Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունիս 23,1998 00:00
kusakcutyunner

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի օրերս արած հայտարարությունը տարբեր արձագանքների տեղիք տվեց։ Հարցը դիտարկվեց տարբեր կողմերից։ Սակայն մեկ առումով խնդրո առարկային չանդրադարձավ որեւէ մեկը։ Եթե Հայաստանն այսօր չի դնում Ղարաբաղի անկախության կամ Հայաստանին միացնելու հարցը, նշանակո՞ւմ է, արդյոք, թե շարունակվում է Տեր-Պետրոսյանի քաղաքական գիծը։ Հարցին պատասխանում են կուսակցությունների ղեկավարները։

Վանո Սիրադեղյան – ՀՀՇ վարչության նախագահ

-Այն, ինչը հայտարարվել է ու տեղի ունեցել դրանից հետո, ես այնքան էլ չեմ հասկանում։ Սակայն այնքանով, որքանով հասկանում եմ, թե ինչ է տեղի ունենում, կարող եմ ասել՝ ինչո՞ւ Արզումանյան Ալիկն այսօր արտգործնախարար չէ, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ՝ նախագահ։ Նորից Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու կուրս է որդեգրվել, ինչպես մենք էինք վարվում։ Մենք ասում էինք գրեթե նույնը. Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը պիտի ապահովվի, պիտի ապահովվի նրա՝ իր բնօրրանում ապրելու իրավունքը՝ Հայաստանի հետ ընդհանուր սահմանի պայմաններում։

Ֆիլարետ Բերիկյան – ԱԺՄ վարչության անդամ

-Այդ հայտարարությունն ամենեւին չի նշանակում, թե տարբերություն չկա դրանց եւ Տեր-Պետրոսյանի տեսակետների միջեւ։ Պատճառն այն է, որ Օսկանյանի հայտարարությունը նախ շատ կտրուկ էր. իմ կարծիքով՝ նույնիսկ չափից ավելի կտրուկ՝ իբրեւ դիվանագետի խոսք։ Այդ հայտարարությամբ կարող էր հանդես գալ ոչ թե արտգործնախարարը, այլ ավելի ցածր մակարդակի մի պաշտոնյա։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումից հետո Բերեզովսկու հայտարարությանը, դրանից միանշանակ չի հետեւում, թե Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը կամ կողմ չէ այն իրեն միացնելուն։ Հայաստանը հստակ ասել է, որ ինքը կողմ է խնդրի լուծման փաթեթային տարբերակին՝ առանց որեւէ նախապայմանի։ Բերեզովսկու ասածից բացարձակապես չի հետեւում, թե Հայաստանի այսօրվա ղեկավարությունը Տեր-Պետրոսյանի գիծն է պահում։

Անդրանիկ Բուռնազյան – Ազգային արմատական կուսակցության նախագահ

-Ինչ է նշանակում այն հայտարարությունը, թե մի քանի տարուց կարող ենք համարել, որ Ղարաբաղը Հայաստանի մասն է կամ անկախ է։ Եթե ճանաչելու են ԼՂ անկախությունը՝ դա հակապետական է, իրավական չէ։ Ինչպես պետք է Արցախը ճանաչեն Հայաստանի մաս, երբ այն արդեն այդպիսին է։ Այսինքն՝ ինչպես 7 տարի նախկին իշխանությունը, այնպես էլ, այսպես կոչված, այսօրվա իշխանությունը ոտնահարում է հայոց պետականության հիմքերը։ Պատահական չէ, որ Բերեզովսկին հայտարարում է, թե Հայաստանի իշխանությունները համաձայն են առաջիկա բանակցություններում հարցը չդարձնել քննության առարկա ո՛չ անկախության ճանաչման եւ ո՛չ էլ Հայաստանին միացնելու առումով։ Սրանից պարզ ազգադավություն չի կարող լինել։

Հայկ Բաբուխանյան – ՍԻՄ փոխնախագահ

-Մենք համարում ենք, որ արտաքին քաղաքականության մեջ կան դրական միտումներ։ Այնուամենայնիվ, դեռեւս ձեւակերպումները բավականին հստակ չեն։ Օսկանյանի հայտարարությունը, թե մենք գնում ենք փոխզիջման, հրաժարվելով վերամիավորումից ու անկախությունից, իսկ Ադրբեջանն էլ պետք է փոխզիջման գնա՝ հրաժարվելով Ղարաբաղն իր կազմում պահելու գաղափարից, իհարկե, դրական է։ Լավ է, որ դրվում է այն հիմքը, թե Ադրբեջանը պետք է հրաժարվի Ղարաբաղն իր կազմում տեսնելու գաղափարից։ Բայց, մյուս կողմից, դեռեւս հստակ չէ՝ ի վերջո, հայկական կողմն Արցախի համար ինչ վերջնական կարգավիճակ է տեսնում։ Ցավալի է, որ Ռուսաստանն այդպես է արձագանքում խնդիրներին, սակայն դա երեւի թե բնական է, քանի որ Հայաստանը վերջին տարիներին, ըստ էության, արտաքին քաղաքականություն չէր վարում եւ Ռուսաստանի համար անսպասելի էր հայ պաշտոնյաների կողմից ավելի հայանպաստ դիրքի որդեգրումը։

Վարդան Պետրոսյան – ՀՅԴ ԳՄ անդամ

-Օսկանյանի առաջարկած տարբերակը, չնայած արտաքուստ թվացյալ ոչ հստակ ձեւակերպմանը, մեր կարծիքով, այսօր բանակցային գործընթացը փակուղային վիճակից դուրս բերելու միջոց ու ձեւ է, ինչը հնարավորություն կտա Ղարաբաղի հիմնահարցը նորից լայն քննարկումների առարկա դարձնել եւ բանավիճել այն մեխանիզմների մասին, որոնցով առաջ կշարժվի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը։ Մենք այդ հայտարարությունն առայժմ դիտարկում ենք այս շրջանակում։ Վստահ ենք՝ որեւէ իշխանություն կամ որեւէ իշխանավոր, որը կփորձի ինչ-որ տեղ այլ ճանապարհներ չտեսնելով, ինչ-որ տեղ համակերպվելով, Ղարաբաղի հարցը լուծել մեր ժողովրդի համար պատմական արդարությունը ոտնահարող ճանապարհով, նման դրսեւորման հետ առնվազն ՀՅԴ-ն չի հաշտվի երբեք։ Մենք կգտնենք ձեւերը հիմնահարցի լուծումը վերստին ճիշտ հունի մեջ դնելու համար։

Ներսես Զեյնալվանդյան – ԻՄ փոխնախագահ

-Ես տվյալ պահին ներկայացնում եմ ոչ թե ԻՄ, այլ իմ՝ իբրեւ փոխնախագահի, տեսակետը։ Կարծում եմ՝ Վարդան Օսկանյանը փորձել է բավականին մեղմ արտահայտվել։ Ես չէի ցանկանա միանգամից գնահատական տալ Օսկանյանի խոսքին, սակայն, եթե նա միանշանակ ասեր, թե մենք դնելու ենք ճանաչման հարցը, կստացվեր, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Ինձ թվում է, թե Օսկանյանը դիվանագիտական փորձ է արել բացատրել, որ Ադրբեջանի կողմից բանակցություններից խուսափելը երկար տեւել չի կարող։ Այսինքն՝ անզիջում կերպար կարող է ընդունել նաեւ Հայաստանի Հանրապետությունը, եթե այդ մոտեցումը շարունակի Ադրբեջանը։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930