Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԼԻԵԹԻՆ» ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵՔ

Հունիս 20,1998 00:00
miliyet

Հունիսի 18-ին «Սնարք» գործակալությունը վերաշարադրել է թուրքական «Միլիեթ» թերթի հոդվածը, որը պատմում է, թե ինչպես 96 թվականի ընտրություններից առաջ նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն իբր դիմել է թուրքական կառավարությանը՝ Տեր-Պետրոսյանին աջակցելու խնդրանքով:

Ըստ «Սնարքի», Լիպարիտյանը, «Միլիեթի» պնդմամբ, այդպիսի մի հայտարարություն է արել. «Տեր-Պետրոսյանի հիմնական մրցակիցը, որին սատարում են դաշնակները, կոշտ գծի կոմնակից է: Դուք մեծ խնդիրներ կունենաք, եթե նա ընտրվի» /մեջ ենք բերում ըստ «Գոլոս Արմենիի» թերթի, թիվ 66/: «Սնարքի» ներկայացվածով ցանկացած հայ ընթերցողի համար միանգամայն պարզ է դառնում, որ խոսքը 96 թվականի ընտրություններում Տեր-Պետրոսյանի հիմնական մրցակից Վազգեն Մանուկյանի մասին է: Սակայն «Սնարքը» մեջբերված նախադասության մեջ բաց է թողել մի շատ կարեւոր ազգանուն, որը թուրքական թերթի հրապարակումը բացարձակ կեղծիք է դարձնում: Խնդիրն այն է, որ մայիսի 30-ի «Միլիեթ» թերթի Յալչին Դոգանի հոդվածում Լիպարիտյանին վերագրվում են հետեւյալ բառերը,որոնք նա, հիշեցնում ենք, իբր արտասանել է 96 թվականի ընտրություններից առաջ. «Մյուս թեկնածուն՝ Քոչարյանը կոշտ գծի կողմնակից է»:

Ինչպես հայտնի է, 96 թվականին Ռոբերտ Քոչարյանը նախագահի թեկնածու չէր, Տեր-Պետրոսյանի մրցակիցը չէր, ավելին՝ ակտիվորեն սատարում էր նրան՝ իբրեւ ԼՂՀ նախագահ: Ժիրայր Լիպարիտյանը, հավանաբար, բազմաթիվ մեղքեր ունի, սակայն որեւէ նորմալ մարդ դժվար թե հավատա, որ նա ընդունակ է նման անհեթեթություններ ասել: Հասկանալի է, թե ինչու է «Միլիեթը» շրջանառության մեջ գցել այս կեղծիքը. թուրքական քարոզչությանը ձեռնտու է ներկայացնել Ռոբերտ Քոչարյանին որպես կարծր գծի կողմնակից: Իսկ թե ինչն է ձեռնտու հայկական գործակալությանը՝ դժվար է ասել:

Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930