Այս պատմությունը կարելի է անվանել անավարտ։ Անավարտ՝ ոչ այն պատճառով, որ մեղավորների ու անմեղների բաժանումը հստակեցված չէ, այլ որովհետեւ ոչ բոլոր հարցերը, ի վերջո, իրենց պատասխանը գտան։ Եվ քանի որ ինքներս մեզ չենք վերապահում դատելու իրավունքը, բավարարվենք զուտ փաստերի շարադրմամբ՝ ակնկալիքով, որ գոնե այս դեպքում կհետեւեն երկար սպասված արձագանքները։
Իսկ ամեն ինչ սկսվեց ՆորքևՄարաշ թաղամասի 17-րդ փողոցի բնակիչների նամակից, որոնք գրում էին. «Վաղուց ի վեր Նորքը եւ Մարաշը եղել են Երեւանի այն կանաչապատ թաղամասերը, ուր մայրաքաղաքի բնակիչները անցկացրել են իրենց հանգիստը եւ որոնք մեծապես նպաստել են տարածքի բնակլիմայական հավասարակշռության պահպանմանը։ 1990-ականներին, պայմանավորված երկրի ծանր տնտեսական կացությամբ եւ ձմռան ամիսներին վառելիքի բացակայությամբ, այս տարածքում ոմանք ծառահատումներ կատարեցին։
Ավելի ուշ՝ 1995 թ., տեղի բնակիչներս մեր ուժերով ծառատնկումներ կազմակերպեցինք, որպեսզի կանաչապատ հատվածը վերստին իր նախկին տեսքը ստանա։ Սակայն անցյալ տարվա գարնանից Նորք-Մարաշում Հայանտառ արտադրական միավորման «Մարաշ» քարհանքի կողմից հանքային աշխատանքներ կատարելու նպատակով սկսեցին ավերվել սարալանջերը, հայտնվեցին բուլդոզերներ, վնասվեցին ծառերը, ոչնչացվեց մայր առուն, փոխարենը այս գոտում այժմ ավելի հաճախ կարելի է տեսնել զանազան սողունների ու կարիճների։ Ինչ-որ մարդիկ եկամուտների ակնկալիքով ոչնչացնում են տեղի կանաչապատ զանգվածը։ Այդ անօրինական աշխատանքներն արգելելու, մեղավորներին պատժելու համար հայցում ենք ձեր միջամտությունը»։
Մեր «միջամտությունը» սահմանափակեցինք նրանով, որ խնդրի պարզաբանման համար դիմեցինք բնապահպանության նախարարությանը։ Կարելի էր կարծել, որ այստեղ լրջորեն մտահոգվեցին բնակիչների բողոքով, խոստացան շատ արագ պարզել հարցի էությունը, նույնիսկ նախարարություն հրավիրեցին քարհանքի ներկայացուցիչներին իրենց փաստաթղթերով հանդերձ։ Բայց հենց այդ պահից էլ կծիկը խճճվեց, եւ դրանից հետո, բացի կցկտուր մեկնաբանություններից ու պատճառաբանություններից, որեւէ հստակ պարզաբանում այդպես էլ չտրվեց։
Փորձենք այդ ամենից ինչ-որ որոշակիության պատրանք ստեղծել։ Նախ պարզվեց, որ բնակիչների նամակում հիշատակված քարհանքն ամենեւին էլ այդ անունը չի կրում։ Համաձայն իրենց ներկայացրած փաստաթղթերի, այն կոչվում է «Մարաշի քարհանք» գյուղշինսպասարկում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ Բայց ամենահետաքրքիրը գալիս է հետո։ Տարբերակներից մեկի համաձայն, տարածքը եղել է «Հայանտառինը» (մեկ այլ տարբերակով՝ նաեւ գյուղնախարարությանը)։ Իսկ ահա արտոնագիր նրանք ստացել են էկոնոմիկայի նախարարությունից, ինչը խիստ տարօրինակ է բնապահպանության նախարարության պաշտոնյաների համար, քանի որ միայն իրենց գիտությամբ կարող էր տրամադրվել նման փաստաթուղթ։ Արտոնագիրը դեռեւս լիարժեք հիմք դիտել չի կարելի, քանի որ բացակայում էր տարածքը վերցնելու մասին պայմանագիրը։
Ի դեպ, փաստաթղթերի մասին։ Դրանցից եւ ոչ մեկը մեզ չհաջողվեց տեսնել, քանի որ քարհանքի ներկայացուցիչները ինչ արագությամբ դրանք բերեցին նախարարություն, նույն օպերատիվությամբ էլ հետ տարան՝ ստիպելով միայն մեր հույսը կապել դրանք հպանցիկ տեսած մարդկանց մեկնաբանությունների հետ։ Ըստ նրանց հավաստման, 80-ական թթ. վերջերից քարհանքը բնականոն աշխատել է, եւ ոչ թե հանքն է մոտեցել տներին, այլ հակառակը՝ նոր կառուցվող առանձնատները հետզհետե մոտեցել են հանքին։
Կարդացեք նաև
Մենք եղանք «դեպքի» վայրում։ Իրական պատկերն այսպիսին էր։ Բնակավայրն ու հանքը իրարից բաժանվում էին փոքրիկ անտառակով եւ պտղատու այգիներով։ Լանջերից մեկի վրա ակնհայտորեն նշմարվում էին ծառահատման հետքերը։ Այդ ամայությունը մի փոքր մեղմում էին նոր տնկիները։ Քարհանքի աշխատակիցները պնդում են, թե այդ ծառերն իրենք են տնկել, այլ ոչ թե տեղի բնակիչները, ինչպես ասված էր նամակում։ Այսպիսի պնդումները բնակիչներն ընդունում են քմծիծաղով։ Իսկ նրանցից մեկն իմ հարցին այսպես պատասխանեց. «Հնարավոր բան չէ։ Նայեք, բնակիչների տնկած ծառերը սրանք են։ Բացի դիմացի պահպանված հատվածից, մնացածը նրանք անծայրածիր կտրել են»։ Մոտակա տներից մեկում բնակվող տարեց կինը մեր զրույցի ժամանակ դժգոհեց. «Իրենց շահի, գրպանի համար ծառերը կտրում են։ Բացի այն, որ ահավոր աղմուկ է, ամբողջ փոշին տարածվում, լցվում է անտառի ու տների վրա։ Բազմիցս խնդրել ենք, որ գոնե մեր կողմը՝ անտառի մոտ չգան։ Արդարանում են, թե խորանում են, բայց միեւնույն է, առաջ են գալիս։ Քուն ու հանգիստ չունենք։ Առավոտվա 6-ից մինչեւ ուշ երեկո աշխատում են, բեռնված մեքենաները գնում-գալիս են։ Մի ժամանակ ասում էին, թե նախկին քաղաքապետը այստեղ ուզում էր ազգային այգի ստեղծել։ Քաղաքի բոլոր ծայրերից երեւում է, թող մեծավորները նայեն ու տեսնեն, թե ինչ է կատարվում։ Պայթեցումներից վնասվել է մոտակա ջրամբարը, հանքին հարող հիվանդանոց կա»։
Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե տներն են մոտենում հանքին, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէ։ Հիմնական առանձնատները կառուցվել են դեռեւս 50-ական թվականներին եւ տեղաշարժվելու ընդունակությունից էլ միանգամայն զուրկ են։ Նույն վաղեմությունն ունի նաեւ այս հանքը։ Տեղացիների հավաստմամբ քարհանքը սկսել է գործել դեռեւս 1953 թվից։ Մեկ տարի անց իշխանությունները կարգադրեցին դադարեցնել աշխատանքները՝ պատճառաբանելով, որ այն ոչ միայն բնապահպանական առումով է աղճատում շրջակա միջավայրի նկարագիրը, այլ փչացնում է քաղաքի տեսքը։ Քարհանքին առնչվող հետաքրքիր մի մանրամասն էլ լսեցինք ակնարկի ձեւով, համաձայն որի՝ իրականում վերջիններս այս տարածքում միայն հետազոտական աշխատանքներ կատարելու իրավունք ունեն, բայց ոչ հանքային։ Թե որքանով է սա հավաստի, ցավոք, ճշտել հնարավոր չեղավ, ինչպես որ չհաջողվեց ստանալ բազմաթիվ այլ կարգի հարցերի լիարժեք պատասխանը։
Կարծում ենք, կհամաձայնեք, որ օրենքը նույնպես կարող է թերի լինել։ Եվ եթե նույնիսկ պարզվի, որ «Մարաշի քարհանք» գյուղշինսպասարկում ՍՊԸ-ն գործում է օրինականության սահմաններում, տնօրինում է արտոնություն շնորհող փաստաթղթերի, միեւնույն է, դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ որեւէ օրենք կարող է արտոնել ոչնչացնելու մայրաքաղաքի անտառածածկ հատվածները եւ կամ ինչևոր բան իրականացնել ի հաշիվ բնակիչների հանգստի ու առողջության։ Հավանաբար, բնապահպանության նախարարության բազմաթիվ պատուհաններից որեւէ մեկը բացվում է դեպի այդ սարալանջը։ Գոնե մեկ անգամ արժե հայացք նետել այդ ուղղությամբ, մեծարգո պարոններ։
ՆԱՌԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ