ՀՀ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների նախարար Վահրամ Ավանեսյանը «ՀՀ» թերթի երեկվա մի հարցազրույցում «Առավոտին» մեղադրել է կեղծարարության մեջ։ Մասնավորապես ասել է. «Մի օրինակ բերեմ»։ Ու բերել է՝ չկարողանալով «Առավոտից» ճիշտ արտագրել թվերը, իր սխալ արտագրածը համարելով կեղծիք ու իր կեղծիքը վերագրելով «Առավոտին»։ Առավոտում գրված է. «1997-ին նրա («Պեռնո Ռիկարի»- Վ. Դ.) շրջանառու միջոցները կազմել են 2 մլրդ 799 մլն դոլար» («Առավոտ», 13 հունիսի)։ «ՀՀ»-ում Վահրամ Ավանեսյանն ասում է, որ «Առավոտում» գրված է՝ «ընկերության շրջանառու միջոցները 1997-ին կազմել են 2 մլրդ 779 հազար դոլար» («ՀՀ», 18 հունիսի)։
Տարբերությունը մի բան չի՝ ընդամենը 20 մլն դոլար։ Ընդ որում, նկատի ունեցեք՝ թվերի վրիպակ չկա։ Շարունակելով իր խոսքը՝ նախարարն սպառնում է. «եթե սրա հեղինակը կապացուցի, որ ընկերության շրջանառու միջոցները կազմել են այդքան, ես ոչ միայն պատրաստ եմ ներողություն խնդրել, այլեւ պատրաստ եմ հրաժարական տալ»։ Հարցազրույցի «այս մասով» պրն Ավանեսյանը ոչ ներողություն պիտի խնդրի, ոչ էլ հրաժարական պիտի տա, քանզի «Առավոտում» մի անճշտություն, իրոք, թույլ է տրվել. «շրջանառու միջոցների» փոխարեն պետք է լիներ «դրամաշրջանառություն»։ Այ, եթե պրն Ավանեսյանն ասի նաեւ, թե «Պեռնո Ռիկարի» դրամաշրջանառությունն էլ մեր նշած թվի հետ կապ չունի, այդ դեպքում կամ բազմաչարչար «Ֆայնենշըլ թայմսը» ներողություն կխնդրի Վահրամ Ավանեսյանից, կամ Վահրամ Ավանեսյանը ներողություն կխնդրի «Առավոտից» ու հրաժարական կտա։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ