Հայկական բանակում ծառայությունից խուսափողների մի մասն է միայն ապրում եւ թաքնվում Հայաստանում, շատերը կարողացել են դուրս գալ Հայաստանի տարածքից։ Պաշտպանության նախարարի սպառնալիքները տարբեր կերպ են ազդում, բայց հիմնականում տալիս են նույն արդյունքը՝ զորակոչային տարիքի տղաները շարունակում են փախչել։ Բանակում ինքնասպանությունների թիվը պահպանվում է՝ մի մասը ձեւակերպվում է ինքնասպանություն։ Հոգեկան տարբեր կարգի խանգարումները բանակին բնորոշ հիվանդություն են։ Հանրապետությունում նախագահական ընտրությունների ընթացքում հնչած խոստումների շարքում իր կոնկրետությամբ առանձնացավ զորակոչից խուսափողներին, ներկայանալու դեպքում, ներում շնորհելու որոշումը։ Դժվար է հասկանալ հատկապես ինչը՝ թաքնվելուց հոգնած լինե՞լը, կալանքի ենթարկվելու վա՞խը, թե՞ ծառայելու պատրաստակամությունը ստիպեց 40 հոգու ներկայանալ զինկոմիսարիատ։ Այսօր նրանք կալանված են, որովհետեւ չգործեց նախընտրական օրերին տրված խոստումը։
Այս հարցով դիմեցի նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, նախագահի խորհրդական Պարույր Հայրիկյանին։ Նախագահի խորհրդականը տեղյակ էր կատարվածին եւ հայտնեց, որ ստեղծված է հանձնաժողով, մնացած մանրամասնություններին խորհուրդ տրվեց ծանոթանալ «Զինվորի մայր» կազմակերպության ղեկավար Գրետա Միրզոյանից, քանի որ նա է զբաղվում այս խնդրով։ Տեղեկացնեմ. Գրետա Միրզոյանը բազմամարդ պատվիրակության կազմում արդեն մի քանի օր է՝ գտնվում է Ժնեւում, մասնակցում է փախստականների հարցերով հրավիրված սեմինարին։
Անկասկած, ավելի տրամաբանական կլիներ, եթե առանց հանձնաժողովների եւ «զինվորի մայրերի», այս խնդրով զբաղվեին ներման խոստում տված պաշտպանության նախարարն ու հանրապետության նախագահը եւ այցելեին կալանավայրում գտնվող զորակոչիկներին։
Թեեւ մի քիչ անհասկանալի է «այդ հարցով զբաղվել» արտահայտությունը, որովհետեւ հարցը կարելի է լուծել մի ժամում՝ խոստման համաձայն ազատել կալանքից եւ ուղարկել բանակ՝ ծառայության։
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ