«Քաղաքական շանտաժով, ինչին, ցավոք, դիմեց Հայաստանի արտգործնախարարության ղեկավարը, ղարաբաղյան հակամարտությունում կողմերի դիրքորոշումները մոտեցնել հազիվ թե հաջողվի»:
Այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Ռախմանինը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանի վերջերս ունեցած ելույթի առնչությամբ:
Չորեքշաբթի օրը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, թե իր երկիրը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կամ «երեք գումարած երկու» (Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ) ֆորմատով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երեք համանախագահների մասնակցությամբ, կամ էլ, Վարդան Օսկանյանի կարծիքով, առավել արդյունավետ «մեկ գումարած մեկ» (Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ) սխեմայով շուտափույթ վերսկսմամբ: Հայաստանի արտաքին գործերի նախարարը միաժամանակ ընդգծել է, որ եթե մոտակա 3-4 տարում Ադրբեջանի անզիջողության պատճառով հակամարտությունը չկարգավորվի, ապա Հայաստանը հարկադրված կլինի պահանջել Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորում, ինչը թույլ կտա ստեղծել միասնական քաղաքական եւ ռազմական միավորում Ադրբեջանի ռազմական սպառնալիքին դիմակայելու համար:
Նմանօրինակ հայտարարությունները չեն կարող ըմբռնում գտնել Ռուսաստանում եւ, ինչպես մեզ է թվում, միջազգային հանրակցության մյուս անդամների շրջանում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Միեւնույն ժամանակ նա ողջունել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպատակամղված բանակցությունները շուտափույթ վերսկսելու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տրամադրվածությունը:
Կարդացեք նաև
«Ռուսաստանը,- ասել է Վլադիմիր Ռախմանինը,- շահագրգռված է ոչ միայն բանակցությունների շուտափույթ վերսկսմամբ, այլեւ զինված հակամարտության շուտափույթ դադարեցմամբ, անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմամբ: Մենք որեւիցե դժվարություն չենք տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կողմերի լիազոր ներկայացուցիչների միջեւ բանակցությունների վերսկսման խնդրում: Նման բանակցություններն, ի դեպ, ենթադրում են նաեւ Բաքվի եւ Ստեփանակերտի ներկայացուցիչների ուղղակի կապեր, հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելիս»:
«Բայց բանը բանակցությունների ֆորմատը չէ, այլ առաջին հերթին այն, թե ինչի հիման վրա պետք է վարվեն այդ բանակցությունները: Ցավոք, այստեղ կողմերի դիրքորոշումները զգալիորեն տարբերվում են», նշել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրենը:
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ՄՈՍԿՎԱ