Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՏՈՂ-ՈՒՐԱՑՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ

Հունիս 23,1998 22:25
Vasak Darbinyan

«Ինչի՞ ծնունդ էր մեր կոռումպացված մթնոլորտը։ Պատգամավորները նախաճաշելու փող չունեին… եւ գնում՝ ստիպված ինչ-որ Ծտի կամ նման մականուններով մարդկանց հետ նստում-հաց են ուտում»։

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր, «Առավոտ», 19 հունիսի

ԱԺ այն պատգամավորները, որոնք դեռ ի վիճակի են պայքարել կոռուպցիայի դեմ՝ շուտով բողոքի ցույցեր կանեն ինչ-որ ծտերի կամ նման մականուններով մարդկանց դեմ։ Պատգամավորների կարգախոսը կլինի հետեւյալը. «Տվեք մեզ նախաճաշի փող, եւ մենք կվերացնենք կոռուպցիան Հայաստանում»։

ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐ, ՄԱՔՈՒՐ ՈՒՂԵՂ

Գողերը եւ բաց հրապարակային
քաղաքական գործընթացը
«Պատկերավոր ասած՝ կան ձու գողացողներ եւ ձի գողացողներ՝ հենց նույն ԱԺ-ում։ Ձի գողացողները, բնականաբար, պետք է փորձեն ձու գողացողներին դեպի իրենց կողմը քաշել եւ արգելակել բաց հրապարակային քաղաքական գործընթացը»։

ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ , ՍԻՄ նախագահ, «Իրավունք», թիվ 27

Խոսքն, ըստ էության, հետեւյալի մասին է. Ազգային ժողովում ձիանոցը կգերիշխի՞ արդյոք զուգահեռաբար ստեղծվելիք ինկուբատորին, թե՞ ձու գողացող պատգամավորները՝ բաց հրապարակային գործընթացների այդ ջատագովները կկարողանան պահպանել ինքնուրույնությունը։
Առաջին դեպքում մենք կգնանք դեպի բռնապետություն, որը ցանկալի չէ։ Դե, իսկ երկրորդ դեպքում ԱԺ-ն կդառնա բոլոր ձիերի հավաքատեղին, դրան մերձ կբացվի նաեւ թռչնաբուծարան, որը, անկասկած, մեր դարավոր իղձերի արտահայտությունն է։

Հ. Գ. Հրանտ Խաչատրյանն, ըստ երեւույթին չգիտի բուն ասացվածքը՝ «Ձու գողացողը ձի էլ կգողանա», այլապես ԱԺ-ն այսպիսի տխուր ընտրության առջեւ չէր կանգնի։

ՊԱՎԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՆ

«Երբ ես մարզպետ նշանակվեցի, Իջեւանում եղբայրը եղբոր հետ չէր խոսում, թե ինչ է՝ ընտրությունների ժամանակ մեկը մի թեկնածուի էր ձայն տվել, իսկ մյուսը՝ մի ուրիշ թեկնածուի։ Աշխատանքի ընթացքում մեծ չափով հարթել եմ այդ երեւույթը, բայց դեռ կա»։

ՊԱՎԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ  ՀՀ Տավուշի մարզպետ, «Ազգ», 20 հունիսի

Իջեւանում եղբայրը եղբոր հետ այժմ խոսում է։ Ոչ թե այն պատճառով, որ Պավլիկ Ասատրյանը նրանց համոզել է այս վերջին ընտրություններում ձայն տալ նույն թեկնածուին, ո՜չ: Պարզապես Պավլիկ Ասատրյանը եթե առաջներում խռով եղբայրներով զբաղվելու ժամանակ չէր գտնում, ապա այժմ աշխատանքները էլ ավելի լավ կազմակերպելու շնորհիվ գտնում է այդ ժամանակը։ Հաճախ նա նույնիսկ գիշերները չի քնում. մեկ գնում՝ մի եղբորն է համոզում ինչ-որ բան ասել եղբորը, մեկ մյուսին է խնդրում՝ պատասխանել նրան: Հիմա էլ, ճիշտն ասած, ուրիշ խնդիր է ծագել. Իջեւանի հեռու գյուղերից մեկում թարսի պես սկսել են իրար հետ չխոսել հարս ու սկեսուր:

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930