«Կարլսոնը վերադարձավ» մուլտֆիլմի տնային կառավարչուհու այս խոսքերն էիր ակամա հիշում՝ լսելով ԱԺ-ի պատգամավորների տրտունջներն առ այն, որ հեռուստատեսությամբ իրենց գործունեությանը քիչ են անդրադառնում՝ փոխարենը մեծ տեղ է հատկացվում գործադիր իշխանության աշխատանքի լուսաբանմանը։
«Հայրենիք» խմբի առաջարկով նշեմ, որ կառավարության հետ նրանց մրցամարտի հաշիվը երեկ դարձավ 3։2, քանզի խումբը կարողացավ իր նախաձեռնություններից եւս երկուսն անցկացնել։ Ընդ որում՝ մեկն արդեն իսկ ամբողջությամբ ընդունվեց, եւ այս տարվա աշնանից երախտապարտ հեռուստադիտողները կարող են հեռուստատեսությամբ դիտել պատգամավորների հայտարարությունների ամբողջական տեսագրությունը։ «Այս օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ լրատվության միջոցները ոչ լրիվ եւ ամբողջական են հասարակությանն իրազեկ դարձնում արված հայտարարություններին, ինչն անհրաժեշտ է»,- նշել էր «Հայրենիքը», հիմնավորելով այս նախաձեռնությունը։
Կարելի է ասել, որ խմբի եւ այս, եւ մյուս՝ ԱԺ-ում ներկայացված խմբակցություններին եւ խմբերին Հայաստանի ազգային հեռուստատեսությամբ եթերաժամանակ տրամադրելու վերաբերյալ նախաձեռնությունները ԱԺ ղեկավարության «սրտից բխած» էին եւ Խոսրով Հարությունյանը ողջունեց դրանք։ Սա իրոք աննախադեպ է, եթե նկատի առնենք այն բոլորովին էլ ոչ, մեղմ ասած, սիրալիրությունները, որ անգամ հրապարակավ իրար փոխանցում են ԱԺ նախագահն ու «Հայրենիքի» անդամները։ Սակայն խորհրդարանում հիմա շատ տարօրինակ տեսարանների կարող ես ականատես լինել մի սեղանի շուրջ նստած՝ երեկվա իրար թունդ հայհոյողներ կամ անհաշտ հակառակորդներ, որ կոնյակի գործարանի վաճառքի շուրջ գործողություններն են միասնականացնում եւ այլն։
Կարելի է արձանագրել, որ այդ գործարքից բացի՝ մեկ էլ պետական լրատվամիջոցների նկատմամբ դժգոհությունը նման համերաշխության հիմք դարձավ։ Ավելի ստույգ, դժգոհությունը վերաբերում էր հեռուստատեսությամբ ԱԺ-ի աշխատանքների լուսաբանմանը։ «Քաղաքականությունն այս դահլիճում է մշակվում։ Կառավարությունն ընդամենը կատարողն է, բայց գործադիր իշխանությունն անսահմանափակ հեռուստաժամանակ ունի։ Իսկ ԱԺ-ին պետպատվերի ժամերի միայն 2%-ն է տրվում»,- դժգոհում էր Մկրտիչ Գիմիշյանը։
Կարդացեք նաև
«Թիվ 1 իշխանական մարմինը պարզապես արհարմարհված է հեռուստատեսության կողմից։ Ամեն ինչ արվում է, որ օրենսդիրն ավելի թույլ եւ խղճուկ դիրքերում լինի, քան գործադիրը»,- սա էլ Արշակ Սադոյանի ելույթից է։
«Տպավորություն է ստացվում, որ ԱԺ-ն այս երկրի ոչ թե տերն է, այլ տնվորը։ ԱԺ-ն Սահմանադրությամբ երկրորդն է հանրապետության նախագահից հետո, եւ Հայաստանի ազգային հեռուստատեսությունն իրավունք չունի 10 րոպե վարչապետին ցույց տալուց հետո 2-3 րոպեում հպանցիկ ԱԺ-ին անդրադառնալ»,- Պետրոս Մակեյանի ելույթից այս մեջբերմանը հավելենք, որ ուղղակի հիացնում է «Հայրենիքի» անդամների այն հաստատ վճռականությունը, որով նրանք պնդում են, թե քաղաքականությունն ԱԺ-ի դահլիճում է մշակվում, եւ իրենք են երկրի տերը։ Ինչեւէ, շարունակենք մեջբերումները։
«Պետական լրատվամիջոցները ժողովրդին ապատեղեկատվություն տալու համար են միայն պետք»,- գյուտ արեց Վարդան Խաչատրյանը։
Իսկ նրա կուսակցական ընկեր Արամ Մկրտչյանը համապատասխան փաստաթղթերի հիման վրա պնդեց, թե Ռոբերտ Քոչարյանի գլխավորած կառավարությունը որեւէ առարկություն չուներ խմբերին եւ խմբակցություններին անվճար ուղիղ եթեր հատկացնելու օրինագծի նկատմամբ ու նաեւ համաձայն էր ԱԺ-ին 1 ժամ հատկացնել (ի դեպ, այն մտադիր են օգտագործել «Խորհրդարանական ժամ» պայմանական անվանումով հաղորդաշար սկսելու համար։ Խոսրով Հարությունյանն ավետեց, որ կառավարությունն էլ «Կառավարության լրատու» հաղորդաշար է նախաձեռնում)։ Իսկ Արմեն Դարբինյանի կառավարության եզրակացության իմաստն է, թե սա ԱԺ-ի տնօրինելիք հարցը չէ։ Չնայած ներկա ֆինանսների եւ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Արա Ասլիկյանը այլ հակափաստարկներ էր ներկայացնում, թե պետպատվերով ԱԺևին անհրաժեշտ ողջ ժամանակը հաջորդ տարվա բյուջեում է պետք նախատեսել։ Կանխատեսվում էր, որ ԱԺ-ի՝ հեռուստատեսություն այս «ներխուժումը» լուրջ խախտումների կհանգեցնի։
Ինչեւէ, այս օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, եւ միակ «վատամարդը» Ռուբիկ Հակոբյանը մնաց, որը նախ դժգոհում էր, թե խորհրդարանից դուրս ավելի որակյալ քաղաքական ուժեր էլ կան, որոնց եւս հեռուստաժամանակ տրամադրելը չէր խանգարի, հետո նախադեպն աչքի առաջ ունենալով՝ մտահոգեց. «Գործնականում այս խորհրդարանը կարող է մեկ օրում 20 խմբի բաժանվել։ Պատկերացնո՞ւմ եք էս ժողովրդի վիճակը՝ ամեն օր պիտի մի խումբ նստի ու խոսի»։
Իրոք, ըստ ԱԺ կանոնակարգի՝ «առնվազն 10 պատգամավոր կարող են ստեղծել պատգամավորական խումբ»։ Այնպես որ՝ արիացի՛ր Արարատի ժողովուրդ, պատրաստ եղիր շուտով Աստծո ամեն օր տեսնել քո ընտրյալների դեմքերը եւ հրաժարվիր ֆիլմեր ու զվարճալի ծրագրեր դիտելու քաղքենիական սովորույթից։ Դեռ կարող են գալ օրեր ավելի դժնի։ Երեւի իզուր չէր Հայկոմկուսի անունից ելույթ ունեցող Գագիկ Թադեւոսյանը Լեհաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների փորձը վկայակոչում, որոնց ողջ գործունեությունն է առանձին ալիքով ուղիղ հեռարձակվում։ Թող այդ փորձը փոխառվի՝ վստահաբար գոնե դահլիճը լեցուն կլինի։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ