Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՏԸ ԿԵՐԱՆ

Հունիս 23,1998 00:00
mtavor

Շաբաթ օրը ՀՀ նախագահը հանդիպեց Հայաստանի մտավորականների հետ։ Բոլորը չէին, բայց շատերն էին, նաեւ նրանք, ովքեր վերջերս շքանշաններ էին ստացել։ Այս հանդիպումը յուրահատուկ էր նաեւ նրանով, որ ավագներից բացի, հրավիրված էին երիտասարդներ։ Վերջիններիս ուղղած՝ որն է հանդիպման նպատակը եւ առիթը հարցիս, նրանցից մեկը (չասեմ ով) ասաց. «36 թվին հատ-հատ էին կանչում, հիմա միանգամից՝ բոլորին»։ Շատերը միայն ենթադրում էին հանդիպման նպատակը։ Մտավորականների հետ հավասար պայմաններում գտնվելու ցանկությամբ ՀՀ նախագահը դահլիճ մտնելուց եւ ողջունելուց հետո, անմիջականություն եւ անկեղծ մթնոլորտ ձեռք բերելու մտադրությամբ՝ հանեց կոստյումը։ Ապա նշեց, որ նման անկեղծ հանդիպումները մտավորականների հետ պարբերական բնույթ պետք է ստանան. «Ինձ համար շատ պարզ հարցեր հաճախ այնպիսի պարզաբանումներ են ստանում, որ ճիշտ գնահատելու համար կարեւոր է անմիջական կապը»։

Նախագահի՝ հանդիպումը բացող ելույթից դատելով, մեր երկիրը օր-օրի ծաղկում է, տնտեսությունը սրընթաց զարգանում, բարձունքներ է հաղթահարում, ամեն օր ներդրումներ են կատարվում, իսկ կոնյակի գործարանի վաճառքը «փայլուն գործարք է»։ Ենթադրվում է, եւ շատերը հաստատ գիտեին, որ հանդիպման խոսակցությունը հիմնականում կոնյակի գործարանի շուրջ էր ծավալվելու։ Ենթադրվում էր, որ նախագահը նույնպես դա գիտեր, եւ ոչ միայն գիտեր, այլեւ հանդիպման հիմնական մտադրությունը մտավորականներին համոզելն էր, որ կոնյակի գործարանի սեփականաշնորհումը աշխարհում չտեսնված գործարք է։ Ասում է՝ «Ինձ համար անհասկանալի է, երբ կոնյակի գործարանի համար ասում ենք, որ կոնյակը դա, չգիտեմ՝ մշակույթ է, դա ազգային հարստություն է, եւ այլն, եւ այլն»։ Խոստացավ, որ կոնյակի գործարանը Հայաստանից ոչ ոք ոչ մի տեղ շալակած չի տանելու, իսկ մտավորականները, որ նախագահին ոգեւորված պատմում էին իրենց «դարդն ու ցավը», շատերն իրենց ոլորտներին վերաբերող խնդիրները՝ «թագավորին» երեւալու կամ իրենց մտահոգությունները պատմելու հնարավորությունը (գուցեեւ՝ միակ) բաց չթողնելու անհանգստությամբ լցված վրա-վրա բողոքում, պատմում էին, չգիտակցելով հանդիպման բուն ենթատեքստը։

Սիլվա Կապուտիկյանին Ռ. Քոչարյանի ծավալուն խոսքից հետո միայն մտահոգում էր մի բան. «Միայն հարցուպատասխան է լինելո՞ւ, թե՞ նաեւ ելույթներ։ Եթե ելույթներ չեն լինելու՝ հանգիստ տեղներս նստենք»։ Ելույթներ եղան, չէին էլ կարող չլինել, բայց՝ 5 րոպեանոց։

Մթնոլորտին սխալ ուղի տվեց առաջին՝ Լեւոն Հախվերդյանի, զգացմունքներով ու բանականությամբ լի, «սա ի՞նչ բան է» ոճով ելույթը։ Մի քանի րոպեի ընթացքում նա հասցրեց խոսել մեր հանրապետության բոլոր պրոբլեմների մասին, ինչպես՝ քաղաքում լցված կազինոներից, հայոց այբուբենից, հանցագործ պատգամավորներից եւ այլն։ Լ. Հախվերդյանի զայրացած ելույթին մտավորականները փորձեցին վերջ տալ ծափահարություններով։ Շուտով պրն Հախվերդյանի ձայնալարերը խզվելու նշաններ ցույց տվեցին։ Տեղերից մինչեւ կզգուշացնեին՝ «ջուր տվեք» եւ մինչեւ նախագահը ջուրը կտար, պրն Հախվերդյանը շարունակեց՝ ինչպե՞ս կարելի է պատգամավորի աշխատավարձը դարձնել 400 դոլար այն դեպքում, երբ գիտական աշխատողը 12 դոլար է ստանում։

Այս ելույթից խիստ ազդված, Հենրիկ Իգիթյանը, երկրի, քաղաքի նկատմամբ օտարականության զգացումով հայտարարեց. «… 1992 թ. օպերայում եւ հեռուստատեսությամբ, մամուլով ասացի, որ ես պրեզիդենտ չունեմ, իմ պրեզիդենտն իմ Աստվածն է, եւ ասացի, որ տեսնում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջը։ Եվ ես այսօր իրավունք չունեմ ոչ մի բան ասել պրն Քոչարյանին։ Ես դեռ այդ իրավունքը չունեմ, որովհետեւ ինքն այդ իրավունքն ինձ չի տվել՝ ոչ լավ, ոչ էլ՝ վատ։ Այն դեֆորմացիան, որ կա Հայաստանում, պետք է շտկվի»։ Ելույթները գնալով ավելի շիկանում էին։

Տնտեսագետ Խոջաբեկյանը տեսականորեն խոսեց շուկայական հարաբերությունների մասին, եւ որ սեփականաշնորհումները քարուքանդ արեցին երկրի էկոնոմիկան, մեկ ուրիշը նոր նախագահին հիշեցրեց, թե ինչպես էր նախկին նախագահի ճակատին ճշմարտություններ ասել, Սոս Սարգսյանը նախագահին առաջարկեց հեռուստատեսությամբ ժողովրդի համար ամիսը մեկ ելույթ ունենալ, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ իրեն հարգում են, ասելով՝ «Այն փաստը, որ դուք գնահատական չեք տալիս անցյալ կառավարությանը, հուսահատեցնում է մարդկանց… Հանցավորներին պետք է պատժել» եւ այլն։

Դավիթ Մուրադյանը զգուշացրեց կինոարտադրությանը սպառնացող վտանգի մասին։

Ռոբերտ Ամիրխանյանը հիշեցնելով մեր ազգի «մշակութային հզոր, վսեմ դիմագիծը», նախագահին հարցրեց մշակութային քաղաքականության ձեւակերպումների մասին եւ առաջարկեց ազգային արժեքների պահպանության ծրագրերի հետ կապված աշխատանքները խթանելու համար նախագահի հովանավորությամբ ստեղծել մշակութային հարցերով զբաղվող խորհրդակցական օղակ՝ հանձնաժողով։ Պրն Քոչարյանն ասաց, որ շուտով ստեղծվելու է նման մի օղակ, իսկ մշակութային քաղաքականության մասին առաջարկված բոլոր ձեւակերպումները, որ մինչ այսօր ներկայացվել են իրեն՝ իր դուրը չեն եկել, եւ նաեւ դրա պատճառով որոշել է նման հանձնաժողով ստեղծել։

Որսալով Ռ.Ամիրխանյանի՝ հանձնաժողով ստեղծելու առաջարկը, միկրոֆոնը ձեռքը գցեց նկարիչ Վարուժան Վարդանյանը։ Դահլիճը աղմկեց. «Ո՞վ է խոսողը»։ Վարուժան Վարդանյանը խիստ զարմացավ՝ «Չե՞ք ճանաչում,Վարուժան Վարդանյան»։ Ապա դիմեց նախագահին՝ «Տեսնո՞ւմ եք, ինչ երկրում ենք ապրում, պարոն նախագահ»։ Նախագահին խոստովանելով (իրեն ճանաչողներին վկայակոչելով), որ ամբողջ կյանքում խուսափել է որեւէ պաշտոն վարել, առաջարկեց. «… այդ օղակում իմ ներկայությունը համարում եմ շատ պիտանի»։

Մի խոսքով, այս ռիթմով հանդիպումը շարունակվեց մոտ երկու ժամ, նախագահը համոզեց առարկելու ուժ եւ ցանկություն չունեցող մեր հարմարվողականությանը վարժված մտավորականներին, որ երկու տարի հետո կգիտակցեն, թե ինչպիսի լավ գործարք էր կոնյակի գործարանի սեփականաշնորհումը. երկու տարի հետո, ըստ նախագահի, ուրիշ խոսակցություն կլինի։

Շոգած ու քրտնած հայ մտավորականները բավարարվածության զգացումով դուրս եկան դահլիճից։ Դահլիճի դռների մոտ մոտեցա Հենրիկ Հովհաննիսյանին։ Ինձ հետաքրքրում էր հատկապես նրա կարծիքն այս հանդիպման մասին։

– Նման բազում հանդիպումներ կարող են լինել, այնքան անարդյունք, որքան այս հանդիպումը։ Մեր մտավորականները, որ հավաքվում են՝ սկսում են իմացած բաները վերապատմել։ Պրեզիդենտին, հանրապետության նախագահին չպիտի զբաղեցնել այն խնդիրներով, ինչով պետք է զբաղեցնել վարչապետին։ Մի կարեւոր բան կա. մի կետից պետք է սկսել եւ մի հարցի մասին այսօր պետք է խոսել՝ իրավունքի մասին։ Օրենք եւ իրավունք. այս խնդիրը կա այսօր մեզ համար առաջին հերթին։ Եթե ճշտվեց իրավունքի տեղը, եթե մեզ իրավունքը ղեկավարի, օրենքները ղեկավարեն, ապա ամեն ինչ կճշգրտվի։ Հանրապետության նախագահի խնդիրն առաջին հերթին այս ոլորտում է։ Հանդիպման ընթացքում շոշափված խնդիրները վարչապետին, գործադիր իշխանությանը վերաբերող էին։ Մեր մտավորականությունը եւ մեր հասարակությունը դա լավ չի գիտակցում։ Մենք չենք հավաքվել այստեղ ամեն մեկս մեր բնագավառի խնդիրն առաջ քաշելու։ Շա՜տ ծիծաղելի է, շա՜տ մանր վերաբերմունք է… Արեւելյան հեքիաթների նման եկել են թագավորի դուռը՝ ամեն մեկն իր խնդրով։ Մտահոգող հարցը իրավունքի հարցը պետք է լիներ, ուրիշ ոչինչ։ Այս հանրապետության ոստիկանն ինչ դեմք որ ունեցավ, այդպիսին էլ է՛ երկիրը։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հանդիպման մասին կարդացեք նաեւ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930