Այսօր նախագահի աշխատակազմում տեղի կունենա մարդու իրավունքների՝ Պարույր Հայրիկյանի գլխավորած հանձնաժողովի արտահերթ նիստը, ուր, ի շարս այլ հարցերի, կքննարկվի նաեւ ավիացիայի վարչության նախկին պետ Դմիտրի Ադբաշյանի (լուսանկարում)՝ առ այդ հանձնաժողովն ուղղված դիմումը։ Այնտեղ մասնավորապես ասված է. «Իմ ազատ արձակվելուց հետո որոշ անձինք հայտնեցին, թե գլխավոր դատախազի տեղակալ Մ. Գրիգորյանը եւ գլխավոր դատախազի տեղակալ Վ. Մարգարյանը իրենց մղել են իմ դեմ կեղծ ցուցմունքներ տալու»։ Ըստ Ադբաշյանի, նրանք հայտարարել են նաեւ, թե՝ «իմ տան խուզարկման ժամանակ գտնվել են խոշոր գումարներ՝ ԱՄՆ դոլարով»։