Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրել ըստ օրենքի

Հունիս 20,1998 23:40

Համաձայնենք, որ կարճ ժամանակահատվածում (1998-ի հունվար-հունիս) երկու ներքաղաքական ճգնաժամ հաղթահարելը այնքան էլ հեշտ բան չէ, անգամ ճգնաժամերի հաղթահարման մեջ արհեստավարժ մեր հասարակության համար: Անգամ եթե դրանք
տեղի են ունենում երկու անկախ, բայց եւ եղբայրական պետություններում:

Հայաստանցիներս թեեւ սրտի տագնապով էինք հետեւում Ղարաբաղում ծավալվող իրադարձություններին, բայց եւ վստահ էինք, որ այնտեղ, ի տարբերություն Հայաստանի, հաղթելու է առողջ բանականությունը, պահի լրջության գիտակցությունը ու, ի վերջո, ցուցաբերվելու է քաղաքական հասունություն: Այդպես էլ եղավ: Այս առնչությամբ մեր հերոսական անցյալից երկու դրվագ հիշեցի՝ նրանցից բխող եզրակացություններով:

1996թ. նոյեմբերի 23-ին ԼՂՀ առաջին նախագահական ընտրությունների նախօրեին մի խումբ լրագրողներիս հաջողվեց հանդիպել ղարաբաղյան իշխանական կուռ թիմի հետ: Նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի շտաբում (շտաբի ղեկավարն էր Լեոնարդ Պետրոսյանը) երկար զրուցեցինք ԼՂՀ նախագահի, վարչապետի, պաշտպանության նախարարի հետ: Ու թեեւ Սամվել Բաբայանի ազդեցիկ հեղինակությունը Ղարաբաղում աչքի ընկնող էր, դժվար թե կարելի էր կռահել, թե այս պետությունում հնարավոր է «ներիշխանական ճգնաժամ»: Այդ օրը, հիշում եմ, մեզ ցույց տվեցին տեսաժապավեն, ուր նախագահի մյուս թեկնածու Բորիս Առուշանյանի վստահված անձը՝ Մուրադ Պետրոսյանը, խիստ քննադատության էր ենթարկել իշխանություններին (իմա՝ Ռ.Քոչարյան, Լ.Պետրոսյան): Այս ազատ քննադատության մեջ լրագրողներս նկատեցինք ժողովրդավարության առողջ ծիլերը Ղարաբաղում: Զարմանալի էր, բայց՝ փաստ:

Առավել ուրախալի է, որ ԼՂՀ ԱԺ «ուժային հանձնաժողովի» նախագահ Մուրադ Պետրոսյանը հանդես է գալիս ոչ ընդդիմադիր, ինչպես 96-ին, այլ միանգամայն պետության շահերից ելնելով, թեեւ՝ հիմնականում ի պաշտպանություն պաշտպանության նախարարին վարչապետի պաշտոնում տեսնելու եւ՝ ընդդեմ նախկին վարչապետի: Չափազանց կարեւոր է, որ ղարաբաղյան իրադարձությունները հայաստանյան մամուլում լուսաբանողների թվում են երեկ գրեթե հալածված համարվող Ղարաբաղի արհեստավարժ լրագրողները: Սա, ինչ խոսք, անառարկելի ձեռքբերում է նորանկախ պետության մեջ ազատ մամուլի ձեւավորման փշոտ ճանապարհին: ԼՂՀ նոր վարչապետի նշանակումը, Ստեփանակերտում տեղի ունեցած /եւ փաստորեն «ճգնաժամի» ավարտն ազդարարող ԼՂՀ ղեկավարության համատեղ մամուլի ասուլիսը եւս մեկ անգամ ապացուցեց ղարաբաղցիների պետական մտածողության գերակայությունը նեղ անձնական հաշիվների նկատմամբ, դարձյալ արձանագրվեց ԼՂՀ պաշտպանության նախարարի ազդեցիկ հեղինակության ֆենոմենը:

Ղարաբաղյան ճգնաժամի հաղթահարմանը սպասելիս, ԼՂՀ-ում պատմական հանդիպումներիցս հիշատակման արժանի եւս մի կարեոր դրվագ մտաբերեցի. 1995 թիվ, հունվար, Ղարաբաղում նախագահական նոր-նոր ձեւավորվող համակարգ, նախագահ Ռոբերտ Քոչարյան, խաղաղության մի քանի ամիսներ, ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանի հետ զրույց: Նրան տված բազմաթիվ հարցերից նաեւ այս մեկը տվեցի. «Արդյոք, մտահոգիչ չէ՞ զինվորականների իշխանության գերակայությունը Ղարաբաղում»: Ղուկասյանը ժպտաց. «Ղարաբաղում նախագահական համակարգը կնպաստի նորմալ, խաղաղ կյանքի ձեւավորմանը: Պետք է բոլոր պայմանները ստեղծել ԼՂՀ-ում քաղաքացիական հասարակություն ձեւավորելու համար: Ցայսօր Ղարաբաղը կառավարվում է կենտրոնացված, վարչական կառույցներով: Այլեւս նման կառավարման մեխանիզմներն անարդյունավետ են: Անհրաժեշտ է ստեղծել պետականության ատրիբուտներ եւ առաջին հերթին տարանջատել իշխանության ճյուղերը, ինչը, ցավոք, մեզանում գոյություն չունի: Ինչ վերաբերում է ռազմական իշխանության գերակայությանը, ապա պետք է իրատես լինել եւ հաշվի առնել այն հսկայական դժվարությունները, որով անցան մեր բանակայինները:

Բնական էր, որ նրանց հեղինակությունը քաղաքական ղեկավարների հեղինակությունից բարձր էր: Վաշտի հրամանատարն ավելի մեծ հեղինակություն կարող էր ունենալ, քան՝ որեւէ նախարար, կամ՝ ԳԽ հանձնաժողովի նախագահ: Եվ դա տրամաբանական եւ օրինաչափ երեւույթ է պատերազմող, առավել եւս՝ հաղթանակ տարած պետության համար: Բայց, իհարկե, չարաշահումներ էլ կան… Կարծում եմ, որ նման իրավիճակը երկար տեւել չի կարող: Այսօր Ղարաբաղում կա ռազմական եւ քաղաքացիական իշխանություն եւ պետք է ճշգրտել այդ փոխհարաբերությունները: Հրամանատարները, որոնց վաստակն ու դերը իրոք հսկայական են, պետք է հարգեն օրենքը եւ ապրեն ըստ օրենքի…»:

Մեր այս զրույցից ավելի քան երեք տարի է անցել, եւ եթե չլինեին վերջին իրադարձությունները, հազիվ թե հիշատակեի տարիների վաղեմություն ունեցող գրառումներս: Ղարաբաղը, թվում էր, իշխանության ամուր, համերաշխ թիմ ունի: Փաստորեն, չսխալվեցինք: Ինչպես որ խոստանում էին Ղարաբաղի իշխանությունները, ներքաղաքական ճգնաժամը մի քանի օրում հաղթահարվեց, իսկ դա նշանակում է, որ այս երկրում հարգում են օրենքն ու ապրում են ըստ օրենքի: Ընդ որում՝ ոչ միայն հրամանատարները: Իսկ թե՝ ըստ ո՞ր օրենքի եւ ինչպե՞ս են ապրում, դա արդեն Ղարաբաղի ներքին հարցն է:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930