտված է։ Հաղթող չկա։ Արդեն տասը տարի պահպանվում է ստատուս քվոն, ինչն ապացուցում է, որ ՄԻՏՔՆ է մեռած։ Կենդանի, առողջ մտքի կրողները երկրի բարձրագույն իշխանավորի հետ հանդիպելիս մեկ հրամայական հարց են տալիս. «Ինչո՞ւ է վատ»։
ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ
Լուսանկարը՝ Գերման ԱՎԱԳՅԱՆԻ
Հանդիպման մասին կարդացեք նաեւ այստեղ: