Ըստ որոշ տեղեկությունների, երկարատեւ ու հոգեմաշ սպասումից հետո մոտ օրերս նախագահին առընթեր վերահսկողական ծառայության ղեկավար կնշանակվի, այնուամենայնիվ, ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանը։
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ
Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, Հայաստանում հավատարմագրված արեւմտյան դիվանագետների շրջանակներում խիստ դժգոհություն է առաջացել կոնյակի գործարանի վաճառքին նվիրված «Հանրապետություն» խմբակցության հայտարարությունից։ Մասնավոր զրույցում այդ դիվանագետները տարակուսանք հայտնեցին առ այն, որ Հայաստանի խորհրդարանում իր ազդեցությամբ երկրորդ խմբակցությունը դիմում է արտասահմանյան մասնավոր ֆիրմային գրեթե սպառնալից արտահայտություններով։ Դիվանագետներից մեկն «Առավոտի» թղթակցին հայտնեց, որ նման հայտարարությունների հիման վրա իրենք հետեւություններ են անում Հայաստանում ինվեստիցիոն մթնոլորտի վերաբերյալ եւ համապատասխան զեկույցներ ուղարկում իրենց կառավարություններին։
ՓՈՂԸ ՓՈ՞Ղ Է ԲԵՐՈՒՄ
Կարդացեք նաև
Առաջիկա 6 ամիսներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջիկա 6 ամիսներին նախատեսվող ուղեւորությունների միայն ճանապարհածախսը 250 հազար ամերիկյան դոլար է։ Այս թվի մեջ չեն մտնում հյուրանոցային եւ ուղեկցող խմբի համար նախատեսված ծախսերը։
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ ԵՎ ԴՈԼԱՐՆԵՐ
ՀՀ գիտության եւ կրթության նախարարությանը մերձ շրջանակներից ստացված տեղեկատվության համաձայն, գալիք ուստարվա համար կա 1343 ուսուցչի պահանջ։ Դրանցից 182-ը՝ հայոց լեզվի եւ գրականության գծով։ Ասենք նաեւ, որ միայն այբբենարանի տպագրության համար նախարարությունը 112 հազար դոլարի կարիք ունի։