Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկնայք փափկասունք խորհրդարանի

Հունիս 20,1998 23:26

Աշխարհում ընդունված կարգ է, որ պատգամավոր տիկնայք քով-քովի գան ու ստեղծեն իրենց կազմակերպությունը։ Քաղաքակիրթ աշխարհի այդ դրսեւորումը շուտով իր արտացոլումը կունենա նաեւ հայոց աշխարհում, իսկ դեպքի վայրը ներկայիս Ազգային ժողովն է լինելու։ Արդեն իսկ ընթացքի մեջ է «Կին խորհրդարանականների» ակումբի ստեղծման գործընթացը, որի մասին «Առավոտին» պատմեց Ազգային ժողովի պատգամավոր, տիկին Հերմինե Նաղդալյանը։ 

Նա նախ հարկ համարեց նշել, որ ակումբի ստեղծումը դրականորեն կարող է անդրադառնալ օրենսդրական, քաղաքական աշխատանքներն ավելի արդյունավետորեն կազմակերպելու համար։ Բացի այդ, ակումբի գոյությունը հնարավորություն կտա ակտիվ եւ հեռանկարային կապեր հաստատել այլ երկրների խորհրդարանական տիկնանց հետ, ինչն, այս կամ այն դեպքում, կարող է բարենպաստ դրսեւորումներ ունենալ։ Մանավանդ, հարկ համարեց ընդգծել տիկին Հերմինեն, մեր խորհրդարանի կանայք ակտիվ պատգամավորական գործունեություն են ծավալում ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական եւ ավելի լայն շրջանակներում կազմակերպվող նմանօրինակ հավաքների ընթացքում։ Վերջերս էլ նախատեսված էր, որ նման մի ժողով, կին պատգամավորների մասնակցությամբ, պետք է անցկացվի հարեւան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, սակայն միջոցառման անցկացումը փոքր-ինչ հետաձգվել է։

Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ակումբի կոորդինատոր է ընտրվել «Շամիրամ» խմբակցության ներկայացուցիչ տիկին Ամալյա Պետրոսյանը։ Աշխարհը կանանց սատարելու, կանանց գործունեությունն ակտիվացնելու հսկայական փորձ ունի կուտակած։ Հերմինե Նաղդալյանն այս ոլորտում գործունեություն ծավալելու դաշտ էր տեսնում ոչ միայն արդարադատության նախարարությունում գրանցված կանանց շուրջ 40 կազմակերպությունների, այլեւ ընդհանրապես գեղեցիկ սեռի հսկայական ներուժի համար, որն իր կարողությունները դրսեւորելու հնարավորություն պետք է ունենա։ Վերջին տարիների սոցիալական, տնտեսական ծանր վիճակը կանանց պրոբլեմները հետին պլան է մղել։ Այս իրողության պատկերացմամբ էլ կին խորհրդարանականները հակված են ավելի ակտիվացնել իրենց գործունեությունը։

Խոսքի ավարտին տիկին Նաղդալյանը ծանուցեց նաեւ, որ կին խորհրդարանականների ակումբում ընդգրկվելու են ԱԺ բոլոր 11 կին պատգամավորները, եւ բացի այդ, հրավեր կարվի նաեւ նախորդ խորհրդարանում՝ ԳԽ-ում աշխատած կին պատգամավորներին։ Նրանց փորձը, աշխատանքային ունակությունները կօգտագործվեն ի շահ ընդհանուր գործի։

Ա. Զաքարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930