Լրահոս
Օրվա լրահոսը

Կադրային

Հունիս 23,1998 22:18

Ցանկացած հայ տղամարդ (եթե, իհարկե, ազգային նկարագիր ունի) երազում է ունենալ պաշտոն եւ, հետեւաբար, կաշառք ուտելու հնարավորություն։ Դրա համար ցանկալի է, իհարկե, դառնալ նախարար կամ մարզպետ, սակայն ծայրահեղ դեպքում կան բազմաթիվ այլ՝ պակաս համեղ պատառներ։ Դրանք ձեռք բերելու երկու ճանապարհ կա՝ կուսակցական եւ արհեստավարժական։

Նախկինում միակ կուսակցական «քվոտան» ՀՀՇ-ինն էր, այժմ այդ «քվոտան» ունեն մի շարք կուսակցություններ, սակայն երկու դեպքում էլ շեշտը դրվում է «արհեստավարժների» վրա։ 90 թվականից ի վեր արհեստավարժների խումբը կազմվում է երկու մասից՝ կոմունիստական նոմենկլատուրայի ծառայամիտ ճահիճը՝ գումարած ազատական գաղափարներին անմնացորդ նվիրված երիտասարդ բարեփոխիչները։ Հավանաբար, նման զուգակցումը սկզբունքորեն ճիշտ է, սակայն այն դեպքում միայն, եթե իսկապես հիմք են ընդունվում մարդու գործնական հատկությունները եւ ոչ թե լոյալության եւ նվիրվածության աստիճանը։ Ցավոք, «ճահճից» եւ «բարեփոխիչներից» ընտրվում էին եւ ընտրվում են ամենահարմարվողները։ Նույնն է մնում նաեւ «կադրերի շրջանառության» սկզբունքը։ Նվիրված եւ ծառայություն մատուցած մարդիկ, ինչպես առաջներում, այնպես էլ այսօր, չեն հեռանում ասպարեզից։ Եթե նույնիսկ նրանք ազատվում են մի պաշտոնից, ապա, որպես շնորհակալություն եւ մխիթարանք, ստանում են մի այլ կարեւոր պաշտոն։ Այդպես կոնյակի գործարանի նախկին տնօրեն Հերոյանը դարձավ Արմավիրի մարզպետ։

Երբ արհեստավարժ չեն քաղաքականացված գործիչները, որոնք պաշտոն, «պադավատ» են ստացել այս կամ այն կուսակցության «քվոտայով», դա միանգամայն հասկանալի է։ Ինչ արած, քաղաքականություն է. այսօր իշխանության համար շատ ավելի ձեռնտու է, որ այդ մարդիկ նստեն որեւէ առանձնասենյակում, քան բոցավառ ճառեր արտասանեն հրապարակներում։ Բայց պաշտոնյաների գերակշռող մասը կուսակցականացված չէ, եւ, այնուամենայնիվ, ոչ միայն աչքի չի ընկնում արհեստավարժությամբ, այլեւ չի շլացնում իր ինտելեկտի եւ կուլտուրայի մակարդակով։ Ինչպես, օրինակ, մաքսային վարչության պետ Միքայել Մակարյանը։

Շատ բնական է, երբ ղեկավարն իրեն ցանկանում է շրջապատել նվիրված, հավատարիմ մարդկանց թիմով։ Բայց փորձը ցույց է տալիս, որ ա) հավատարմությունը «իրադրության փոփոխության» հետ գոլորշիանում է, եւ ցանկացած «հավատարիմ» որոշակի պահին պատրաստ է «ղազագիր» ստորագրել՝ հակառակ ճամբարն անցնելու մասին, բ) հավատարմությանը զուգահեռ անհրաժեշտ է լուծել որոշ պետական խնդիրներ։ Այդ առումով թե՛ հին եւ թե՛ նոր իշխանության կադրային փնտրտուքը չափազանց սահմանափակ է եւ դուրս չի գալիս վաղուց արդեն նախանշված շրջանակից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930