Հունիսի 18-ին «Սնարք» գործակալությունը վերաշարադրել է թուրքական «Միլիեթ» թերթի հոդվածը, որը պատմում է, թե ինչպես 96 թվականի ընտրություններից առաջ նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն իբր դիմել է թուրքական կառավարությանը՝ Տեր-Պետրոսյանին աջակցելու խնդրանքով:
Ըստ «Սնարքի»` Լիպարիտյանը, «Միլիեթի» պնդմամբ, այսպիսի մի հայտարարություն է արել. «Տեր-Պետրոսյանի հիմնական մրցակիցը, որին սատարում են դաշնակները, կոշտ գծի կոմնակից է: Դուք մեծ խնդիրներ կունենաք, եթե նա ընտրվի» (մեջ ենք բերում ըստ «Գոլոս Արմենիի» թերթի, թիվ 66): «Սնարքի» ներկայացրածով ցանկացած հայ ընթերցողի համար միանգամայն պարզ է դառնում, որ խոսքը 96 թվականի ընտրություններում Տեր-Պետրոսյանի հիմնական մրցակից Վազգեն Մանուկյանի մասին է:
Սակայն «Սնարքը» մեջբերված նախադասության մեջ բաց է թողել մի շատ կարեւոր ազգանուն, որը թուրքական թերթի հրապարակումը բացարձակ կեղծիք է դարձնում: Խնդիրն այն է, որ մայիսի 30-ի «Միլիեթ» թերթի հոդվածագիր Յալչին Դոգանի հոդվածում Լիպարիտյանին վերագրվում են հետեւյալ բառերը, որոնք նա, հիշեցնում ենք, իբր արտասանել է 96 թվականի ընտրություններից առաջ. «Մյուս թեկնածուն՝ Քոչարյանը, կոշտ գծի կողմնակից է»: Ինչպես հայտնի է, 96 թվականին Ռոբերտ Քոչարյանը նախագահի թեկնածու չէր, Տեր-Պետրոսյանի մրցակիցը չէր, ավելին՝ ակտիվորեն սատարում էր նրան՝ իբրեւ ԼՂՀ նախագահ: Ժիրայր Լիպարիտյանը, հավանաբար, բազմաթիվ մեղքեր ունի, սակայն որեւէ նորմալ մարդ դժվար թե հավատա, որ նա ընդունակ է նման անհեթեթություններ ասել:
Հասկանալի է, թե ինչու է «Միլիեթը» շրջանառության մեջ գցել այս կեղծիքը. թուրքական քարոզչությանը ձեռնտու է ներկայացնել Ռոբերտ Քոչարյանին որպես կարծր գծի կողմնակից: Իսկ թե ինչն է ձեռնտու հայկական գործակալությանը՝ դժվար է ասել:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ