Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՆՏԱԺՈՎ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՄՈՏԵՑՆԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ

Հունիս 20,1998 22:36
kreml

ՄՈՍԿՎԱ։ «Քաղաքական շանտաժով, ինչին, ցավոք, դիմեց Հայաստանի արտգործնախարարության ղեկավարը, ղարաբաղյան հակամարտությունում կողմերի դիրքորոշումները մոտեցնել հազիվ թե հաջողվի»:

Այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Ռախմանինը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանի վերջերս ունեցած ելույթի առնչությամբ: Չորեքշաբթի օրը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, թե իր երկիրը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կամ «երեք գումարած երկու» (Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ) ֆորմատով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երեք համանախագահների մասնակցությամբ, կամ էլ, Վարդան Օսկանյանի կարծիքով, առավել արդյունավետ «մեկ գումարած մեկ» (Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ) սխեմայով շուտափույթ վերսկսմամբ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարը միաժամանակ ընդգծել է, որ եթե մոտակա 3-4 տարում Ադրբեջանի անզիջողության պատճառով հակամարտությունը չկարգավորվի, ապա Հայաստանը հարկադրված կլինի պահանջել Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորում, ինչը թույլ կտա ստեղծել միասնական քաղաքական եւ ռազմական միավորում Ադրբեջանի ռազմական սպառնալիքին դիմակայելու համար:Նմանօրինակ հայտարարությունները չեն կարող ըմբռնում գտնել Ռուսաստանում եւ, ինչպես մեզ է թվում, միջազգային հանրակցության մյուս անդամների շրջանում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Միեւնույն ժամանակ նա ողջունել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպատակամղված բանակցությունները շուտափույթ վերսկսելու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տրամադրվածությունը:

«Ռուսաստանը,- ասել է Վլադիմիր Ռախմանինը,- շահագրգռված է ոչ միայն բանակցությունների շուտափույթ վերսկսմամբ, այլեւ զինված հակամարտության շուտափույթ դադարեցմամբ, անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմամբ: Մենք որեւիցե դժվարություն չենք տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կողմերի լիազոր ներկայացուցիչների միջեւ բանակցությունների վերսկսման խնդրում: Նման բանակցություններն, ի դեպ, ենթադրում են նաեւ Բաքվի եւ Ստեփանակերտի ներկայացուցիչների ուղղակի կապեր, հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելիս»:

«Բայց բանը բանակցությունների ֆորմատը չէ, այլ առաջին հերթին այն, թե ինչի հիման վրա պետք է վարվեն այդ բանակցությունները: Ցավոք, այստեղ կողմերի դիրքորոշումները զգալիորեն տարբերվում են», նշել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրենը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930