Նախագահական արտահերթ ընտրությունները ցույց տվեցին, որ ամենաակտիվը եւ արդյունավետն աշխատեցին մայրաքաղաքային համարվող ԱԺՄ-ի տեղական կառույցները։ Ընտրություններից հետո որոշում է կայացվել կուսակցական մարմիններ ստեղծել հանրապետության բոլոր բնակավայրերում։ Իրար հետեւից տեղի են ունենում տեղական կազմակերպությունների կոնֆերանսներ։
Հունիսի 20-ին ԱԺՄ վարչության անդամներ Ֆիլարետ Բերիկյանի (լուսանկարում) եւ Ալեքսանդր Բուտաեւի հետ բախտ վիճակվեց մասնակցելու Անիի տարածքային ԱԺՄ կոնֆերանսին։ Ամենահուզող հարցն, իհարկե, կոնյակի գործարանն է, եւ մարդկանց հետաքրքրում է, թե հնարավո՞ր է կասեցնել վաճառքի ընթացքը, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում այդ ուղղությամբ, եւ հնարավո՞ր է, որ իշխանության փոփոխությունից հետո, այն վերադարձվի։
Անիի շրջանում արդեն տեղեկացված էին Դավիթ Վարդանյանի նշանակման մասին։ Եվ, տեսնելով այն արձագանքը, որ առկա էր շարքերում, հասկանալի է դառնում, թե ինչու էին ԱԺՄ-ում շահագրգռված նման նշանակմամբ։ Մարդիկ նման նշանակման մեջ առաջին հերթին տեսնում են պաշտպանվածության զգացողություն։ Համոզված են, որ Դավիթ Վարդանյանն իր կտրուկ քայլերով կբարձրացնի կուսակցության հեղինակությունը, եւ ընդհանրապես, իրենք չեն լինի «միայնակ մերժվածի» կարգավիճակում։ Դրական արձագանքը գերակշռում էր, սակայն Քարաբերդ գյուղի միակ ԱԺՄ-ական Տարոնը Ֆիլարետ Բերիկյանին հարցրեց. «Որ մենք միանում ենք Ռոբերտ Քոչարյանին, ուրեմն պաշտպանո՞ւմ ենք նրա կուրսը»։ «Նա Դավիթ Վարդանյանին գործադիր իշխանության մեջ շատ բարձր պաշտոն էր առաջարկել, սակայն վերջինս պատասխանել էր, որ ԱԺՄ կգնա դեպի գործադիր իշխանություն միայն այն դեպքում, եթե խորհրդարանում ունենա պատգամավորական ազդեցիկ ֆրակցիա»,- պատասխանեց պարոն Բերիկյանը։
«Բայց, եթե մենք պաշտպանում ենք, հույս ունե՞նք, որ Ռոբերտ Քոչարյանը երկիրը դուրս կբերի այս վիճակից»,- հարցրեց Տարոնը, բայց հարցն անպատասխան մնաց։ Առաջիկա եւ առաջնահերթ խնդիրը առաջիկա խորհրդարանական ընտրություններն են։ Սակայն կոնֆերանսի բոլոր մասնակիցները համոզված էին, որ իշխանություններն այս անգամ եւս կանցկացնեն իրենց ցանկալի մարդկանց, իսկ իրենք կրկին կմնան խաղից դուրս վիճակում։ «Մենք կարծես նման ենք այն ճագարին, որը մտքում ատում եւ վախենում է օձից, սակայն նրան տեսնելով եւ հիպնոսանալով, ինքնակամ մտնում է նրա երախը»,- ԱԺՄ-ի վիճակը այսպես բացատրեց ներկաներից մեկը։ «Այն տարածքներում, որտեղ մենք կարողացանք ապահովել ռեալ վերահսկողություն, մենք հաղթեցինք։ Այժմ մեր խնդիրն է տեղական կառույցներ ստեղծելով ապահովել, որ ընտրությունները վերահսկվեն ամենուրեք»,- ասաց Ֆիլարետ Բերիկյանը։
Կարդացեք նաև
Որպես վերահսկողության երաշխիք, ԱԺՄ-ականները որոշել են հաղթել նաեւ տեղական գյուղապետերի ընտրություններում։ «Եթե մեր գյուղացիների 60%-ն իրենց ձայնը տվել են Վազգեն Մանուկյանին, ապա նրանք պետք է պաշտպանեն նաեւ նրա կուսակցությունից առաջադրված թեկնածուներին»,- մտածում են Անիի տարածքի ԱԺՄ-ականները։ Այս տարածքում առկա 18 բնակավայրերից 9-ում արդեն գործում են ԱԺՄ սկզբնական կազմակերպությունները։ ԱԺՄ կոնֆերանսն ընտրեց 11 հոգուց բաղկացած վարչություն եւ վարչության նախագահ։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Անի-Երեւան