Ըստ երեւույթին հուլիսի կեսերին կփլուզվի «Շամիրամ» պատգամավորական խմբակցությունը։ Նրա անդամներից մի քանիսը մի խումբ այլ տղամարդկանց հետ կստեղծեն նոր պատգամավորական խումբ, որի անունը, ըստ նախնական պայմանավորվածությունների, պետք է որ «Արժանապատվություն» լինի։
ԱՅ ՔԵԶ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
«Մենք հանդիպում ենք ընդդիմության հետ եւ լրագրողների ներկայությունը ցանկալի չէ»,- այս հիմնավորմամբ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները թույլ չեն տվել, որ անգամ ԱԺ մամուլի ծառայության աշխատակիցները ներկա լինեն «Հանրապետություն», ԱԻՄ, ԱԺՄ եւ կոմկուսի խմբակցությունների հետ իրենց հանդիպումներին։ Վերջիններս բավարարվեցին «ներկայացվեցին դիրքորոշումները» կարգի ընդհանուր ձեւակերպումներով։
ԱՌԱՋԻՆ ՁՈՆԸ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Կարդացեք նաև
Հունիսի 18-ին Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակչուհիներից մեկը, որն իր համագյուղացիների հետ միասին եկել էր իրենց գյուղապետի ազատազրկման դեմ հանրապետության նախագահին բողոքելու, չափածո էր գոռում իր պահանջները. Քոչարյան ջան, Քոչարյան, ինչո՞ւ ես մտել դու մառան, Մէ դուրս արի՝ քեզ տեսնենք, սոված-ծարավ կոտորվանք։
ԳՐԳՌԻՉՆԵՐՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ ԵՆ
Ըստ տեղից ստացվող լուրերի, Աջափնյակի նոր թաղապետ, «Սեբաստիա» հյուրանոցի տնօրեն Պարույր Կարապետյանն իր աշխատանքային գործունեության առաջին իսկ օրերին պահանջել է՝ «որեւէ մեկի ծունկը չտեսնեմ, չտեսնեմ, որ մեկը թափանցիկ շոր հագնի»։ Տղամարդ աշխատակիցներից էլ պահանջել է, որ բոլորը փողկապ կապեն՝ «որեւէ մեկի վիզը չտեսնեմ»։