Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ

Հունիս 20,1998 00:00
Armen Shekoyan

Հայրենի՞քն է ժողովրդի համար, թե՞ ժողովուրդը՝ հայրենիքի։ Թե՞ երկուսն էլ հավասարապես մեկը մյուսի համար են։ Այնուամենայնիվ՝ ո՞րն է առաջնային։ Միգուցե հա՞րցն է սխալ։ Բայց չէ՞ որ սա հավերժական հարց է։ Միգուցե սխալ է եւ այդ պատճառո՞վ է հավերժական։ Էլի բազում այսօրինակ հարցեր կան, որ, հավերժորեն մահկանացուներիս տանջելով, այդպես էլ անպատասխան են մնում։ Օրինակ՝ պետությա՞ն շահն է առաջնային, թե՞ անհատինը։ Կամ՝ ինչո՞ւ իրար չեն համընկնում հայի եւ, ասենք, անգլիացու շահերը։ Ավելին՝ ինչո՞ւ են իրար հակասում մարդու եւ մեկ այլ մարդու շահերը։ Է՛լ ավելին՝ ինչո՞ւ իրար չեն համընկնում հայի եւ մեկ այլ հայի շահերը։

Նմանատիպ պարադոքսալ հարցեր հավանաբար ավելի հաճախ ծագում են հետխորհրդային գլուխներում, որոնք, յոթ տասնյակ տարիներ արձակուրդի մեջ գտնվելով, կարգին հանգստացել են։ Եվ մենք այսօր ընտիր փիլիսոփաներ կարող էինք դառնալ, եթե մեզ շարունակ չխեղդեին հույժ սոցիալական խնդիրները։ Այսինքն՝ առաջներում մենք հասարակական-քաղաքական հարցերի մեջ լրջորեն խորամուխ լինելու իրավունք չունեինք, իսկ այսօր՝ ժամանակ։ Ստացվում է, որ մեր ուղեղները, անկախ մեր ու պետության կամքից, որոշ չափով շարունակում են արձակուրդից չվերադառնալ եւ եթե վերադառնում էլ են, ապա՝ նախագահական կամ խորհրդարանական նախընտրական սեզոններին։

Կարճ ասած՝ ընտրությունների օրերին բոլորս աշխուժանում ենք։ Էլ առաջվանը չենք, որ, առանց իմանալու, թե ում էինք ընտրում, մեր եւ մեր ընտանիքների մյուս անդամների բյուլետենները, դրանց գումարած հարեւանների բյուլետենները բուռ արած լցնում էինք քվեատուփերը։ Այդպես էր. ոչ միայն՝ մեկը բոլորի համար, այլեւ՝ մեկը բոլորի փոխարեն։ Հիմա մենք ոչ միայն գիտենք, թե ում ենք ընտրում, այլեւ գիտենք, թե հանուն ինչի ենք ընտրում։ Եվ կարեւորն այն է, որ մենք մի քանիսի միջից ընտրում ենք միայն մեկին, այսինքն՝ մրցակցություն կա։ Եվ շատ իզուր են ասում, որ մեր ընտրությունից կախված չէ, թե ով կընտրվի։ Եթե այդպես լիներ, թեկնածուները երկար-բարակ ելույթներ չէին ունենա եւ այդքան փող չէին ծախսի եւ մոլեռանդորեն մեզ չէին համոզի, որ իրենք ամենաարժանավորն են։ Եվ ընդհանրապես գոյություն չէր ունենա ընտրակաշառք բառը։ Գոյություն չէր ունենա եւ չէր հոլովվի, ինչպես որ նախկինում գոյություն չուներ (գոնե մեզ համար) ու չէր հոլովվում։

Ուրեմն՝ այնուամենայնիվ, մենք ինչ-որ դեր ունենք ու մեզնից ինչ-որ բան ենք վերջերս ներկայացնում։ Ինչպես ասացի՝ մենք առանձնապես նախընտրական օրերին ենք քաղաքականապես աշխուժանում ու հասունանում, որովհետեւ մնացած օրերին գրեթե ժամանակ չունենք։ Մենք ասելով՝ նկատի չունեմ Կոմայգում ու Ազատության հրապարակում շարունակաբար հավաքվող ժողովրդական այն խմբերը, որոնք ամեն օր են քաղաքականությամբ ու ազգի հարցերով զբաղված, ընդ որում՝ առանց աշխատավարձի ու անշահախնդրորեն։ Եթե շահ ունենային, միգուցե է՛լ ավելի լրջորեն խորամուխ լինեին։ Եթե արդարություն գոյություն ունենար՝ հենց նրա՛նք կլինեին մեր պատգամավորները եւ բոլորիս փոխարեն կզբաղվեին ազգի հարցերով. այսինքն՝ նույն այն հարցերով, ինչով հիմա զբաղվում են։ Մնացածներս ազգի մասին մտածում ենք միայն ընտրությունների նախօրյակին։ Իհարկե, խոսքս չի վերաբերում գեղանկարիչներին, ուսուցիչներին, կոմպոզիտորներին, լրագրողներին, գիտնականներին, բանաստեղծներին եւ ընդհանրապես գրողներին ու բոլոր գրաճանաչներին, ովքեր, իրենց բուն բան ու գործը մի կողմ թողած, քաղաքական ու կիսաքաղաքական հոդվածներ են գրում, հարցազրույցներ են տալիս ու առնում, զանազան կուսակցություններ են ընդգրկվում, ընտրությունների օրերին եթե ոչ թեկնածու, գոնե վստահված անձ են դառնում, ընտրվողների հետ մեկնում են մարզեր եւ այլ գեղատեսիլ վայրեր։

Այս մարդիկ, ովքեր, ինչպես ասացինք, իրենց բուն բան ու գործը զոհել են ահա այդ ամենին, հենց սրա՛նք պիտի լինեին մեր պատգամավորներն ու ղեկավարները։ Եթե, իհարկե, ինչպես վերը նշեցինք, արդարություն լիներ։ Մնացածներն աշխուժանում են միմիայն դեպքից դեպք՝ ընտրությունների հետ կապված։ Պարզապես ժամանակ չունեն։ Չհաշված, իհարկե, բանվորական այն հոծ խմբերը, որոնք, դեպքերի բերումով, այսինքն՝ իրենցից անկախ, գործազուրկ դարձան. այսինքն՝ քաղաքականությամբ զբաղվելու լիուլի ժամանակ ունեն եւ հենց դրանով էլ զբաղվում են իրենց ամեն ինչից ազատ ժամերին։ Փաստորեն, հենց նրանք կարող էին մեր խորհրդարանում ներկայացնել մեր աշխատավորության գաղափարները, եթե, իհարկե, արդարություն ասածը գոյություն ունենար։ Եթե ազատ ժամանակի գերակայությունը կարող է քաղաքականությամբ խորապես զբաղվելու երաշխիք հանդիսանալ, ապա միանգամայն պատճառաբանելի է դառնում թոշակառուների սոցիալ-քաղաքական գերծանրաբեռնվածությունը։ Միայն ափսոս, որ, նույնիսկ արդարության առկայության դեպքում, նրանց պատգամավոր դառնալու հավանականությունը գրեթե հավասար է զրոյի։

Ասվածից, իհարկե, չարժե ենթադրել, թե մեզանում քաղաքականությամբ զբաղվելու գլխավոր շարժառիթն ու դրդապատճառը ազատ ժամանակի լիուլի առկայությունն է։ Եթե այդպես լիներ, ապա առեւտրականները, բիզնեսմեններն ու զանազան կլանների ներկայացուցիչներն ամբողջովին պիտի քաղաքականությունից զերծ մնային։ Իրականում, ինչպես գիտենք, հենց նրանք են ամենաակտիվ ընտրողներն ու ընտրվողները եւ հենց նրանց գործուն քարոզչությունն է կշեռքի սլաքը թեքում քաղաքական այս կամ այն ուժի կողմը։ Եվ հենց նրանք են որոշում մեր կյանքում արդարության պահանջարկի չափը եւ հենց նրանք են իրենցով լրացնում հայրենի պառլամենտի մեծամասնական տեղերի մեծ մասը։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ Հայաստանում, առանց բացառության, բոլո՞րն են քաղաքականությամբ զբաղվում։ Ստացվում է, որ մենք մեր այս հոդվածի սկզբում, եթե դեռեւս հիշում եք, մտադիր էինք ճիշտ հակառակն ապացուցել, ասելով, որ մեր ժողովուրդը քաղաքականությունից հեռու ժողովուրդ է եւ միայն ընտրությունների առիթով է առնչվում քաղաքականությանը, սակայն ապացուցվեց ճիշտ հակառակը։ Նյութը, ինչպես ասում են, դիմադրեց։ Համեմատություն չընդունեք, բայց Տոլստոյի հետ էլ է նման բան տեղի ունեցել. Լեւ Նիկոլաեւիչը Աննա Կարենինային գնացքի տակ գցելուց հետո հոնգուր-հոնգուր լաց եղավ, որովհետեւ ամբողջ հոգով դեմ էր դրան, բայց… ուրիշ ճար չուներ։ Եթե վեպն այլ կերպ ավարտեր՝ ճշմարտացի չէր լինի։ Ա՛յ, ուրիշ բան, եթե նա ապրեր այսօրվա Հայաստանում. երկաթուղու անաշխատունակության շնորհիվ միգուցե մեծ գրողին հաջողվեր իր հերոսուհուն արժանացնել առավել բարվոք ճակատագրի։ Կարծում ենք՝ նաեւ ճշմարտացի կլիներ։ Նաեւ ճշմարտացի կլիներ, եթե մեր ժողովրդի գոնե մի մասը, ուրիշ ավելի հետաքրքիր զբաղմունք ունենալով, գլխովին չընկղմվեր քաղաքականության դավադիր խորխորատները եւ իսկապես միայն ընտրությունների օրերին քաղաքականությամբ ապրեր։ Իսկ միգուցե մեր ժողովուրդն իր առողջ բնազդներով զգո՞ւմ է, որ ինքն իր քաղաքական գործիչներից բնավ էլ տհաս չէ (քաղաքականապես)։ Դա միանգամայն այլ թեմա է։

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930