Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՏՆՕՐԵՆԸ ՆԱԵՎ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ Է

Հունիս 20,1998 19:42

Փաստաթղթերով՝ «Ուսուցիչների ստեղծագործական վարպետանոց», տերերի բնորոշմամբ՝ «Ուրախության դպրոց» մասնավոր դպրոցի պարգեւած «ուրախությունների» մասին մեր թերթն արդեն անդրադարձել է «Մասնավոր դպրոցների «խաբված ավանդատուներ -2» (11.06.1998) եւ «Ապրի՛ տնօրենը, ծնող է ծեծել» (13.06.1998) հրապարակումներով։

Եւ ահա, չանցած մեկ շաբաթ, այդ դպրոցի մասին թերթի հետ իրենց «ուրախությունը» կիսելու ցանկություն հայտնեցին նախորդ դեպքի հետ որեւէ առնչություն չունեցող, բայց այդ «ուրախությունը» համտեսած մարդիկ։ Եվ, ի տարբերություն նախորդի, այս նորերն ուսուցիչներ էին եւ թերթին դիմելու համարձակություն էին ձեռք բերել միայն մեր հրապարակումից հետո։ Խմբագրությունում հնչած հեռախոսազանգից հետո գնացի ՆարևԴոսի անվան դպրոց։ Այստեղ ներկա էր ուսուցչական գրեթե ողջ կոլեկտիվը, բացակայում էր դպրոցի տնօրենը, որը, ինչպես պարզեցի մեր հետագա խոսակցության ընթացքում, երբեք էլ կոլեկտիվի հետ չի լինում։

«Տարեսկզբին իմացանք, որ մեր դպրոցի 3-րդ մասնաշենքը տվել են վճարովի դպրոցի, որը ողջ կոլեկտիվի զայրույթն առաջացրեց, քանի որ մենք ավելորդ դասասենյակներ չունեինք տրամադրելու, ուղղակի ժամանակավոր մեր երրորդ հարկը չէր օգտագործվում, քանի որ վատ վիճակում էր»,- պատմությունը սկսեց դպրոցի փոխտնօրեն Աստղիկ Փախյանը։ Ըստ փոխտնօրենի, իրենք հետո տեղեկանում են, որ «ինչ-որ մարդկանց հովանավորությամբ» մասնաշենքը տրվել է «Ուրախության դպրոցին»։ Դպրոցի կոլեկտիվին, երկար պայքարելուց հետո, հաջողվում է «Ուրախության դպրոցին» տրամադրել ոչ թե բոլոր 3 հարկերը, այլ միայն երրորդ հարկը։ «Հետո պարզվեց, որ իրենց դժվար է երրորդ հարկ թափանցել, մենք զիջեցինք մեր առաջին հարկը, որը գտնվում էր անհամեմատ լավ վիճակում, որտեղ մեր դասերն էինք անցկացնում։

Որոշեցինք համաձայնել այն պայմանով, որ իրենք երրորդ հարկը վերանորոգեն, մենք առաջին հարկից բարձրանանք երրորդ հարկ, այդ դեպքում նոր առաջին հարկը տրվի իրենց։ Բայց այդ պայմանավորվածությունը չեղավ. նոր տնօրեն տիկին Հովհաննիսյանն առանց վերանորոգման հանձնեց առաջին հարկը, պայմանով, որ հետո արվի։ Այդպես էլ նրանք ոչինչ չեն արել դպրոցի համար, մենք նշեցինք ինչ պետք է անեն իրենք դպրոցի համար, որ պայմանագրում շեշտվի։ Մինչեւ օրս մենք չգիտենք պայմանագիր կնքվել է, թե՝ ոչ»,- շարունակեց տիկին Փախյանը։ Նրա իսկ բնորոշմամբ էլ այս հողի վրա հանրակրթական եւ մասնավոր դպրոցների միջեւ անընդհատ վեճեր են առաջանում։ Հետագայում վեճերը հասնում են գագաթնակետին,եւ երկու մասնաշենքերը միացնող հատվածում դուռ է դրվում։

Օրեր անց դպրոցի փոխտնօրենին է զանգում «Ուրախության դպրոցի» տնօրեն Իրինա Կրիշչյանը եւ զգուշացնում, թե դպրոցի աշակերտները հարվածում են դռանը՝ խանգարելով դասապրոցեսին։ Տիկին Փախյանի հավաստմամբ, ինքը եւ ուսուցչուհիներից տիկին Գեւորգյանը ստուգում են եւ ոչինչ չեն հայտնաբերում։ «Չանցած 5 րոպե, տնօրենը մի տղամարդու հետ մտավ ուսուցչանոց եւ, շատ գռեհիկ տոնով ասաց. «Ես ձեզ չասացի՝ ձեր երեխաներին եկեք այստեղից տարեք»։ Նախ խոսքերով հարձակվեց ինձ վրա, ես փորձեցի կարգի հրավիրել, հետո նա հարձակվեց սեղանների վրա եւ մեկ-մեկ շուռ տվեց սեղանները, ու դրանից չբավարարվեց, եւ եթե ընկեր Գեւորգյանը չմիջամտեր՝ չգիտեմ ինչ վիճակում կլինեի»,- նշեց տիկին Փախյանը։

Նրա պնդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 9-ին կամ 10-ին, եւ տիկին Կրիշչյանի կողմից հարվածներ ստանալուց հետո նա դիմել է Կենտրոն համայնքի ՆԳ բաժանմունք։ Այնտեղ թեպետ հետքը տեսել են, սակայն, ըստ տիկին Փախյանի, մարմնական վնասվածք չեն համարել եւ համոզել են դիմումը հետ վերցնել։ «Մեզ համոզեցին, երեւի մեր սխալն էր դա, եւ դիմումը հետ վերցրինք, որովհետեւ քննիչ Կարապետ Կապրիելյանն ասաց, որ նրանց կողմից էլ է եղել դիմում եւ անիմաստ է պայքարել։ Ուրիշ բաներ էլ ասացին, որ նրանց թիկունքին ուրիշ մարդիկ են կանգնած, որ իբրեւ Խոսրով Հարությունյանի թոռնիկը եւ Սերժ Սարգսյանի զարմիկը այդ դպրոցում են սովորում»,- հայտնեց տիկին Փախյանը, որի խոսքին միանում էին նաեւ մյուս ուսուցիչները։

Նրանք հայտնեցին, որ իբր «Ուրախության դպրոցի» կոլեկտիվը գողացել է դպրոցի վանդակաճաղերը, խողովակները, ապակիները։ Մի խոսքով, դպրոցի ուսուցիչների պնդմամբ, «Ուրախության դպրոցի» կոլեկտիվը դպրոցի գույքով եւ միջոցներով վերանորոգել է «Ուրախության դպրոցը»։ «Մինչեւ այսօր պայմանագիր կապված չէ, մենք շատ կտրուկ դրեցինք այս հարցը մեր տնօրենի առաջ երկու օր առաջ կայացած արհկոմի նիստում, եւ նա հայտնեց, որ պայմանագիր կապված չէ։ Մենք էլ ե՛ւ զայրանում ենք, ե՛ւ զարմանում ենք, թե ինչի հիման վրա է այդ դպրոցը ներխուժել մեր դպրոց»,- նշեց դպրոցի արհկոմի նախագահ Սեդա Հովակիմյանը։ Հետո շարունակեց .«Մեկ ամիս առաջ մեզ մոտ եկավ Կենտրոն համայնքի կրթության բաժնի պետի տեղակալ Սուրեն Հովհաննիսյանը եւ հայտարարեց, որ պայմանագիրը կա, եւ ըստ դրա, «Ուրախության դպրոցը» մուծել է 5000 դոլար քաղաքապետարանին եւ ոչ թե ՆարևԴոսի անվան դպրոցին»։

«Ուրախության դպրոցի» կոնկրետ տուժածներից էր նաեւ դպրոցի զինղեկ Ռազմիկ Անտոնյանը, որի զինվորական կաբինետը տեղափոխելու պատճառով բավական չէ, որ բոլորից շատ էր տուժել, դեռ քանիցս էլ ենթարկվել է «Ուրախության դպրոցի» տնօրենի եւ ուսմասվարի հայհոյանքների տարափին։ Այն աստիճան հայհոյանքների, որ պատերազմ տեսած փոխգնդապետն անհարմար էր զգում կրկնել։
Նար-Դոսի անվան դպրոցի կոլեկտիվը բազմիցս դիմել է քաղաքապետարանի կրթության վարչություն եւ «խոստումներից բացի, ուրիշ ոչինչ չի արվել»։ Զինղեկ Ռ. Անտոնյանը նույնիսկ նամակով դիմել է պաշտպանության նախարարին եւ մնացել անպատասխան, իսկ մանկավարժական կոլեկտիվը փորձել է նոյեմբերին արժանանալ նախկին վարչապետի ընդունելությանը, սակայն նրանց ընդունել է կառավարությունում կրթության հարցերով պատասխանատուն եւ դարձյալ «սայլը տեղից չի շարժվել»։ Այս անգամ դպրոցի հույսը մնացել է միայն մամուլը։

ԱՍՏՂԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930