Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱԴՈՅԱՆՆ ԱՐԴԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԹՔԵԼ ԵԳՈՐՅԱՆԻ ԳԼԽԻՆ

Հունիս 20,1998 00:00
Sadoyan

 Այլ՝ միասին հանրահավաք կազմակերպել

«Միտինգների ալիքը սկսվեց»,- հայտարարեց Արշակ Սադոյանը, երեկ Ազատության հրապարակում կոնյակի գործարանի վաճառքի դեմ կազմակերպված հանրահավաքում։ Սակայն Արշակ Սադոյանի նման ոգեւորությանը համարժեք չէր Էդվարդ Եգորյանի հուսահատ հռետորական հարցը լրագրողներին. «Տեսնես այսքան քիչ ժողովրդով կհաջողվի՞ կանխել կոնյակի վաճառքը»։ Իսկ հաջողության հասնելու համար Արշակ Սադոյանը գիտի ընդամենը երկու ուղի՝ արդար ընտրություններ կամ արյունահեղություն։ Պրն Սադոյանը ցավ հայտնեց, որ իրենց հետ չեն նաեւ պայքարի հին ընկերները, որոնք պետք է կրեն պատասխանատվությունը։ Ակնարկը վերաբերում էր հիմնականում Դաշնակցությանը, որը գործող կառավարության մաս է կազմում ։

Թեեւ որպես հին, բայց հեռացած ընկերոջ օրինակ, պրն Սադոյանը հիշատակեց Դաշնակցությանը, սակայն, կարծես չար բախտի հեգնանքով երեկ վերջապես նախագահին առընթեր վերահսկողության ծառայության ղեկավար էր նշանակվել իր կուսակից Դավիթ Վարդանյանը՝ մաս կազմելով այս իշխանություններին եւ, բնականաբար, այդ հանրահավաքին ներկա չէր։ Ըստ Էդվարդ Եգորյանի, գործարանը վաճառելով ֆրանսիացիներին, մենք չենք ապահովի արտասահմանյան ներդրողների վստահությունը մեր նկատմամբ, քանի որ Հայաստանից փախչող տասնյակ եւ հարյուրավոր գործարարներ արտասահմանում պատմում են, թե ինչպիսի ստվերային, հարկային համակարգ է գործում Հայաստանում։

Հանրահավաքի «պոչում» կանգնած էր նաեւ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը եւ ՀՅԴ Երեւանի մարզային կառույցի ղեկավար Կիմ Բալայանը։ Նրանք այդպես էլ չմիացան ազգային արժեք՝ կոնյակի պաշտպանությանը, թերեւս այլ շահերի պաշտպանության ակնկալիքով։ Էդվարդ Եգորյանը տեղեկացրեց, որ կոնյակի հարցով նոր քննարկում կազմակերպելու համար հավաքվել է 68 ստորագրություն, իսկ արտահերթ նիստի օրը կորոշի Խոսրով Հարությունյանը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930